«Արմավիր» ՔԿՀ պետը ավելի բարձր պաշտոն է ստացել

«Արմավիր» ՔԿՀ պետը ավելի բարձր պաշտոն է ստացել

              «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Խաչատուր Հարությունյանը, որը կալանավայրում ԱԱԾ բացահայտումներից  հետո ազատման դիմում էր գրել, այսօր առավոտյան ավելի բարձր պաշտոն է ստացել։ Նա նշանակվել է քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման բաժնի պետ։ Պաշտոնյան, որը չի կարողացել ապահովել մեկ կալանավայրի անվտանգությունը և որը անցնում է ԱԱԾ համապատասխան  քրեական գործով, այժմ զբաղվելու է ամբողջ համակարգի անվտանգության ապահովմամբ։  «Նշանակումը նախարարի հրամանով չի», - պատասխանում են արդարադատության նախարարությունից, իսկ ՔԿԾ-ից զանգերի չեն պատասխանում։ 

       Այսօր առավոտյան այլ նշանակումներ էլ են եղել։ Անվտանգության ապահովման բաժնի պետ Արմեն Դաշյանին տարել են  «Աբովյան» ՔԿՀ պետ։ Համակարգ է վերադարձել արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի քեռին՝ Էդուարդ Հովհաննիսյանը։ Նա հրամանագրվել է որպես «Վարդաշեն» ՔԿՀ պետի տեղակալ տնտեսական գծով։ Ժամանակին Էդուարդ Հովհաննիսյանը ազատվել էր համակարգից կոռուպցիոն սկանդալի արդյունքում, երբ բացահայտվեց, որ «Աբովյան» ՔԿՀ աշխատակիցներից մեկը դատապարտյալից գումարներ էր պահանջել արձակուրդ տրամադրելու համար։ Հովհաննիսյանը այնուհետև տեղափոխվեց ԴԱՀԿ։  

       Կադրային փոփոխությունների մասին մեզ հայտնեց ՔԿԾ աղբյուրը։ Ըստ չճշտված, բայց ստույգ լուրերի, ՔԿԾ պետ Արտյոմ Մխոյանը երկար ժամանակ չի կարողացել Խաչիկ Հարությունյանին փոխարինող գտնել, քանի որ «Արմավիրը» համարվում է բարդ տեղամաս։ Ի վերջո, այդ պաշտոնը համաձայնվել է զբաղեցնել բերդերի համակարգի  «վետերաններից» Վարուժան Եղիազարյանը։ Նա նշանակվել է «Արմավիր» ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Վարուժան Եղիազարյանը 30 տարի է, ծառայում է ՔԿՀ համակարգում։

Նա հաստատեց իր նշանակման լուրը։ Ասում են, նշանակումը ձեր սրտով չ՞ի եղել։ «Իսկ ձեզ ո՞վ է տենց բան ասել։ Ինձ որտեղ հրաման տան, ես այնտեղ էլ ծառայում եմ», - պատասխանեց Վարուժան Եղիազարյանը։  «Արմավիրը» բարդ տեղամա՞ս է, ինչո՞ւ ոչ ոք չէր ուզում փոխարինել Խաչիկ Հարությունյանին։ «Ինձ նմանատիպ հարցեր մի տվեք», - Եղիազարյանը չցանկացավ շարունակել զրույցը։ Համակարգում նա հայտնի է որպես «ոսկի տղա», պատասխանատու և փորձառու կադր։