Սոչիում մեկնարկել է Պուտին-Ալիեւ առանձնազրույցը

Սոչիում մեկնարկել է Պուտին-Ալիեւ առանձնազրույցը

Մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Այնուհետեւ տեղի է ունենալու եռակողմ հանդիպում, որից հետո արդեն նախատեսված է Պուտինի հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ։

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը զարգանում է բավականին հաջող կերպով։ Պուտինը նշել է, որ ընթացիկ տարվա ինը ամիսների ընթացքում ռուս-ադրբեջանական առեւտրաշրջանառությունը, չնայած պանդեմիական խնդիրներին, ավելացել է 11 տոկոսով։ Ինը հարյուր ռուսական ձեռնարկություն է աշխատում Ադրբեջանում, ներդրումների ծավալը գերազանցում է 4,5 միլիարդ դոլարը։ Պուտինը երախտագիություն է հայտնել Ալիեւին՝ Ադրբեջանում ռուսաց լեզվի հանդեպ ունեցած վերաբերմունքի համար։ Ադրբեջանում կան ավելի քան երեք հարյուր ռուսական դպրոցներ։ Պուտինը նկատել է, որ ռուսաց լեզվի հանդեպ հոգատար վերաբերմունքը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է բազմակողմ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ։

Պուտինն անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան կարգավորմանը։ «Ինչ վերաբերում է Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, կքննարկենք այդ հարցը եռակողմ հանդիպմանը. մեզ շուտով կմիանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Պուտինն՝ ընդգծելով ռուս խաղաղապահների ակտիվ դերակատարությունը և ռուս-թուրքական կենտրոնի գործունեությունը:

«Ցավոք, կան խնդիրներ, միջադեպեր են տեղի ունենում, ցավոք մինչ օրս չի հաջողվում խուսափել զոհերից: Դրա համար էլ հավաքվել ենք, որպեսզի տեսնենք, թե ինչ է արվել և ինչ է պետք անել, որպեսզի ոչ միայն նման ոչինչ ի հայտ չգա, այլ ընդհակառակը, ստեղծել պայմաններ իրավիճակի հանդարտեցման և տարածաշրջանում զարգացման համար, այնպես, որ թույլ կտա մարդկանց հանգիստ ապրել, իսկ երկրներին՝ զարգանալ»,- ասել է Պուտինը: