«Մեզ մոտ ֆորսմաժորային իրավիճակ է»․ Վանաձորը ղեկավարող չկա

«Մեզ մոտ ֆորսմաժորային իրավիճակ է»․ Վանաձորը ղեկավարող չկա

Ավարտվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վանիկ Օհանյանի պաշտոնավարման ժամկետը: Հիմք ընդունելով ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը՝ 06.10.2021 փոփոխություններով, ինչպես նաև 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումը, իրավական առումով Վանիկ Օհանյանը չի կարող պաշտոնավարել որպես Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար: Տեղեկացնում է Վանաձոր համայնքի աշխատակազմը։

Ստացվում է, որ մինչ նորընտիր ավագանու առաջին նիստը, Վանաձոր համայնքը ղեկավարող չկա։ «Այո, մեզ մոտ ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծվում։ Օրենքի բաց է, իրավաբանորեն մենք առանց համայնքապետ ենք մնում։ Նախ Վանիկ Օհանյանը ավագանու անդամ է, բացի այդ՝ այլևս  3 համայնք է միանում Վանաձորին, միայն Վանաձոր քաղաքը չէ, Օհանյանը իրավունք չունի ղեկավարել խոշորացված համայնքը»,- hraparak.am-ին ասաց Վանաձորի համայնքապետարանի Հանրային կապերի եւ լրատվության բաժնի պետ Էդիկ Հովսեփյանը: 

Նրանից հետաքրքրվեցինք, թե երբ է նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում քաղաքապետ կընտրեն։ «Կարծում եմ՝ որքան հնարավոր է շուտ կհրավիրվի ավագանու նիստ, դեռ հստակ չէ, բայց երևի վաղը կամ մյուսը օրը, այդ հարցերով աշխատակազմի քարտուղարն է զբաղվելու» ։ Սակայն ավագանու նիստ հրավիրելու դեպքում էլ  ավագանին օրենսդրական փոփոխություն առաջարկելու լիազորություն չունի, ընդամենը կարող է հետագայում ուղերձ ընդունել։ Մանրամասնեց մեր զրուցակիցը։

Իսկ ավագանին  ում է պատրաստվում համայնքապետ ընտրել՝  առավել ձայներ հավաքած թեկնածուին՝ նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, ով այս պահին ձերբակալված է։ «Ես ավագանու անդամ չեմ, իհարկե, ոչինչ չեմ կարող վստահաբար ասել, բայց եթե անգամ քաղաքապետ էլ ընտրեն, կարծում եմ՝ դեռ ստիպված ենք լինելու որոշ ժամանակ սպասել, ընտրությունից հետո 3 օր հետո երդմնակալության արարողությունն է․․․․, մի խոսքով բացեր դեռ շատ կան»,-ասաց Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը, դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում ամենաշատ թվով ձայներն է ստացել և համայնքի ղեկավար վերընտրվելու հիմնական հավակնորդն է։ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ ձերբակալված է։ 

Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

Երեկ էլ դատարանը մերժեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը։ Կուսակցությունը դատարան էր դիմել` Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու կազմում մանդատներ ունենալու իր իրավունքը պաշտպանելու նպատակով։ «Լուսավոր Հայաստանին» անցողիկ շեմը հաղթահարելու եւ Վանաձորի ավագանիում առնվազն 2 մանդատ ունենալու համար չբավարարեց 0,03 տոկոս։

Հիշեցնենք, որ ընտրությունների նախնական արդյունքներով Վանաձորի ավագանիում 15 մանդատ կունենա «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, 9 մանդատ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», 5 մանդատ՝ ՀԱՍԿ-ը եւ 2-ական մանդատ էլ` «Հայրենիք» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները։