Զորիբալայանականությունը ծնեց նիկոլիզմ

Զորիբալայանականությունը ծնեց նիկոլիզմ

Երբ մարդկանց բավականաչափ չես վստահում եւ միայն պրոպագանդիստական մեթոդներով փորձում ես ծառայեցնել այս կամ այն նպատակին, դա միշտ հղի է լուրջ վտանգներով։ Մեր ողջ անկախա-ղարաբաղյան շարժումը եւ դրան հետեւած պրոցեսները թեեւ կառուցված էին պատմական արդարության սկզբունքի վրա, բայց համեմվում էին նաեւ վտանգավոր համեմունքներով, ավելի պարզ ասած՝ ստերով եւ ցնորամտության հասնող չափազանցություններով։

Դրա մեջ, իհարկե, որեւէ անհատի մեղադրելն անմտություն կլինի, եւ հասկանալի է, որ կիրառվել է քարոզչական հնարք եւ բավական հին մեթոդներով՝ անտեսելով մի շարք վտանգներ, որոնք իրենց հետ բերել է նեոգլոբալիստական աշխարհը։ Գուցե 90-ականներին բավարար հիմքեր չկային մտածելու, որ ազգային հողի վրա հորինված միֆերը շատ արագ մերկացվելու են եւ իրենց հետ գերեզման են տանելու նաեւ պատմական արդարացի նկրտումներն ու իրական ազգապահպան գաղափարները, բայց արդեն 2000-ականներին ակնհայտ էր, որ բոլորին վակուումի մեջ պահելն անհնար է դառնում, ուստի հարկավոր էր մարդկանց հետ անկեղծ խոսել եւ ժողովրդի գիտակից ու տեղեկացված լինելը չհամարել խոչընդոտ կամ վտանգ ազգային իղձերի իրականացման ճանապարհին։ Պետք էր գիտակցել՝ քանի որ այդ դժվարին ճանապարհը միասին էինք անցնում եւ դեռ երկար պիտի անցնեինք, պետք է լինեին խաղի ազնիվ կանոններ։

Թե որքանով էր դա արդարացված, որ ճամփորդների մի մասը չգիտակցված կամ ոչ բավարար տեղեկացված պիտի քայլեր առաջնորդների հետեւից, երեւաց ապագայում։ Այդ խոցելիությունը տեսանելի էր բոլոր կողմերի համար՝ բարեկամների, հակառակորդների եւ, իհարկե, թշնամիների, որոնց պակաս հայ ազգը, պատմականորեն, չի զգում։ Հետզհետե ստեղծվեց մի իրավիճակ, որ ղարաբաղյան հարցի ողջ բանակցային գործընթացը վերածվեց պետական գաղտնիքի, իսկ մեր արտաքին քաղաքականությունը՝ ինչ-որ մութ սենյակներում ձեռք բերված գաղտնի պայմանավորվածությունների՝ պատված բազմաթիվ լեգենդներով։ 

Բնականաբար, ազգային գաղափարախոսությունը եւս վերածվեց մի գաղտնի կրոնի կամ ուխտի, որը գրեթե ամբողջությամբ կապվեց՝ համապատասխանեցվեց այլ պետության՝ Ռուսաստանի շահերի հետ։ Սա արտաքին աշխարհի տեսանկյունից տգեղ է, հետեւաբար, արտաքին ասպարեզում մեզ ներկայացնող անձինք չէին կարող լիարժեքորեն ներկայացնել իրենց որդեգրած նպատակները, ինչն անընդհատ խնդիրներ էր ստեղծում երկրի ներսում։

«Դավաճան» բառը մեզանում այսքան սովորական է դարձել հենց այն պատճառով, որ մենք մեզ այնպիսի անկյուն ենք քշել, որ մեր իսկ հնչեցրած ցանկացած բանական խոսք հնչում է որպես ազգային գաղափարների եւ արժեքների նկատմամբ ոտնձգություն, եթե կուզեք՝ դավաճանություն։ Հիշենք, որ միշտ մեր նախագահներին, այս կամ այն շրջանում, անվանել ենք դավաճան, հող ծախող, թշնամի, եւ, իհարկե, դրանում իրենք են մեղավոր՝ իրենց որդեգրած վակուումային գաղափարական քաղաքականությամբ։ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իր թիմը թեեւ այժմ փորձում են իրենց որպես մարգարեներ ու խոհեմ քաղաքական գործիչներ ներկայացնել՝ հիմնվելով նրա հրաժարականի ելույթի եւ էլի մի քանի՝ ազգային տեսանկյունից դավաճանական ելույթների վրա, բայց իրենք էլ, հավանաբար, հասկանում են, որ այդ՝ «դավաճան» բառն ուղղակիորեն դրոշմվում է իրենց ճակատին, եւ դա արդարացի է, քանզի այն, ինչ նրանք սկսեցին խոսել հետագայում, ուղղակիորեն դավաճանություն է իրենց իսկ կողմից ավելի վաղ առաջ քաշված բոլոր սկզբունքների եւ իրականացված քաղաքականության նկատմամբ։ Ոչ մի կերպ չի կարող նորմալ եւ բարոյական համարվել, որ նախ մի ամբողջ ազգի կարելի է հասցնել ցնորվածության մակարդակի էքստազի եւ հետո առանձին ելույթներով փորձել հակառակը քարոզել՝ ազգային կրքերը մեղմացնողի դերում հանդես գալով։ Եվ, իհարկե, կարելի էր սպասել, որ քաղաքական հակառակորդներիդ ընդամենը մեկ բառ է պետք՝ քեզ քաղաքական պրոցեսներից դուրս դնելու համար՝ ռենեգատ։ Այդպիսին է գաղափարախոսությունն առհասարակ, այն չունի, չի կարող ունենալ սեփականատերեր, այլ միայն՝ կրողներ, եթե մեկը ետ է կանգնում գաղափարից, դուրս է մնում այդ ծիրից, եւ ցանկացած ոք կարող է վերցնել ընկած դրոշն ու առաջնորդել միլիոններին։

Կարելի է երկար կառուցածը որոշ ժամանակում քանդել, բայց առաջին նախագահը, կարծում եմ, եւս գիտե, որ դա չի լինում մեկ խոսքով, եթե դա պիտի քանդվեր զգուշորեն եւ ոչ ամբողջապես, ապա պետք է արվեր ժամանակի ընթացքում շատ կոնկրետ կանոններով գաղափարական աշխատանքի միջոցով, ինչը չարվեց։ Ասեմ ավելին․ հազիվ թե Տեր-Պետրոսյանը ցանկանում էր դա անել, նրա գործողությունները եւ խոսքերը շատ ավելի միտված էին մեղքն իր վրայից գցելուն, քան ինչ-որ հարց լուծելուն։ Իսկ հարցերը մնացին, երկրորդ եւ երրորդ նախագահների իշխանավարման տարիներին մեր քաղաքականությունը վերածվեց մի յուրատեսակ կրոնի, եթե կուզեք՝ գաղտնի ուխտի, եւ միայն առանձին ընտրյալների էր այլեւս թույլատրված մեկնաբանել դրա նրբությունները, իսկ շտկումներ մտցնելն անգամ նախագահների համար էր գրեթե անթույլատրելի եւ անհնարին դարձել։ Ստեղծված իրավիճակը նրանով էր վտանգավոր, որ նախագահները ստիպված էին աշխարհին ասել մի բան, իսկ մեզ՝ մեկ այլ բան։ Դրանով հիմնականում Սերժ Սարգսյանն էր աչքի ընկնում՝ հայտնի շախմատիստը, ով այնքան էր իր լարախաղացի կարողությունները զարգացրել, որ վերջում ստիպված էր ոչ միայն շատ բարակած պարանի վրա քայլել, այլ նաեւ ելույթի ժամանակ մի դյուժին օձ պարեցնել եւ դեռ պարանը կտրել փորձողներին էլ ձեռքի փայտով մի կողմ քշել։ Սա չափազանցություն չէ, ու թեեւ այդ պատկերը լիարժեք չի երեւում, բայց երրորդ նախագահի քաղաքական վոյաժների մասին մի ամբողջ դասագիրք կարելի է գրել արեւելյան երկրների համալսարանների ուսանողների համար։

Ստեղծված շատ փխրուն սուբստանցիայի վրա հայտնվեց Նիկոլը, որը մեզանում առկա բոլոր իրողությունները, ազգային արժեքները, իղձերը, գաղափարախոսությունը, նվաճումներն ու ապագայի մասին մեր սյուրռեալիստական պատկերացումները քմծիծաղով մի կողմ հրեց, իսկ իր արարքից զարհուրածներին պատասխանեց նավապետ Բարբոսայի խոսքերով։ Հիշում եք՝ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում ծովահենների նավի վրա հայտնված ազնվական օրիորդը, նավապետ Բարբոսայի հետ խոսելիս հղում արեց ծովահենների կոդեքսին եւ պահանջեց, որ կատարեն իրեն տված խոստումը, իսկ ազատամիտ ծովահենների՝ քաջ եւ անսկզբունք առաջնորդը՝ Բարբոսան, հեգնական տոնով իրավունքի մասին մի կարճ դասախոսություն կարդաց եւ օրիորդին հակիրճ բացատրեց, որ ծովահենների կոդեքսն ամենեւին էլ խիստ օրենքների պարտադիր փաստաթուղթ չէ, այլ բացառապես խորհրդատվական բնույթ է կրում։ Գրեթե նույն հեգնանքով էլ Փաշինյանը ջախջախեց մեր ազգային գաղափարախոսությունը, ինչն իր անիրատեսականությամբ հասցրել էր արդեն ձանձրացնել անգամ մեր բարեկամ երկրներին։

Պողոս Պողոսյան