Ռուզաննա Մուրադյանի աքիլեսյան գարշապարը

Ռուզաննա Մուրադյանի աքիլեսյան գարշապարը
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը երեկ անակնկալ կերպով մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց։ Հոկտեմբերի 24-ի նիստում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Տիկնոջ դիմումը տարակուսանք է առաջացրել, քանի որ 2 ամիս հետո, միեւնույն է, Ռուզաննա Մուրադյանն արդեն պատգամավոր չէր լինելու՝ խորհրդարանն արձակվելու էր, մանդատի «բեռից» ազատելով նաեւ Ռուզաննա Մուրադյանին։ Նա երեկ չէր ներկայացել ԱԺ նիստին, նրա աշխատասենյակի դուռը կողպված էր, եւ երկու օր է՝ չի պատասխանում նաեւ հեռախոսազանգերին։ Կուսակցական ընկերներից շատերի համար նրա հրաժարականը նույնպես անսպասելի էր, իսկ առավել մտերիմները ոչ պաշտոնապես վարկածներ էին առաջ քաշում։ Առաջին վարկածի համաձայն՝ տիկնոջը մանդատից հրաժարվել պարտադրել է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։ Բանն այն է, որ երկու օր առաջ Ռուզաննա Մուրադյանը, դեմ գնալով կուսակցական որոշմանը, վերջին պահին վազեվազ մտավ ԱԺ նիստերի դահլիճ ու կողմ քվեարկեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, երբ խմբակցությունում որոշվել էր բոյկոտել օրենսգիրքը։ Ի դեպ, նա բավականին այլայլված էր այդ քվեարկությունից հետո եւ փորձում էր մխիթարություն գտնել Փաշինյանին աջակցություն հայտնած եւ նույն օրենսգրքին կողմ քվեարկած Գեւորգ Կոստանյանի «գրկում»։ Ականատես պատգամավորներից մեկի պատմելով՝ Մուրադյանը դահլիճից դուրս գալուն պես ուղղություն է բռնել իր «բախտակից» Կոստանյանի կողմը, ով քաջալերել է Մուրադյանի որոշումը եւ ձեռքով տմբտմբացրել նրա ուսին։ Մուրադյանի մոտ շրջապատից հայտնեցին, որ տիկնոջ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին, ըստ էության, իշխանական ճնշման ներքո է եղել։ Լուրեր կան, որ իշխանությունը «նրա վրա դուրս է եկել» նախեւառաջ դստերը՝ թիվ 125 դպրոցի տնօրեն Լիլիթ Անտոնյանին պաշտոնից հեռացնել-չհեռացնելու սպառնալիքով։



Բացի այդ, նրա մերձավորները վստահեցրին, որ Մուրադյանն ինքն էլ նախաձեռնողականություն էր դրսեւորում եւ վերջին շրջանում ամեն բան անում էր, որպեսզի շարունակի քաղաքական գործունեությունը կամ գոնե կրթական ոլորտում հարմար պաշտոն ստանա։ Սակայն տիկնոջ աքիլեսյան գարշապարը միայն դուստրը չէ։ Բանն այն է, որ չնայած այս պատգամավորը քրեաօլիգարխիկ ծագում չունի, հակառակը՝ նախկին ուսուցչուհի է, սակայն նա սերտորեն օգտվել է իշխանական արգելված եւ չարգելված բարիքներից։ Մուրադյանի գլխավորած «Դպրոց-կենտրոններ միավորում» իրավաբանական անձանց միությունը հենց անցած տարի կրթության եւ գիտության նախարարության կողմից ֆինանսական աջակցություն է ստացել` 20 մլն դրամի չափով: Նույն գումարը ստացել է նաեւ նախորդ 2 տարիներին։ Դրան զուգահեռ, նրա կազմակերպությանը նաեւ անդամ դպրոցներն են փոխանցումներ արել՝ յուրաքանչյուր ամիս 36 հազար դրամի չափով, ինչը տարվա կտրվածքով բավականին մեծ թիվ է կազմում։ Սակայն որեւէ հաշվետվություն չկա, թե որտեղ եւ ինչ նպատակով է ծախսվել այդ գումարը, բացի ինչ-որ անիմաստ եւ էժան սեմինարներից։ Օգտագործելով իր կապերը՝ սույն տիկինը, ըստ մամուլի հրապարակումների, իրեն պատկանող մյուս՝ «Կրթություն՝ առանց սահմանի» ՀԿ-ով նաեւ դրամաշնորհ է ստացել, այս անգամ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից, «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» միջոցով: Այսինքն՝ ֆինանսավորման երեք խողովակ է գործել, որոնք մեծ եկամուտներ են ապահովել ոչինչ չանող այս կազմակերպության եւ նրա ղեկավարի համար։ Գուցե այս թեմաներն են ստիպել, որ երբեմնի հավատավոր հանրապետական տիկինը ճամբարափոխ լինի։ Ի դեպ, այդ քվեարկությունից հետո է Սերժ Սարգսյանը նրան նախատել եւ հրահանգել վայր դնել մանդատը, որը ստացել էր բացառապես ՀՀԿ անդամ լինելու եւ ՀՀԿ նախագահի որոշման արդյունքում։



Ի դեպ, նա մեկ շաբաթ ժամանակ ունի՝ պետք է պնդի մանդատից հրաժարվելու դիմումը, եթե ոչ՝ նոր միայն կզրկվի դրանից։ Իսկ առջեւում ԸՕ փոփոխությունների նախագծի վճռական քվեարկությունն է, եւ մեկ ձայնն էլ կարող է ճակատագրական լինել․ չի բացառվում, որ Մուրադյանն իշխանությունների հորդորով հետ վերցնի դիմումը եւ կրկին կողմ քվեարկի նոր օրենսգրքին։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**