Ալիևին՝ Գառնիի գաթա․․․

Ալիևին՝ Գառնիի գաթա․․․

Երբ ուշի ուշով հետևում ես Փաշինյանի՝ երկրի ղեկը իր ձեռքը վերցրածի հնգամյա   հետագիծը, հասկանում ես, որ այն, ինչ տեղի է ունենում, հենց այնպես տեղի չի ունեցել։ Դա պատահականությունների շղթա չէ, դա ժամանակին համաձայնեցված, ծրագրված, որոշված և ինչ որ մեկի միջոցով կյանքի կոչվելու ծրագիր է եղել։ Ու այդ ինչ որ մեկը պատահական անձնավորություն չէ, այլ պատրաստված, մանիպուլյացիաներում գործարկված, աշխարհաքաղաքական ուղղվածությամբ թիմ ունեցող ու ծրագրին տեղյակ անձ է։ Հնգամյա գործունեության հետագծի մեջ խորանալուց ամեն անգամ մի դետալ եք գտնելու։ Դեն չնետեք այդ դետալները, երբ միացնեք իրար, կհասկանաք, որ դետալների ամբողջությունից է կազմված պատմությունը։ Դրանք մաս- մաս հավաքեք, հետո կտեսնեք, որ այն պատկերի կվերածվի։ Կանադայի պետական դպրոցներում գիտե՞ք ինչպես է ուսուցումը սկսվում։ Առաջին դասարանցուն չեն ծանրաբեռնում։

Օրվա մեջ նրան հանձնարարում են  մի կետ նկարել։ Ծիծաղելի է, չէ՞ թվում։ Մնացած ժամերը ճանաչողություն են աշխարհի, բնության հասարակության երևույթների նկատմամբ։ Ինձ նույնպես ծիծաղելի է թվացել, երբ սանիկս ասում էր, որ այսօր իրենց առաջադրանքը եղել է մի կետ նկարել։ Օրեր շարունակ ասում էր, որ մի կետ են նկարում։ Հետո, երբ ավարտվեց այդ աշխատանքը, փոքրիկը բացատրեց՝ մենք պատկեր ենք ստացել։ Ամեն մեկս մի պատկեր։ Կետերով  կենդանի ենք  ստացել, վարդ, սրտիկ, առարկա, շրջանագիծ։ Հետո՞,- զարմացել էի։ Հետո այն, որ մենք սովորել ենք, որ ամեն ինչ միանգամից չի լինում, օրվա մեջ մի փոքր ներդրումը, քայլը մեզ տանում է ինչ որ բան ստեղծելուն։ Համբերություն պիտի ունենանք ու սպասենք այդ ամբողջությանը։ 

Եթե ուշադիր հետևեք Փաշինյանի յուրաքանչյուր քայլին՝ պետական կառույցները հատ- հատ փոշիացնելու, թուլացնելու, հանրությանը պառակտելու, փոքր չափաբաժիններով տարածքներ հանձնելու գործընթացին, կտեսնենք, որ պատկերն արդեն վերանում է։ Եթե Եվրոպայում կետեր են նկարում, ամբողջական պատկեր ստանալու, Փաշինյանը օրը մի կետ է քանդում, ջնջում, մաքրում, վերացնում։ Մենք նկարում ենք մի քարտեզ, որտեղ մենք չկանք։ Համբերատուր, քայլ- քայլ նրան ուղղորդում են օրական մի կետ փչացնելու «արվեստին»։ 

Այսօր ուզում եմ անդրադառնալ շատ չարչրկված մի դետալի՝ «Հայ ժողովրդի պատմություն» դասագրքին։ Դա մեր պատմությունն է, որին արդեն հասել է Նիկոլ Փաշինյանը։ Դա մենք ենք։ Այսինքն հասել է արդեն վերջին, ավարտին, բայց մենք չենք զգում։ Բոլոր առանցքային կետերը քանդել է, մնացել է, հիշողությունը, պատմությունը վերացնել։ Դա պատահականություն չէ, փնտրեք դետալները։ 2019 թվականին, երբ նոր էր երկրի ղեկը «իրենով արել» ու մարդիկ դեռ հավատում էին իրեն,  հունվարի 20-ից հետո օնլայն հարթակում աղմուկ բարձրացավ։

Գրում էին, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևին նվիրել է «Հայ ժողովրդի պատմություն» գիրքը։ Քանի որ հայ ժողովուրդն այդ ժամանակ էյֆորիայի մեջ էր ու չէր զգում, որ նա ոչ թե կետ- կետ է քանդում, այլ հատվածաբար է քանդում կետերի խուրձը, «Հայ ժողովրդի պատմություն» գիրքը նվիրելը համարեց մեծագույն դիվանագիտություն։ Ես կարող եմ մեջբերել նաև այն օգտատերերի անունները, որոնք գրառել էին, որ Նիկոլի կողմից դա դիվանագիտական մեսիջ է։ Այդ օգտատերերն այսօր « Փաշինյան են քլնգում» այդ առումով նրանց հանգիստ եմ թողնում, գոնե հասկացել են։ Ներկայացնում եմ առանց անունների մի քանի գրառում․ 

«Փաշինյան եմ ասել, ՀԶՈՐ Է! մեր սիրելի վարչապետը։ 
Մենակ դու կարող էիր նման հնարամիտ բան անել , սիրելի վարչապետ,մնում է որ կարդա այդ կիսագրագետը։ 
Դիվանագետ։ 
Մյուս անգամ էլ Գառնիի գաթա կտաք պարոն Վարչապետ» ։ 

«Հայ ժողովրդի պատմություն» -ից հետո մնում է Ալիևին Գառնիի գաթա  տալը։ Հեռու՞ է այդ ժամը։ Վայելեք, վերջին ժամերն են։ Երբ պատմությունդ ես նվիրում, գաթան նյութական տարր է արդեն։