Պետք է զոհի կարգավիճակից դուրս գալ

Պետք է զոհի կարգավիճակից դուրս գալ

Վերջերս աչքովս մի հետազոտություն ընկավ, որը տարիներ առաջ ԱՄՆ կառավարության պատվերով էր արվել: Կալիֆորնիայի համալսարանի երկու մասնագետ Մելիսա Ուիզերսն ու Փոլա Տավրուն փորձել են պարզել, թե ո՞նց ա ստացվում, որ մարդիկ տևական ժամանակ թրաֆիքինգի են ենթարկվում, բայց չեն փորձում վերջ տալ իրենց ստրկությանը: Պատկերացրեք, մարդը տարիներով մարմնավաճառությամբ ա զբաղվում ու ամբողջ գումարը հանձնում ա մեկին, ով առևանգել ու ստրկացրել ա նրան, միևնույն ժամանակ ազատ շրջում ա քաղաքով, բայց երբեք չի համարձակվում մոտենալ ոստիկանի կամ թեկուզ սովորական քաղաքացու և օգնություն խնդրել: Գոնե փորձի փախչել: Չէ, դա էլ չի անում:

Ծավալուն ուսումնասիրության արդյունքում՝ մասնագետները պարզել են, որ սա հոգեբանական աշխատանքի, ոչ թե ֆիզիկական բռնության արդյունք ա: Թրաֆիկյորները հազվադեպ են ծեծում իրենց զոհերին՝ «ապրանքային տեսքը» չփչացնելու համար, նախընտրում են դիմել հոգեբանական ճնշման միջոցին: Հոգեբանական բռնության հիմնական գործիքն էլ ապամարդկայնացնում ա՝ դեհումանիզացիան: Երբ էս երևույթի մասին էի կարդում, մոտս հստակ ասոցիացիաներ առաջացան ներկա որոշ իրողությունների հետ: Փորձեմ զուգահեռներ անցկացնել:

Ուրեմն ինչ ա արվում ադեկվատ մարդու դեհումանիզացիայի համար. թրաֆիկյորն անընդմեջ կրկնում ա մի քանի միտք, որոնք դրոշմվում են զոհի ուղեղում: Եվ ուրեմն՝

1. Զոհն անպետք ա, դեբիլ ա ու վախկոտ (11 հազար դասալիք ունենք, գիտե՞ք բանակում դավաճանության ինչքան դեպքեր ունենք, ռեզերվը չի մասնակցել մարտերին): Ժամանակի ընթացքում այս հոգեբանական բռնությունն իջեցնում ա թրաֆիքինգի ենթարկվողներիի ինքնագնահատականը և նրանք կորցնում են իրենց ինքնությունը (էս ազգը ազգ չի, դավաճան ա, քցող ա, թռնող ա): Հետագայում ցուցմունքներում նույնիսկ նշում են, որ իրենք են մեղավոր թրաֆիքինգի ենթարկվելու համար, քանի որ էնքան հիմար են եղել, որ ընկել են ծուղակը (մեզ տեղն ա, մեզ հասնում ա էս իշխանությունը):

2. Զոհը գտնվում ա օտար երկրում և չունի ոչ անձնագիր, ոչ էլ կացության թույլտվություն (մեզ կադաստրի թուղթ ա պետք, որ տնվորի կարգավիճակով չապրենք):

3. Զոհը չի կարող դիմել ոստիկանների օգնությանը, քանի որ իրավապահները նրան կձերբակալեն և կուղարկեն բերդ, որտեղ նրա հետ կանեն ավելի ահավոր բաներ, քան հիմա թրաֆիկյորը (եթե ինձ հեռացնեք, նախկինները կգան ու…):

4. Զոհը չի կարող դիմել հաճախորդի, բժշկի, դռնապանի օգնությանը, քանի որ միանգամից կահազանգեն իրավապահներին, դե շարունակությունն էլ վերևում... (իմ փոխարեն ով էլ գա, նախկինների հետ կապ ա ունենալու, դե նախկիններն էլ…):

5. Զոհի միակ ընկերը հենց թրաֆիկյորն ա, որը «թանկարժեք» հագուստ ու սնունդ ա գնում նրա համար ու պաշտպանում փողոցային խուժաններից (ինձանից շատ հայրենիքը սիրող չկա):

6. Զոհը կարող ա հույս ունենալ, որ մի 5-6 տարուց կազատվի էս դժոխքից ու կգան լուսավոր ժամանակներ ուղղակի պետք ա համբերել, թրաֆիկյորի պարտքերը վճարել (ապագա կա, խաղաղության դարաշրջան):

Մի խոսքով, պետք ա զոհի կարգավիճակից դուրս գալ գիտակցական ու ենթագիտակցական մակարդակներում, դա, միանշանակ, շատ բան կփոխի հողի վրա. ես չեմ ասում, մասնագետներն են ասում:

Արմեն Աթալյանի ֆեյսբուքյան էջից