Նազիկ Ամիրյանն առողջական խնդիրներ ունի

Նազիկ Ամիրյանն առողջական խնդիրներ ունի

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով նիստն այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հետաձգվեց, պատճառն այն էր, որ Ամիրյանն ունի առողջական խնդիրներ եւ չէր կարողացել ներկայանալ նիստին։

Նիստի ավարտին պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտնեց, որ գործով ապացույց համարվող բոլոր փաստաթղթերը ուսումնասիրվել են եւ հիմա դատարանը լսելու է վկաներին։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մահացել է 2020-ի նոյեմբերի 19-ին: Նա մեղադրվում էր ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան մեկ մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նա մեղադրանքը չէր ընդունում: Մանվել Գրիգորյանն անազատության մեջ գտնվեց մեկուկես տարի: 2020 թվականի հունվարի 15-ին խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ: Նա ուներ մի շարք առողջական խնդիրներ: Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու համար։

Նշենք նաեւ, որ պաշտպանական կողմը դիրքորոշում է հայտնել, որ ցանկանում են Գրիգորյանի մասով գործը եւս շարունակվի քննվել, նրանք արդարացման որոշում են ուզում։