ՄԻԵԴ-ը լրիվ ճիշտ է գնահատել իրադարձությունները

ՄԻԵԴ-ը լրիվ ճիշտ է գնահատել իրադարձությունները

Ապրիլի 25-ին  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  հրապարակել է «Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։
Փաստաբան Վահե Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այդ առթիվ արել էր հետեւյալ գրառումը․ «Սույն դիմումը ներկայացվել էր 30/08/2008թ․-ին եւ վերաբերում էր Նախագահ Տեր-Պետրոսյանի՝ 2008թ․-ի նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական շրջանում բողոքի խաղաղ հավաքների իրավունքի խախտմանը, ինչպես նաեւ՝ այդ խախտումների դեմ Հայաստանում արդյունավետ պաշտպանության միջոցների բացակայությանը, իր՝ Ազատության հրապարակում ձերբակալության եւ ազատ տեղաշարժի սահմանափակմանը 2008թ․-ի մարտի 1-ից մինչեւ 20-ը ընկած ժամանակահատվածում, ինչպես նաեւ՝ իր իրավունքների խախտումները քաղաքական հայացքների հիմքով խտրականության դեմ։

Խաղաղ հավաքների իրավունքի մասով․

ՄԻԵԴ-ը մերժել էր Կառավարության բոլոր պնդումներն այն մասին, որ 2008թ․-ի մարտի 1-ի վաղ առավոտյան հավաքն Ազատության հրապարակում խաղաղ չի եղել։ Այն արձանագրել է, որ այդ հավաքի խաղաղ բնույթը հերքող որեւէ ապացույց Կառավարության կողմից ներկայացված չի եղել։ Եւ, հետեւելով Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով զարգացրած իր դիրքորոշմանը, եզրահանգել է, որ խաղաղ հավաքի ցրելը չի ունեցել որեւէ հիմնավորում, պատճառաբանվել է կասկածելի հանգամանքների վկայակոչմամբ, առանց նախապես զգուշացման եւ ուժային միջամտությամբ։ Այս ամենը համարվել է որպես մի միջոց, որին պետությունը չէր կարող դիմել ողջամտության սահմաններում։ Արդյունքում՝ խախտվել է դիմողի խաղաղ հավաքների ազատությունը։

Արդյունավետ պաշտպանության իրավունքի մասով․
ՄԻԵԴ-ն այս մասով նույնպես ճանաչել է իրավունքի խախտում, արձանագրելով, որ դիմողը չի ունեցել իր խաղաղ հավաքների ազատության խախտման դեմ արդյունավետ պաշտպանություն Հայաստանում։

Խտրական վերաբերմունքի մասով․

Խտրականության արգելքի խախտման մասով դիմողի պահանջները ՄԻԵԴ-ն անհրաժեշտ չի համարել քննել, հաշվի առնելով արդեն իսկ հանգած եզրակացությանը խաղաղ հավաքների եւ ազատ տեղաշարժի իրավունքների մասով։

Անձնական ազատության եւ ազատ տեղաշարժի իրավունքի մասով․

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ չնայած դիմողի տնային կալանքի մասին մտահոգիչ եւ արժանահավատ զեկույցներին, այս հարցը ներպետական բողոքարկման առարկա չէր դարձվել եւ Դատարանն իր տնօրինության տակ չի ունեցել բավարար ապացույցներ հաստատապես համոզված լինելու համար, թե արդյոք պետական պահպանության ծառայությունը վերազանցել է իր պարտականությունները եւ արդյոք դիմողի անձնական ազատության եւ ազատ տեղաշարժի իրավունքները խախտվել են»։
ՄԻԵԴ-ի այս վճիռը «կռիվ է գցել» Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների միջեւ, որոնք սոցիալական ցանցերում փորձում են ապացուցել, թե ով է իրենցից ճիշտ, ով է մեղավոր,   եւ ով պետք է պատասխանատվություն կրի Մարտի 1-ի իրադարձությունների ողբերգական ընթացքի համար։ 
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Նորիկ Եղիազարյանին, որը ՄԻԵԴ-ում 2003-2004թթ․ ընդդիմության ակտիվիստներ Արշամ Գալստյանի եւ Գայանե Աշուղյանի գործերով ներկայացրել էր հայցեր ու շահել, խնդրեցինք ներկայացնել, թե իրականում որ կողմի օգտին է ՄԻԵԴ-ը վճիռ կայացրել, որպեսզի այն չենթարկվի տարատեսակ քաղաքական մանիպուլյացիաների։
«Սա այն դեպքերից մեկն է, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը լրիվ ճիշտ է գնահատել իրադարձությունները։ Ես խոսում եմ՝ ելնելով նաեւ այն բանից, որ 2008թ․ փետրվարի 28-ի լույս մարտի 1-ի գիշերը եղել եմ Երեւանի Ազատության հրապարակում եւ ականատես եմ եղել այն վայրագություններին, որոնք կիրառվել են խաղաղ եւ անզեն ժողովրդի նկատմամբ։ Այս առումով ՄԻԵԴ-ը տվել է միանգամայն ճիշտ գնահատականներ։ Այն, ինչ նկարագրված է վճռում, միանգամայն ճիշտ է, քանի որ եղել է խաղաղ հանրահավաք, վրաններում գիշերում էին  նաեւ կանայք ու երեխաներ։ Ճիշտ է նաեւ այն փաստը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին ոչ ոք չէր արգելում իր տնից գալ հրապարակ։ Ավելին ասեմ՝ հաջորդ առավոտյան, երբ մենք տեղափոխվեցինք Մյասնիկյանի արձանի մոտ, մարդիկ նոր-նոր էին սկսվում հավաքվել։ Ես նույնիսկ ձայն տվեցի պատվանդանի վրայից, որ ժողովուրդը հավաքվի, 5000-10000 մարդկանցով գնանք եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին իր տնից ապահով բերենք։ Ոչ ոք չէր արգելել, որ Տեր-Պետրոսյանը գա, պարզապես ասել էին, որ իր անվտանգությունը չեն երաշխավորում։ Մենք՝ 5000-10000 մարդով կերաշխավորեինք նրա անվտանգությունը։ Այդ առումով ՄԻԵԴ վճիռը նույնպես համապատասխանում է իրականությանը»,- մեզ հետ զրույցում նշեց Նորիկ Եղիազարյանը։ 
Իրավաբանի հավաստմամբ՝ ՄԻԵԴ վճիռը համարվում է որպես նոր հանգամանք եւ հիմք է ծառայում տվյալ գործը վերանայելու համար։ 
Հետաքրքրվեցինք, թե ՄԻԵԴ վճիռը ինչ հետեւանք կունենա Ռոբերտ Քոչարյանի գործի քննության  հարցում, եթե նկատի ունենանք, որ նա Մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով գտնվում է անազատության մեջ։
«Ռոբերտ Քոչարյանի գործով այնքան ապացույցներ են ձեռք բերվել, մասնավորապես՝ Մարտի 1-ին նախորդող գիշերվա, ցերեկվա, հաջորդող օրերի իրադարձությունների վերաբերյալ, որ ՄԻԵԴ-ի վճռում չլիներ այդ մասին հիշատակում, որեւէ խնդիր չէր ծագի»,- ասաց Նորիկ Եղիազարյանը։