Նոր հարթակ, որտեղ փակ քննարկումներ կկազմակերպվեն

Նոր հարթակ, որտեղ փակ քննարկումներ կկազմակերպվեն

Ինչպես քաղաքական դաշտում, այնպես էլ քաղաքագիտական շրջանակներում վերջին ամիսներին վերադասավորումների գործընթաց է տեղի ունենում՝ հին կուսակցությունները փորձում են թարմացնել ղեկավար կազմը, նորերն են ստեղծվում։ Նույնկերպ էլ փորձագետ-քաղաքագետների հին պլեադան կամաց վերակազմակերպվում է կամ նոր սերնդի ներկայացուցիչներով է համալրում իր շարքերը։ Մենք տեղեկություն ստացանք, որ նոր ակումբ-քննարկումների հարթակ է ձեւավորվում։ Այս հարթակում կտեսնենք հին դեմքերի, բայց նորերն էլ կհայտնվեն։ Հարթակի գաղափարը ծագել է, եւ այն կոորդինացնելու է մեր քաղաքական դաշտի հնաբնակներից մեկը՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։ Ակումբում ներգրավվելու հրավեր են ստացել քաղաքագետներ Երվանդ Բոզոյանն ու Անդրանիկ Թեւանյանը, Ստեփան Դանիելյանն ու Դավիթ Շահնազարյանը, Աղվան Վարդանյանն ու Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը եւ ուրիշներ։ 

Սրանք այն մարդիկ են, որոնք կուսակցական ակտիվ պրոցեսների մեջ չեն եւ կարող են նաեւ նոր քաղաքական ուժի անդամակցել, եթե այդ գաղափարը եւս հասունանա։ Իսկ առայժմ նրանք պատրաստվում են տարբեր թեմաների շուրջ քննարկումներ կազմակերպել եւ ազատ արտահայտվելու հարթակ ձեւավորել։ Մեզ հետ զրույցում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հաստատեց լուրը՝ ճշգրտելով, որ սա դեռեւս գաղափար է, եւ որ գաղափարի հեղինակը ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն է։ «Շարժման մասին խոսք անգամ չկա, խոսքը հարթակի մասին է՝ իդեայի, որը քննարկում ենք»,- ասում է Բոզոյանը։ Գոնե այս պահին պարզ է, որ հարթակը պետք է լինի 2-րդ Հանրային խորհրդի նման մի բան, որում ընդգրկված փորձագիտական-վերլուծական շրջանակները պետք է շատ ազատ՝ առանց մամուլի ներկայացուցիչներից կաշկանդման, քննարկեն տարբեր ներքին, արտաքին քաղաքական մարտահրավերներ ու հիմնախնդիրներ։

Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է Վազգեն Մանուկյանի եւ իրենց մոտիվացիան։ Երվանդ Բոզոյանն ասում է․ «Զուտ հարթակի խնդիր։ Երբ տարբեր մարդիկ՝ տարբեր տեղերից, տարբեր մոտեցումներով, քննարկում են բաներ, նախ, կոնկրետ խնդիրներն ավելի լավ են սկսում հասկանալ, եւ այդ քննարկման արդյունքում խնդիրը կարող է շատ լավ բացվել։ Տեսեք՝ ինչ խնդիր էլ որ քննարկվի մեր հասարակության մեջ, մամուլի ներկայությունը միշտ զսպում է։ Մամուլի ներկայությամբ մարդը չի կարող շատ անկեղծ լինել եւ միշտ էլ հաշվի է առնում պոպուլիստական կողմը»։ Երվանդ Բոզոյանի մեկնաբանությամբ, այնուամենայնիվ, պալատում նշանակովի մարդիկ են։ Արդյոք հարթակը լինելո՞ւ է ընդդիմադիր կամ նման խնդիր է ձեւակերպել։ Քաղաքագետն ի պատասխան ասում է՝ ոչ, ճիշտ հակառակը, այն նրա համար է, որպեսզի տարբեր հայացքների տեր մարդիկ կարողանան իրար լսել։