Ես քայլում եմ ժողովրդի հետ, տեսնում եմ, որ նրանք ուզում են ընդամենը ջուր, լույս հասարակ պայմաններ. Տավրոս Սափեյան

Ես քայլում եմ ժողովրդի հետ, տեսնում եմ, որ նրանք ուզում են ընդամենը ջուր, լույս հասարակ պայմաններ. Տավրոս Սափեյան

ՏԻՄ ընտրությունների գլխացավանքից իշխանությունը չի ազատվում: Բարդ վիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքում, որտեղ դեռ 3 ամիս առաջ պետք է ավագանին ձևավորված լիներ, համայնքային բյուջեն հաստատված, իսկ քաղաքային իշխանությունն էլ գործեր, բայց ընդդիմադիր ավագանու՝ «Զարթոնք» կուսակցության անդամները բացարկ են ներկայացրել, իսկ մյուս կուսակցությունները, որոնք ստացել են մանդատներ` բոյկոտում են ավագանու նիստերն ու չեն մասնակցում, ինչի հետևանքով էլ քվորում չի ապահովվում եւ ՔՊ կուսակցությամբ առաջադրված Տավրոս Սափեյանը չի կարողանում երդվել ու անցնել պարտականությունների կատարմանը: Ստացվում է, որ 3 ամիս է Թալինը և իր կազմում գտնվող 28 շրջանները չունեն քաղաքապետ և ոչ էլ վարչական շրջանի ղեկավարներ: 

Բացարկ ներկայացրած «Զարթոնք»-ի թեկնածու, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մինչև հիմա ավագանու նիստ չի եղել. «Այս պահին քվորում չկա, որպեսզի նիստ գումարվի, այսինքն ավելի ճիշտ իրենք երկու անգամ նիստ են հայտարարել և դրանից հետո չեն էլ փորձում նիստ հայտարարել, և սա ես գիտեմ որ ի վնաս մեր համայնքների է: Էս պահին առանձին-առանձին են համայնքներն աշխատում, կոնկրետ խոշորացված համայնքի գործառույթ չի կատարվում մարզում։ Ղեկավարների փոխարինողներն են կա՛մ տեղեկալները, կա՛մ աշխատակազմի ղեկավարները, բայց որպես այդպիսին ղեկավարներ գոյություն չունեն»,-ասաց Մնացականյանը:

Ըստ ՏԻՄ օրենքի, մեկ  նստաշրջանի ընթացքում եթե երեք ամիս նիստ չի գումարվում, կառավարությունը կարող է նոր ընտրություններ իրականացնել: Ստացվում է, որ Թալինը հունիսին գնալու է նոր ընտրությունների: ՔՊ-ական թեկնածու Տավրոս Սափեյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ պատրաստվում են նոր ընտրությունների, քանի որ մինչև նստաշրջանի ավարտը այլևս նիստ չեն հրավիրելու. «Մեր հարգարժան ավագանիները չուզեցան, որ նիստ գումարվի` 2 անգամ հրավիրեցինք, չմասնակցեցին` բոյկոտեցին դրա համար չի կայացել նիստ և պատրաստվում ենք ընտրության: 2 անգամ հրավիրել ենք` չեն եկել, չեն մասնակցել, էլ հրավիրելու իմաստը ո՞րն է»,-նշում է Սափեյանը:

Սափեյանը վստահ է, որ անցկացվելիք նոր ընտրություններում հաղթանակ են տանելու, իսկ թե որտեղից նման վստահություն, մանրամասնեց. «Մեծ քանակությամբ քվեներ ենք ստանալու, որովհետև այն ժամանակ ես նոր քաղաքական դեմք էի, չէին վստահում, երբ սկսվեց խոսակցություն` թալինցի, սասունցի գավառական մտածելակերպը, որը միտված էր պառակտում մտցնելու համար, ժողովուրդը տեսավ, որ մեր թիմի անդամներից և ոչ մեկը այդ մտածելակերպը չունի, այլ բոլորս էլ ՀՀ քաղաքացի ենք: Տեսան, որ ընդդիմադիր դաշտի մարդիկ մտածում են ոչ թե համայնքի մասին, որպեսզի բարելավեն, գործ անեն, ճիշտ հակառակը՝ իրենց անձի և աթոռի համար էին մտածում: Հիմա գիտեն, որ մենք ցանկանում ենք քաղաքը ծաղկեցնել, իսկ ես վստահ եմ, ես քայլում եմ ժողովրդի հետ, հանդիպումներ ունենում ամեն օր, տեսնում եմ ինչ են ուզում մարդիկ` ընդամենը բարեկեցիկ ապրելու համար ուզում են ջուր, լույս հասարակ պայմաններ, որոնք 30 տարիների ընթացքում չի եղել, ընդդիմադիր ավագանիներից շատերին բախտ է վիճակվել` եղել են պաշտոնների և ժողովրդի համար չեն արել ոչինչ և ժողովուրդն այժմ հասկացել է` ով, ովքեր են ու հետևաբար մեզ են քվե տալու»։ 

Սափեյանից հետաքրքրվեցինք, թե համայնքներում ի՞նչ վիճակ է, ովքե՞ր են ղեկավարում կամ ընդհանրապես ղեկավարներ կա՞ն, թե՞ բարձիթողի վիճակ է. «Վարչական ղեկավարների պաշտոնական լիազորությունների կատարումը տրվել է լիազոր մարմիններին՝ տեղակալներին, աշխատակազմի ղեկավարներին»:

Բայց եթե չկա ավագանի, նիստեր չեն գումարվում, հաստատված համայնքային բյուջե չկա` նշանակում է, որ մարդիկ անգամ աշխատավարձ ստանալու հնարավորություն, ըստ օրենքի, չունեն, բայց այստեղ ևս գտել են «լուծումը» . «Հիմա մենք աշխատում ենք նախկին բյուջեններով, այսինքն` ամեն գյուղ ունեցել է օրինակի համար 800 հազար դրամ բյուջե մենք դրանով ենք աշխատում, բոլոր վարչական ղեկավարների լիազորություններ իրականացնողներն էլ  ստանում են աշխատավարձ, ես ևս վարձատրվում եմ, քանի որ ընտրված համայնքապետ եմ»:

Սափեյանն այնքան վստահ է, իր քաղաքական թիմի՝  ընտրություններում հաղթական տանելու հարցում, որ ժամանակ չկորցնելով՝ 5 սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել Կառավարություն և հաղթանակից հետո, ըստ իրեն, արագորեն կյանքի են կոչելու. «Կառավարությունը հավանություն է տվել մեր ներկայացրած ծրագրերին և Թալին խոշորացված համայնքը նախագծման աշխատանքները դրել է մրցույթի, մրցմանը մասնակցել են` շահել են ընկերություններ, բայց այդ սուբվենցիոն ծրագրերը հաստատելու համար պետք է լինի ավագանու որոշում, որը որ հիմա չկա, մենք էլ մեր քաղաքական թիմով որոշել ենք, որ նախագծումները արվի, ընտրություններից հետո սուբվենցիանները կկատարվի անպայման»:

Թե այս անգամ ինչպես կընթանան ընտրություններն ու ինչ արդյունքներ կգրանցվի և արդյոք ՔՊ-ն` Տավրոս Սափեյանի գլխավորությամբ կկարողանա հաղթել, ցույց կտա ժամանակը: