Մենք փոխըմբռնում ունեինք՝ Բաքուն հրաժարվում է պայմանավորվածություններից

Մենք փոխըմբռնում ունեինք՝ Բաքուն հրաժարվում է պայմանավորվածություններից

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օրերս ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիեւի հայտարարությունն անակնկալ է եղել ՀՀ իշխանությունների համար։ Նշենք, որ դեկտեմբերի 1-ին Մոսկվայում կայացել էր տրանսպորտային ապաշրջափակման հարցերով ձեւավորված եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը՝ 3 երկրների փոխվարչապետների մասնակցությամբ, որը, մեր տեղեկություններով, Մհեր Գրիգորյանը կիսատ է թողել եւ վերադարձել Հայաստան, քանի որ Ադրբեջանի ներկայացուցիչն անսպասելի պայմաններ է առաջադրել, որոնք չեն բխում նոյեմբերի 26-ին Սոչիում Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպման պայմանավորվածություններից։

Հիշեցնենք․ Սոչիում հանդիպումից հետո մեր իշխանությունները հայտարարել էին, որ միջանցքի մասին որեւէ հարց չի քննարկվել, քննարկվել է ճանապարհների ապաշրջափակման հարց։ Մհեր Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում վերահաստատել էր, որ միջանցք չի լինելու։ Մինչդեռ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 6-ին Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ դարձյալ խոսել էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին՝ Հայաստանի իշխանություններից հեռակա պահանջելով դրա իրագործման հստակ ամսաթիվ նշել։ Այսինքն՝ մի կողմից բանակցում են տրանսպորտային ապաշրջափակման եւ Ադրբեջանին Նախիջեւան հասնելու համար ճանապարհ տրամադրելու մասին, բայց ոչ երբեք՝ «միջանցքային տրամաբանությամբ», ինչպես պնդում են Հայաստանի իշխանությունները, մյուս կողմից Ադրբեջանը պահանջում է միջանցքի տրամադրման հստակ օր ու ժամ նշել։

Ու թերեւս դրանով է պայմանավորված, որ երկու օր է՝ Ադրբեջանը սադրանքներ է հրահրում Հայաստանի սահմանների ուղղությամբ՝ Գեղարքունիքի հատվածում, ինչի հետեւանքով, ցավոք սրտի, դարձյալ ունենք զոհ՝ 19-ամյա պայմանագրային զինծառայող, եւ վիրավորներ։ Կարելի է ենթադրել, որ ուժով կամ պատերազմի վերսկսման սպառնալիքով է Ադրբեջանը փորձում հասնել «Զանգեզուրի միջանցքի» տրամադրմանը, ինչից խուսափում է Հայաստանը։

Երեկ Մհեր Գրիգորյանն այս թեմայով մեզ ասաց հետեւյալը․ «Իսկապես, պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունը մեզ համար անսպասելի էր։ Աշխատանքային խմբի բոլոր հանդիպումները մինչ այժմ անցել են կառուցողական երկխոսության ձեւաչափով, եւ մենք հույս ունեինք, որ աշխատանքը կշարունակվի այն հիմնարար սկզբունքների շրջանակներում, որոնք ամրագրված են երեք երկրների ղեկավարների հայտարարություններում, ինչպես նաեւ համաձայնեցված են փոխվարչապետների աշխատանքային խմբի հարթակում մինչ օրս տեղի ունեցած հանդիպումների եւ քննարկումների ընթացքում։ Իմ գնահատականներով՝ մենք փոխըմբռնում ունեինք երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման եւ ապաշրջափակման վերաբերյալ։ Կար նաեւ ըմբռնում, որ այս հարթակում քննարկվող ճանապարհների եւ ուղիների նկատմամբ ինքնիշխանությունը կպահպանեն այն երկրները, որոնց տարածքով դրանք անցնելու են, եւ այդ ճանապարհներն ու ուղիներն իրենց հերթին կլինեն այն երկրի իրավազորության ներքո, որով դրանք անցնում են»։

Մհեր Գրիգորյանը հավելեց, որ մնացած մասով կան առանձին հարցեր, որոնց վերաբերյալ լրացուցիչ քննարկումների կարիք կա։ «Հուսով եմ, որ մենք կշարունակենք աշխատել այն հիմնարար սկզբունքների շրջանակներում, որոնք արդեն համաձայնեցված են»,- մեզ փոխանցեց Մհեր Գրիգորյանը։ Այլ մեկնաբանություն նա չտվեց, թե ինչ են պատրաստվում անել, եւ արդյոք Ադրբեջանը շանտաժի միջոցո՞վ է փորձում հասնել իր ասած այդ «Զանգեզուրի միջանցքին»՝ սադրանքներ հրահրելով Հայաստանի սահմանին։

Մի բան ակնհայտ է․ ՀՀ իշխանություններն ամեն գնով փորձում են մանեւրել Ադրբեջանի հետ բանակցություններում, հատկապես ցավոտ հարցերում, իսկ Ադրբեջանը, իրեն հատուկ ոճով, պարբերաբար խախտում է պայմանավորվածությունները՝ անտեսելով նաեւ Ռուսաստանի գործոնն ու արհամարհելով Պուտինի միջնորդական ջանքերը։ Սրանք թերեւս ազդակ պետք է լինեն նախեւառաջ հենց ՌԴ-ի համար, որ Ադրբեջանը շրջանցում է Ռուսաստանին՝ փորձելով սեփական խաղը խաղալ՝ առանց միջնորդների, եւ տապալելով բանակցային պրոցեսն անգամ ապաշրջափակման հարցերում։ Նիկոլ Փաշինյանի ուժն ու խորամանկությունն էլ, փաստորեն, միայն Հայաստանի ներսում պատում է ընդդիմադիրների վրա եւ հանրությանը տարատեսակ ստերով ու մանիպուլյացիաներով կերակրելու հարցում։ Իսկ Ադրբեջանի հետ բանակցություններում նույն խաղը խաղալը ստացվում է «սատանի մայլեն քյանդրբազություն» անել, որի հետեւանքները լինում են պարբերական դարձած կրակոցներն ու անմեղ զոհերը։