Ռադիոյի տնօրենի 5 թեկնածու անցել են երկրորդ փուլ

Ռադիոյի տնօրենի 5 թեկնածու անցել են երկրորդ փուլ

Ռադիոյի տնօրենի մրցույթը մոտ է ավարտին։ Նախնական տվյալներով, հաղթած թեկնածուի անունը կհրապարակվի վաղը՝ ապրիլի 3-ին։ Հիշեցնենք, որ 30 թեկնածու է առաջադրվել եւ չնայած մրցույթը հայտարարվել էր փետրվարի 22-ին, յուրաքանչյուր թեկնածուի հրավիրեցին հարցազրույցի՝ մրցութային հանձնաժողովը լսեց եւ հարցեր առաջադրեց նրանց։ Սակայն մրցույթի ավարտը երկարաձգեցին, որ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահն ընտրվի, որ մասնակցի ռադիոյի մրցույթի վերջին փուլին։ 

Ինչպես հայտնի է, երեկ հրապարակվեց Հեռուստառադիոխորհրդի նախագահի անունը՝ ռեժիսոր Արա Շիրինյան։ Հիմա ձեռնամուխ են եղել Ռադիոյի տնօրենի ընտրությանը։ Մեր տեղեկություններով, 30 թեկնածուից 5 հոգի անցել են մրցույթի երկրորդ փուլ եւ այս 5 հոգուց է ընտրվելու տնօրենը։

Այդ 5 հոգին են՝ բնականաբար Ստեփան Զաքարյան, ով համարվում է ամենաանցողիկ թեկնածուն, ռադիոյի հաղղորդավար Տիգրան Հարությունյան, «Իմ կինը» հաղորդաշարի հեղինակ Լիլիթ Մելքոնյան, Կամերային թատրոնի տնօրեն, Ռադիոլուրի նախկին ղեկավար Հռիփսիմե Առաքելյան եւ Գարեգին Խումարյան։ Այս ցանկից Արա Շիրինյանը կարող է ընտրել նրան, ում սիրտը կուզի։