«Հրապարակ». Արցախում վարելահողեր շատ չկան, լավ թիքեն թուրքը գրավել ա

«Հրապարակ». Արցախում վարելահողեր շատ չկան, լավ թիքեն թուրքը գրավել ա

71-ամյա Սամվել Արզումանյանն ապրում է Արցախի Ճարտար գյուղում: Ասում է, որ հայ ժողովուրդը քարից հաց քամող ժողովուրդ է: Արցախցի-հայաստանցի տարանջատումն էլ անընդունելի է համարում։ Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ են անում Արցախի գյուղացիները, սկսե՞լ են արդեն հողի մշակման աշխատանքները, պատրաստվո՞ւմ են վարուցանք անել եւ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվել, որ իրենց պարենային նվազագույն պահանջները կարողանան բավարարել եւ կախված չլինեն Հայաստանից եկող մթերքի քանակից։

Մեր զրուցակիցն ասաց. «Լեռներով շրջապատված մարդիկ գյուղատնտեսությամբ զբաղվել այնքան էլ չեն սիրում։ Արարատյան դաշտում ապրող մարդն ավելի շատ է զբաղվում գյուղատնտեսությամբ, քան մենք, դե՝ հող էլ չի մնացել, որ վարենք-ցանենք: Քանի որ ճանապարհը փակ ա, հաց չկա, կարտոշկա չկա, միրգ-բանջարեղեն չկա, մարդիկ ստիպված գյուղատնտեսությամբ են զբաղվում, սակայն ոչ բոլորը: Հիմնական խնդիրն էստեղ այլ է` վարելահողեր շատ չկան, լավ թիքեն թուրքը գրավել ա, մնացել են պակաս-պռատ մասերը»:

Նա հայրենի գյուղում մեծ այգի ունի` այս տարվա գյուղատնտեսական աշխատանքները դեռ չի սկսել, դեռ այգին է կարգի բերում, որոշել է այս տարի ամեն ինչ ցանել` լոբի, կարտոֆիլ, վարունգ, լոլիկ, եգիպտացորեն, բողկ: «Մեր հույսը պետք ա մեզ վրա դնենք, տի ա»,- ասաց նա:

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն էլ «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ թեեւ Արցախի մասին, իր բնութագրմամբ` հիմար-հիմար դուրս տվողներն օր-օրի շատանում են, սակայն արցախցին լուրջ ու մարտական է տրամադրված: Արցախահայությունը ոչ մի կերպ չի պատրաստվում լքել իր հողը.

«26 հեկտար վարելահող ունեցող Կարմիր գյուղում արդեն իսկ 23 հեկտարը վարել-ցանել են, մնացածն էլ հետագայում կցանեն: Հիմնականում հացահատիկ են ցանում: Աշխատանքներն անում են տեղի բնակիչները: Օրինակ` Մարտակերտի շրջանում համեմատության մեջ գյուղատնտեսությամբ` վարուցանքով զբաղվելն ավելի տարածված է: Չնայած նրան, որ մարդիկ մտածմունքներ շատ ունեն, միեւնույն է՝ պայքարում են ու ամեն գնով պայքարելու են: Ապրելուն տրամադրված են մարդիկ, եթե անգամ կան մարդիկ, որոնք հիասթափված են, ապա նրանք չնչին թիվ են կազմում, արցախահայության մեծամասնությունը, հույսն իր վրա դրած, փորձում է պայքարել, ամեն ինչ անելու ենք` մեր հայրենիքը շենացնելու համար»: