Մերժի՛ր Նիկոլին

Մերժի՛ր Նիկոլին

Մայիսի 1-ի հանրահավաքը հուժկու էր թե՛ մասնակիցների քանակի և թե՛ հատկապես էներգետիկայի առումով: Այն իսկապես շանս ունի դառնալու Նիկոլին իշխանությունից հեռացնելու գործընթացի եզրափակիչ փուլի սկիզբը: Ընդ որում, բավական կարճատև փուլի, քանի որ հանրահավաքի էներգետիկան ընձեռում է նման հնարավորություն: Հենց այդպիսի նպատակ էլ ունեն շարժման կազմակերպիչները:

Մնում է, որ ցանկությունը, հնարավորությունն ու գործողությունները համապատասխանեն միմյանց: Եվ չկրկնվի 2020-2021 թվականների հականիկոլական ձմեռային շարժման անհաջողությունը: Իսկ գործողությունները, բնականաբար, միտված են լինելու երևանցիներին ներշնչելու, որ անհրաժեշտ է մերժել Նիկոլին: Ճիշտ այնպես, ինչպես չորս տարի մերժեցին Սերժին: Բայց եթե 2018-ին շարժման մասնակից մեծամասնության համար դա հանուն ստամոքսի էր, ապա այսօր այն հանուն հայրենիքի է լինելու: Իսկ հայրենիքն ավելի բարձր ու մեծ արժեք է, քան ընդամենը ստամոքս լցնելը: Թեև, դժբախտաբար, դա շատ ավելի քիչ մարդ է ընկալում:

Իհարկե, 2018-ին առկա էին մարդիկ, որոնք Սերժին մերժում էին ոչ թե հանուն ստամոքսի, այլ արդարության հաստատման: Սակայն Նիկոլի չորսամյա վարչապետությունը վկայեց, որ ՀՀԿ-ական անարդարությունը փոխարինվեց նիկոլական անարդարությամբ: Ինչը նշանակում է, որ Նիկոլը պետք է մերժվի թե՛ հանուն հայրենիքի և թե՛ արդարության հաստատման: Դա պետք է բավական լինի, որպեսզի Նիկոլին մերժելու գործընթացի եզրափակիչ փուլում ներառվեն թե՛ հայրենասեր և թե՛ գիտակից երևանցիներ: Եվ, ինչն ամենակարևորն է, շարժման ողջ ընթացքը պետք է համակարգված լինի: 

Այսօրվա հանրահավաքի ընթացքում համակարգման բացակայության երևույթ նկատվեց: Երբ ելույթներից հետո դադար հայտարարվեց՝ մարդկանց որոշակի մեծ խումբ լքեց Ֆրանսիայի հրապարակը: Եվ երբ մարդիկ սկսեցին հեռանալ, ոստիկանները Մաշտոցի պողոտայի վերին մասից իջան ներքև և սկսեցին Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկի տարբեր մասերից հեռացնել «տարոնական» նստարանները: Դե այն նստարանները, որ Տարոն Մարգարյանի օրոք էին տեղադրվել մայրաքաղաքում: Հետո հերթը հասավ խաչմերուկի ստորին մասում տեղադրված աղբամաններին: Մարդիկ փորձեցին ընդդիմանալ դրան, ու այդ պահին մի քանի տասնյակ ոստիկաններ վերևում կայանված մեքենաներից վազելով հասան իրենց ընկերներին օգնության:

Այսինքն, նրանց կանչել էին խաչմերուկում գտնվող սպաները: Իսկ հանրահավաքի կազմակերպիչներից մեկը բարձրախոսով հասավ խաչմերուկ այն պահին, երբ բողոքավոր մարդկանց հաջողվեց հետ մղել ոստիկանների գրոհը: Բայց կարող էր նաև չհաջողվել, իսկ այդ դեպքում խիստ կարևոր է կազմակերպիչներից ոմանց ներկայությունն այնտեղ:  
Ինչ մնում է մարդկանց հեռանալուն, ապա դա չէր ունենա այն թափը, որը նկատվեց, եթե հզոր էներգետիայով ելույթներին մեկ-մեկուկես ժամանոց դադար չտրվեր: Եվ հզոր էներգետիայով ելույթները մեջընդմեջ փոխարինվեին ավելի «թեթևներով»: Եվ դա շարունակվեր մինչև վրանների տեղադրումը: Մարդկանց հրապարակում պահում էր խոսքը: Հետո դա կաներ վրանների տեղադրումը: Եվ հնարավոր է, որ ավելի շատ մարդ մնար հրապարակում: Բայց ասվածը շոշափում է ընդամենը մեկ-երկու մարտավարական խնդիր, իսկ հանրահավքն իր ամբողջության մեջ ավելի քան հաջողված էր: Այնուամենայնիվ, կցանկանայի, որպեսզի շրջանարվեր Նիկոլին մերժելու գաղափարը: Որովհետև որքան էլ ասվի, որ շարժման նպատակը հանունի է, բայց մեծ ներառվածություն ապահովելու համար անհրաժեշտ է նաև մերժման գաղափարը: Ինչը մարդկանց միավորելու ավելի մեծ էներգետիկա է ապահովում, քան հանունի գաղափարը: Դրանից խուսափել չի լինի՝ որքան էլ այն շարժման կազմակերպիչների համար լինի ոչ ընդունելի: Հանուն Հայաստանի և Արցախի՝ մերժե՛նք Նիկոլին: