Ռուսաստանը վախենում է Սահակաշվիլիի՝ Վրաստան վերադարձից

Ռուսաստանը վախենում է Սահակաշվիլիի՝ Վրաստան վերադարձից
Ընդդիմության հաղթանակը Վրաստանի նախագահական ընտրություններում հավելյալ նախադրյալներ կստեղծի, որպեսզի վտարանդի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վերադառնա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցի ընթացքում։ Հիշեցնենք, որ կիրակի օրը Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների քվեների մոտ 100 տոկոսի հաշվարկի արդյունքներով, անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում է իշխող «Վրացական երազանքը» հավաքել է ձայների 38,6 տոկոսը, իսկ Սահակաշվիլու կողմնակից Գրիգոլ Վաշաձեն՝ 37,75 տոկոսը։ Ինչպես նկատում են փորձագետները, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում արդեն բախվելու են ներկա իշխանություններն ու ընդդիմադիրները, որոնք իրենց ասոցացնում են Սահակաշվիլու հետ։ «Վրացական պետության պետական կառուցվածքի յուրահատկությունները հաշվի առնելով կարելի է ասել, որ նախագահն ունի միայն սահմանափակ լիազորություններ, սակայն դա միայն ֆորմալ առումով»,- նկատել է ռուս քաղաքական գործիչը մանրամասնելով, որ Վրաստանի նախագահին է դեռեւս վերապահված համաներման իրավունքը եւ սա կարող է կարեւոր հետեւանքներ ունենալ երկրի ներքաղաքական կյանքում հետագա զարգացումների վրա ազդեցություն գործելու տեսանկյունից։ Ակնարկելով Սահակաշվիլուն, Կոչաչեւը ասել է, որ եթե հաղթի Սահակաշվիլու կողմնակիցը, այս լիազորությունը կօգտագործվի, նրան արդարացնելու համար։