Էնթոնի Բլինքենը միակ սթափ հրեա՞ն է ասպարեզում 

Էնթոնի Բլինքենը միակ սթափ հրեա՞ն է ասպարեզում 

Այսօր լրանում է երկու շաբաթ հոկտեմբերի 7-ին HAMAS-ի կողմից իսրայելական բնակավայրերի վրա իրականացված հարձակման եւ դրան հետեւած ռազմական գործողությունների բռնկումից։ Հոկտեմբերի 7-ից մեկ շաբաթ անց, շատերը կհիշեն, թե ինչպես էր Իսրայելի վարչապետ Բիբի Նաթանյահուն գնացել Գազայի հետ սահմանագիծ՝ զորակոչված պահեստազորայիններին էր քաջալերում, հավատացնում էր, թե  շուտով ներխուժելու են Գազա, HAMAS-ի գրոհայիններին են ոչնչացնելու, HAMAS-ն են արմատախիլ անելու․․․ Նաթանյահուն ուղիղ հայտարարում էր թե ցամաքային գործողությունը մոտ է։ 

Միեւնույն ժամանակ Մերձավոր Արեւելքի մայրաքաղաքներում շրջագայում էր Իրանի ԱԳ նախարարը, որը նույնպես հայտարարում էր, որ եթե Zionist entity-ն (իրանյան իշխանությունները Իսրայել անվանում չեն օգտագործում, նրանք Իսրայելը կոչում են Zionist entity` Սիոնիստական կազմակերպություն) Գազայի հրթիռակոծությունները եւ պաղեստինցիների զանգվածային սպանդը մի քանի ժամում չդադարեցնի՝ ապա հակահարված կստանա մի քանի ճակատներից։ Հոկտեմբերի 14-15-ին իսկապես թվում էր Իսրայելի ցամաքային ներխուժումը Գազայի գոտի ժամերի հարց է, առավելագույնը մեկ-երկու օրվա։ Հակաիսրայելական ճամբարից էլ չէին թաքցնում, որ եթե Իսրայելը ցամաքային ներխուժման անցնի ապա դրան ի պատասխան ժամերի տարբերությամբ Իսրայելի դեմ երկրորդ ճակատ կբացի Հեզբոլլահը։ Իսկ Իրանի ԱԳ նախարարը խոստանում էր, որ ոչ միայն Լիբանանի հարավում Հեզբոլլահը ռազմական գործողությունների կանցնի՝ ի պաշտպանություն HAMAS-ի, այլ մի քանի ճակատներում Դիմադրություն առանցքը կազմող ուժերը դա կանեն։ 

Դիմադրության առանցք կոչվածը շիա մահմեդականների այն զորաջոկատներն են, որոնք երկու տասնամյակի ընթացքում Իրանի սահմանի ողջ պարագծով հաջողությամբ կազմավորել եւ շարժման մեջ էր դրել Իրանի լեգենդար գեներալ, «Հեղափոխության պահապանների գնդի» al-Quds ուժերի հրամանատար Քասեմ Սոլեյմանին։ Դիմադրության առանցքի օղակներից են Հեզբոլլահի գրեթե բանակը Լիբանանում, շիաների զորաջոկատները Սիրիայում, հութիները Եմենում, արաբ շիաները Իրաքում, տաջիկ ու հազարի զինյալները Աֆղանստանում եւ այդպես շարունակ՝ չմոռանալով իհարկե այս պահին առաջնաբեմ եկած Իրանի համագործակցությունը սունիի արաբների հետ Գազայում եւ Պաղեստինի ինքնավարությունում։ Առհասարակ ասում են, որ Իրանում, իսլամական հեղափոխությանը հետեւած Իրան-Իրաքյան պատերազմից հետո, Իրանի Հեղափոխության Պահապանների գունդն է մշակել ասիմետրիկ պատերազմի դոկտրինը, որի իմաստը Թեհրանից կառավարվող պարտիզանական զորախմբերի ձեւավորումն է հարեւան երկրների տարածքում, որպեսզի գործնականում Իրանի դեմ ձեռնարկվող որեւէ պատերազմ մղվի նախ հարեւան երկրների տարածքում, եւ եթե Ալլահի ողորմածությունը լինի՝ հարեւան երկրների տարածքում էլ ավարտվի՝ Իրանին զերծ պահելով ֆիզիկական ավերածություններից։ Գեներալ Քասեմ Սոլեյմանին այդ զորաջոկատները գործնականում ձեւավորել եւ տեղակայել էր։

Այնպես որ երբ անցյալ եւ ընթացիկ շաբաթ ԱՄՆ-ը իր միջուկային ավիակիրները մոտեցրեց Իսրայելի ափերին եւ Հեզբոլլահին, Իրանին ու մյուսներին նախազգուշացնում էր չմիջամտել Իսրայելի եւ HAMAS-ի միջեւ ընթացող պատերազմին, Իրանից վերահսկվող շիաների ուժերն էլ Եմենից մինչեւ Իրաք ԱՄՆ-ին էին նախազգուշացնում, որ տարածաշրջանից հեռու մնա, այլապես իրենց երկրների տարածքում գտնվող ամերիկյան օբյեկտները կհամարեն ռազմական լեգիտիմ թիրախներ ու դրանց դեմ կուղղեն զենքը։ Բոլոր այդ փոխադարձ նախազգուշացումների մեջ կողմերը որքան ձգտում են ուժ ցուցադրել, նույնքան էլ գիտակցում են, որ եթե պատերազմը դառնա ռեգիոնալ կամ Իսրայելն է վերապրելու, կամ էլ Իրանի առաջնորդած Դիմադրության առանցքը։ Այդ երկու ուժերն էլ՝զինվորներից մինչեւ հրամանատարներ, միմյանց ոչնչացնելուց ու արմատախիլ անելուց բացի ուրիշ ոչնչի չեն պատրաստվում։ 

Եվ այստեղ էլ թաղված է շան գլուխը, հատկապես Իսրայելի համար։ Իսրայելում HAMAS-ի հարձակման արդյունքում եղած 1000-1500 զոհը այնպես է ամենքին ցնցել՝ երկրի նախագահից ու կառավարության անդամներից սկսած, որ արդեն երկու շաբաթ հիստերիայից, սպառնալիքներից, Հոլոքոստի հետ զոււգահեռներ տանելուց ու Պաղեստինի 2,000,000 բնակչության հանդեպ վայրագություններ գործադրելուց բացի ուրիշ ոչինչ չեն խոսում կամ անում։ 

Ընդսմին Թել-Ավիվում, մի կողմից աղաղակում են, թե իրենց պատերազմը ահաբեկիչների հետ է, ISIS-ի կարգի ահաբեկիչների, մյուս կողմից Գազային գոտու ամբողջ բնակչության համար են ջուր, սնունդ ու էլեկտրաէներգիայի մատակարարում շրջափակում։ Եթե պայքարը իրոք ահաբեկիչների դեմ է, նույնիսկ ոչ միայն al-Qassam Brigades-ի դեմ, որ HAMAS-ի զինված ջոկատներն են, այլեւ քաղաքական թեւի, որ ղեկավարում է Գազայի գոտին, HAMAS-ի ու նրա հետեւորդների դեմ առհասարակ, ապա միեւնույնն է, բոլոր այդ անձինք միասին  մի քանի տասնյակ հազար հազիվ լինեն, թեկուզ հարյուր հազար։ Մնացյալ շուրջ երկու միլիոն մարդու դեմ Իսրայելը ինչպե՞ս ես կոլեկտիվ պատժի գործողություններ իրականցնում։ Իսկ եթե երկու միլիոն մարդու համար ջուր, սնունդ, էներգակիրներ ու դեղորայքի մատակարարում է արգելափակվում, նշանակում է պատերազմը այդ երկու միլիոն ժողովրդի հետ։ Այդ դեպքում առաջնային է դառնում հարցը, թե որն է Իսրայելի եւ Գազայի երկու միլիոն ժողովրդի հակամարտության ակունքը, որը քաղաքական բնույթ ունի եւ հակա-ահաբեկչական գործողություների ոլորտ չէ։ 

Սակայն որքան էլ Իսրայելը խճճվել է իր որակումների եւ իրականության հակասություններում, ամենից զարմանալին այդ հակասությունը չէ, այլ այն, թե ինչպես է Իսրայելը Գազայում ցամաքային գործողություն իրականացնելու մասին լրջորեն մտածում եւ մի քանի հարյուր հազար պահեստազորային էլ կուտակել է Գազայի սահմանին։ Հարցն այն չէ, թե այդ իսրայեցի զինվորականները Գազայում որքան մարդ կսպանեն կամ որքան շենք կավերեն, այլ այն, թե իսրայելցիներն իրենք որքան կզոհվեն։ Եթե 1000-1500 զոհից Իսրայելում այդ պես ցնցվել են, ապա ցամաքային գործողության ամեն օրը հարյուրավոր զոհեր կբերի։ 
Իսրայելը քանի՞ հազար, տասնյակ հազար զոհի կարող է դիմանալ։ Սա է հարցերի հարցը, որ պետք է իրենց  տան Նաթանյահուն եւ մյուսները Գազա ներխուժելու ռուբիկոնը հատելուց առաջ։ Իսրայելում որքան կդիմանան զանգվածային գերեզմանոցներում չնույնականացված աճյուններ ամփոփելու․․․ Չե՞ն գիտակցում որ երբ հազարավոր զոհերը դառնան տասնյակ հազարավոր զոհեր իրենք ուղղակի հոգեբանորեն կփլուզվեն։ Եթե հիմա են Հոլոքոսթի հետ ասոցացիաներ ունենում, այն ժամանակ ի՞նչ հոգեվիճակում կհայտնվեն։  Իսկ եթեԻսրայելում հաշվարկում են, թե հազարավոր, տասնյակ հազարավոր զոհեր չեն տա, խորապես սխալվում են։ Իրենց հակառակորդները բազում են, սփռված ողջ արաբական աշխարհում ու ոգեշնչված Իսրայելի հետ բախվելու հեռանկարից։ Նրանք այնպես են տենչում իսրայելցիների մահը, ինչպես Իսրայելի իշխանությունը՝ HAMAS-ի։

Ըստ իս, եթե Իսրայելը ներխուժի Գազա ցամաքային հարձակմամբ, պատերազմը կտարածվի ամբողջ տարածաշրջանում եւ այն ավարտելու սպիտակ դրոշը ամեն պարագայում առաջին կբարձրացնի Իսրայելը, ուղղակի որովհետեւ սեփական զոհերի քանակին չի դիմանա։ Գուցե դա էլ բացատրում է, թե ինչու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որ ազգությամբ հրեա է անցյալ շաբաթավերջին չվերադարձավ ԱՄՆ, մնաց տարածաշրջանում, նորից գնաց Իսրայել, հինգ ժամ միայն Իսրայելի կառավարության հետ խորհդակցության էր մասնակցել, տարածաշրջանում մնաց այնքան մինչեւ նախագահ Բայդենը ժամանեց, ողջ այդ ընթացքում երեւի հուսալով, թե Իսրայելի հասարակությանը եւ իշխանությանը պատած աֆֆեկտի վիճակը կանցնի։ 

Անցյալ շաբաթավերջին պատերազմի տարածումը կանխվեց․ ի՞նչ կլինի այս շաբաթավերջին պետք է տեսնել։ Ամեն պարագայում Բլիքնենը, որ կարծես միակ սթափ հրեան է ասպարեզում,  Իսրայելում չէ եւ չի կարող երկրորդ անգամ իր  ներկայությամբ Իսրայելի իշխանությանը ռուբիկոն հատելուց ետ պահել։