Քո տված փողը կուտվի՞․․․

Քո տված փողը կուտվի՞․․․

Լրատվության մեջ շատ է օգտագործվում սինխրոն բառը՝ Հայաստանի ու Ադրբեջանի համադրմամբ,  որը նշանակում է համաժամ, համաժամանակյա։ Այսինքն Հայաստանն ու Ադրբեջանը գործում են համաժամանակ, միաժամանակ, փոխկապակցված, իրար լրացնելով։ Օրինակ, սինխրոն մեքենայի պտտման հաճախականությունը խիստ հաստատուն կերպով կապված է մագնիսական դաշտի պտտման հաճախականության կամ ցանցի հաճախականության հետ։ Նիկոլ Փաշինյանն այդ սինխրոն փոփոխական հոսանքով աշխատող  էլեկտրական եռաֆազ մեքենան է, որը կապված  ցանցի հետ։  Ու ինչքան ցանցի հաճախականությունը մեծ է, մեքենան ավելի «կատաղի է աշխատում»։ Մենք դրա վկայություններն ամեն օր ենք տեսնում։ Ցանցի հաճախականության հետ մեքենան արագացնում կամ ժամանակավոր  դանդաղեցնում է իր աշխատանքը։ Եվ հույս ունենալ, որ մեքենան կարող է չաշխատել կամ ի օգուտ մեզ աշխատել, պրիմիտիվ, սին պատրանք է, մեքենան չի կարող աշխատել ցանցից դուրս։ Կարծում եմ միմյանց հասկացանք։

Այս ֆոնի վրա, եթե նկատի ունենանք, որ մեքենայի փոխարեն մարդ է աշխատում, որը բարոյական ամենատարրական արժեքներից մի նշույլ անգամ անհնարին է  չունենա, հույս կար, որ անգամ սինխրոն աշխատելու դեպքում ՀՀ կամ Արցախի քաղաքացիներին նսեմացնելու փորձեր Հայաստանում չեն արվի։  Բանից պարզվում է՝ այդպես չէ։ Ուշադիր հետևում ենք Ադրբեջանի դրսևորած բարոյական նվաստացումը Արցախի նախագահների, գեներալների,  հերոսների, քաղաքացիների հանդեպ ու մտորում․ Ադրբեջա՞նն է ավելի ստորացնում Արցախի պաշտոնյաներին ու հերոսներին, ՀՀ քաղաքացիներին, թե՞ Հայաստանը։ Թվում է՝ ամեն ինչ սինխրոն գնում է, բայց ես կասեմ, որ Հայաստանում ՀՀ քաղաքացին, պաշտոնյան ավելի է ստորացվում, քան Ադրբեջանում։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանը թշնամի երկիր է ու կարելի է դա նրանից սպասել։  Այսօր մի տեսակ փոքրացած ու ավելի քան ստորացված տեսա Արցախը, նրա պետականությունը,  երբ կարդացի  Խոսնակ լրատվականի այս տեղեկատվությունը․
«Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը ևս ստացել է ՀՀ կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին տրամադրվելիք 100 հազար դրամ միանվագ աջակցությունը:

Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարությունից և հավելել, որ, որպես բռնի տեղահանվածներ, ԼՂ նախկին մյուս պաշտոնյաները ևս ստացել են վերոնշյալ աջակցությունը։

Առաջին հայացքից ուզում ես ասել՝ քո տված փողը կուտվի՞։ Բայց սա այն պատասխանը չէ։ Սա ծաղր է ոչ թե Շահրամանյանի, այլ Արցախի պետականության հանդեպ։ Ու նման ծաղրի, նվաստացման դեպքում առավել քան զարմանալի է լսել Փաշինյանից, որ Շահրամանյանն է լուծարել Արցախը։ Եթե նրան դիտում է որպես սովորական մի տեղահանված քաղաքացի, որին ոչ իր գրպանից տրամադրել է 100 հազար դրամ,  և դա կառավարության մակարդակով բարձրաձայնում է, սրանից ավելի մեծ նվաստացում չի կարող լինել Արցախի, Արցախի պետականության, պետական կառույցների նկատմամբ։ Սրանից ավելի ի՞նչ փաստ է պետք, որ մեզ հուշի, թե Արցախը ով է լուծարել ու ինչպես է ավարտում լուծարումը։