Արամ Ա-ն հանդիպել է Սիրիայում գտնվող հայկական հումանիտար խմբի հետ

Արամ Ա-ն հանդիպել է Սիրիայում գտնվող հայկական հումանիտար խմբի հետ

Ինչպես հայտնի է, կիրակի՝ մարտի 31-ին, վերաօծումը կատարվեց Սիրիայի Հալեպ քաղաքի Սրբոց Քառասնից մանկանց եկեղեցու, որից հետո Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հանդիպում է ունեցել նաեւ տեղի պետական, քաղաքական, ռազմական եւ կրոնական ղեկավարների հետ։

Ինչպես հայտնում է Բերիո Հայոց թեմի պաշտոնական kantsasar.com պարբերականը, մինչ Անթիլիաս վերադառնալը, Արամ Ա-ն հանդիպել է նաեւ Հալեպում գտնվող մարդասիրական խմբին, քաջալերանքի եւ զորակցության խոսքեր ուղղել հայաստանցի մասնագետներին։

Նորին Սրբությունը շեշտել է, որ Սիրիայում հայաստանցի մասնագետների ներկայությունը Հայաստանի ներկայությունն է եւ այդ ներկայությունը վճռական ազդակ է սիրիացի ժողովրդին, լինի քրիստոնյա կամ իսլամ, որ հայ ժողովուրդը արդարություն, խաղաղություն եւ մարդասիրություն տարածող ժողովուրդ է։ Արամ Ա-ն իր խոսքում նկատել է, որ սա նաեւ երախտագիտության նշան է, քանզի Հայոց Ցեղասպանության օրերին հազարավոր հայերի համար Սիրիան դարձավ հյուրընկալ վայր ու ապաստարան։