Հրազդանում վճարովի ավտոկայանատեղիներ կգործե՞ն

Հրազդանում վճարովի ավտոկայանատեղիներ կգործե՞ն

Հրազդանի քաղաքապետարանում երեկ տեղի ունեցավ ավագանու հերթական նիստը: Նիստի օրակարգում քննարկվեցին հետեւյալ հարցերը․ համայնքի տեղական տուրքերի եւ վճարների 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու, համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության, մշակութային եւ նախադպրոցական ուսումնական կազմակերպությունների կողմից 2023 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափերը եւ կիրառվող արտոնությունները հաստատելու, համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու, Հրազդանի համայնքապետարանի ՀՈԱԿ-ների եւ աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թիվը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու, Հրազդանի համայնքապետարանի «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն եւ սանմաքրում» հիմնարկին գույք տրամադրելու մասին եւ այլ հարցեր:

Համայնքի տեղական տուրքերի եւ վճարների 2023 թվականի դրույքաչափերը սահմանելիս ավագանու անդամները փոփոխություններ առաջարկեցին՝ նշելով, որ խաղատների տուրքը պետք է սահմանել ավելի բարձր՝ այնքան, որքան օրենքը թույլ կտա: Օրակարգային մեկ կետ վերաբերում էր Հրազդան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիներ ստեղծելուն, նաեւ սահմանված էր օրենքով նախատեսվող վճարի չափը: Ավտոկայանատեղիների ժամը՝ 100 դրամ, ամիսը՝ 5 հազար, տարին՝ 50 հազար դրամ: Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Դանիելյանին հարցրինք, թե նախատեսո՞ւմ են, արդյոք, Հրազդանում վճարովի ավտոկայանատեղիներ ստեղծել, սահմանել նաեւ վճարի չափը, ինչպիսի՞ն են լինելու այդ վճարովի ավտոկայանատեղիները, ավտոմեքենաների կայանման տեղում կարմիր գծե՞ր են լինելու, թե՞ այլ տարբերակներ կլինեն:

- Ավտոկայանատեղիների մասին օրենք ունենք, այդ օրենքին համապատասխան՝ ամեն բան կարվի, այս պահին վճարովի ավտոկայանատեղիներ Հրազդանում նախատեսված չեն համայնքի կողմից:

- Եթե նախատեսված չեն, ինչո՞ւ օրակարգում հարցը քննարկեցիք:

- Քանի որ նման վճարի տեսակը սահմանված է տուրքի եւ վճարի մասին օրենքով, մենք սահմանում ենք դրույքաչափը, եւ եթե տարվա ընթացքում նախատեսվի համայնքային վճարովի ավտոկայանատեղի, այդ ժամանակ էլ կսկսի այդ տուրքն աշխատել եւ գանձվել:

- Ավագանու անդամները նշեցին, որ Երեւանում ավտոկայանատեղիի վճարը տարեկան 12 հազար դրամ է կազմում, ինչո՞ւ եք Հրազդանում սահմանել 50 հազար դրամ:

- Մենք էդպես ենք նախատեսել: Ավագանու նիստի ժամանակ առաջարկ եղավ՝ եկեք տուրքերը եւ հարկերը նվազեցնենք, սոցիալական տեսանկյունից լավ կլիներ, եթե ամեն ինչ անվճար լիներ, օրինակ՝ մանկապարտեզներն անվճար լինեին, բայց այդ առաջարկները պետք է համեմատենք մեր բյուջեի հետ, մենք պետք է հարկերի հավաքագրում անենք, որ բյուջեն կատարվի, դրա մասին էր ասում պարոն Սաֆարյանն իր խոսքում: