Պապիկյանի՝ «Ծովակալ Իսակով»-ի անվան մեդալով պարգևատրված ազգականը՝ Գյումրու փոխքաղաքապետ

 Պապիկյանի՝ «Ծովակալ Իսակով»-ի անվան մեդալով պարգևատրված ազգականը՝ Գյումրու փոխքաղաքապետ

«Բալասանյան դաշինք» եւ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ստորագրած հուշագրով պայմանավորվածություն ձեռք բերվեց Գյումրու համայնքապետարանում մի շարք առանցքային պաշտոններ զիջել ՔՊ-ին: Հուշագրի ստորագրման օրը հայտարարվեց, թե նոյեմբերի 1-ին՝ նորընտիր ավագանու առաջին նիստին, կհրապարակվեն նաև փոխքաղաքապետերի անունները, որոնք, նույնպես ՔՊ-ից են լինելու: Սակայն միայն այսօր՝ ավագանու արտահերթ նիստին ընտրվեցին Գյումրու երկու փոխքաղաքապետերը:

Ավելի վաղ մենք անդրադարձել էինք իշխող կուսակցության փոխքաղաքապետերի թեկնածուներին՝ գրելով, որ այդ պաշտոններին հավակնում են արդեն իսկ  Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ազգականը՝ ՔՊ-ական ավագանու անդամ Արթուր Պապիկյանը եւ ՔՊ ցուցակի երկրորդ համարի ներկայացուցիչ  Արման Բաղդասարյանը:

Վերջինիս՝ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվելու մասին խոսակցություններն առավել ինտենսիվ դարձան, երբ քույրը՝ Նազելի Բաղդասարյանը, օրերս նշանակվեց Շիրակի մարզպետ: Մինչդեռ մեզ հասած տեղեկություններով՝ իշխանական կուսակցության ներսում  նրա մարզպետ նշանակվելուց հետո տեսակետ է փոխվել ․ միանգամից քրոջը մարզպետ, եղբորն էլ փոխքաղաքապետ դարձնելը աչք է զարնելու, գյումրեցիների համար այն շահարկման թեմա է դառնալու:

Մեր տեղեկություններով, ՔՊ-ի ներսում բուռն քննարկում էին, թե ովքեր են փոխքաղաքապետերի հավանական թեկնածուները: Ինչպես կանխատեսելի էր, այսօր Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ նշանակվեց 40-ամյա  Արթուր Պապիկյանը, որի կենսագրությունը ՔՊ-ականները բավականին հարուստ ներկայացրեցին, հատուկ ընդգծեցին հատկապես ռազմական ոլորտում ունեցած հաջողությունները:   Նա 2002-2021 թվականներին աշխատել է Պաշտպանության նախարարության Գյումրու ռազմական ավիացիայում, եղել է բարեխիղճ աշխատող, պարգևատրվել բազմաթիվ շնորհակալագրերով, պատվոգրերով, ստացել է «Ծովակալ Իսակով»-ի անվան մեդալ։ Երկրորդ փոխքաղաքապետ նշանակվեց ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը, որն ավագանու անդամ չէր սակայն ՏԻՄ օրենքով  թույլատրվում էր նրա նշանակումը ։