Խերսոնի քաղաքապետը գերի է․ Կարմիր Խաչի պարզաբանումը

Խերսոնի քաղաքապետը գերի է․ Կարմիր Խաչի պարզաբանումը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Խերսոնի քաղաքապետ Իգոր Կոլիխաևին պաշտոնապես «գերու» կարգավիճակ է տվել։

Այդ մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները և հիշեցրել, որ 2022 թվականի հունիսի 28-ին ռուս զինվորներն առևանգել են Խերսոնի քաղաքապետին։

Գերու կարգավիճակ շնորհելու մասին տեղեկությունը հաստատել է նաև Կոլիխաևի որդին՝ Սվյատոսլավլը․

«Ես կապ հաստատեցի Կարմիր խաչի հետ, և նրանք ինձ ասացին, որ ռուսական կողմը իմ հորը՝ Իգոր Կոլիխաևին, գերիների ցուցակ է մտցրել, և նա գտնվում է Ռուսաստանի տարածքում։ 

Գտնվելու կոնկրետ վայրի և նրա առողջական վիճակի մասին ոչինչ չի նշվել: Համակարգող շտաբի անձնական հաշվում նրա կարգավիճակը նույնպես թարմացվել է»։

Ավելի վաղ, Ուկրաինայի փոխվարչապետ, երկրի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը բանտերում է պահում մեկուկես հազար ուկրաինացի խաղաղ բնակչի, ևս 1,200,000 Ուկրաինայի քաղաքացիներ արտաքսվել են Ռուսաստան, այդ թվում՝ 240 հազար երեխա։