Գուրգեն Մահարու աղքատ կնոջ բարությունը․․․

Գուրգեն Մահարու աղքատ կնոջ բարությունը․․․
Չէի կարող չանդրադառնալ այս թեմային։ Տարիներ առաջ  հանդիպել եմ Գուրգեն Մահարիի կնոջը՝ Անտոնինա Մահարիին։ Այդ մասին գրել էի մեր կայքում, ցավոք, չկարողացա գտնել։ Բայց հանդիպման մի լուսավոր դրվագ այնքան մեծ տպավորություն էր թողել ինձ վրա, որ երբեք չեմ մոռանա։ Այդ փոքրիկ դրվագին եմ ուզում անդրադառնալ։



Ազգությամբ լիտվուհի էր, ամուսնու մահից հետո մնաց Հայաստանում, որովհետև Գուրգեն Մահարին մահից առաջ կնոջը  խնդրել էր՝ Անտոնինա, խնդրանք ունեմ. չլքես Հայաստանը։ Դու միակ մարդն ես, ով իմ մասին ամեն ինչ գիտի, ու պետք է գրի»։ Ու գրեց՝ «Իմ ոդիսականը», «Հուշեր», «Հուշեր և պատմվածքներ», «Հին ամրոցի գաղտնիքը»․․․



Ծայրահեղ աղքատ էր, միայնակ։ Ասում էր, որ տղան՝ Գուրգենը մահացել է մի քանի տարի առաջ։ Ինչքան հիշում եմ, պատմում էր, որ 10 հազար դրամ թոշակ է ստանում, այդքան էլ աղքատության նպաստ, հինգ հազար դրամ էլ՝ գրողների միությունից։ Բոլորին են տալիս,- պատմում  էր ժպտալով։ Ինձ զարմացնում էր նրա հոգու լույսը, բարությունը, լավատեսությունը։  Պատմում էր․



-Ես աղքատ չեմ, իմ շուրջը  այնքա՜ն աղքատ մարդիկ կան, որ ամոթ կլինի  ասել, որ ես աղքատ եմ։ Եթե աղքատ լինեի կկարողանայի՞ որևէ մեկին օգնել։ Իսկ ես օգնում եմ, որ ինձ աղքատ չզգամ։ Շատ չեմ կարողանում, բայց երբեմն 1000 դրամ եմ տալիս դժբախտ մարդկանց։ Մարդու խիղճը պիտի հանգիստ լինի։ Պատմելուց դողում էր։ Ձմեռ էր, սենյակը չէր տաքացվում։



Այսօր հուղարկավորեցին արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ Անտոնինա Մահարիին։ Ամենաբարի կնոջը։ Անաղմուկ։ Որ կենդանի լիներ, կասեր՝ ինձանից ավելի լավերը կան․․․ Պետք չէ ինձ առանձնացնել։



Հասմիկ Բաբաջանյան