Խմբագրության մոտ թողել են ոչխարներ՝ «պրեսսա» ժիլետներ հագցրած

Խմբագրության մոտ թողել են ոչխարներ՝ «պրեսսա» ժիլետներ հագցրած
Տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել ռուսական «Նովայա գազետա» պարբերականում։ Վաղ առավոտյան, երբ աշխատակիցները սկսել են ժամանել գրասենյակ, նկատել են, որ անհայտ անձինք «պրեսսա» մակագրությամբ ժիլետներ հագցրած ոչխարներ են թողել խմբագրության մոտ։ Խմաբգրության աշխատակիցները ոչխարներին ուղարկել են կենդանիների մերձմոսկովյան օթեւաններից մեկը՝ այնտեղ ապաստանելու համար։



«Հույս ունենք, որ այնտեղ ոչխարներին չեն ուտի։ Եթե քննչական մարմինները պահանջեն, մենք անմիջապես իրենց մոտ կուղարկենք ոչխարներին, ինչ որ գործողությունների համար։ Նաեւ պատրաստ ենք կենդանիների այդ խնամքի կենտրոնին ֆինանսապես աջակցել, մեր ոչխարներին օթեւան տալու համար»,- «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է «Նովայա գազետայի» խոսնակ Նադեժդա Պրուսենկովան։



Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ «Նովայա գազետան» նման նվերներ է ստանում։ Մինչ այդ թերթին ուղարկել էին կտրված ոչխարի գլուխ, դրանից առաջ էլ՝ սգո ծաղկեպսակ։