Պալատի նոր նախագահը տասը տարվա «Ժիգուլի» է վարում

Պալատի նոր նախագահը տասը տարվա «Ժիգուլի» է վարում
Սեպտեմբերի 27-ին Բարձրագույն դատական խորհուրդն ընտրել է վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ։ Հիշեցնենք, որ այս պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանը նախագահի հրամանագրով նշանակվեց վճռաբեկ դատարանի նախագահ։ «Խորհրդի նիստի ժամանակ անցկացվեց փակ-գաղտնի քվեարկություն, որի արդյունքում ներկայացված թեկնածուներից ոչ ոք չստացավ բավարար ձայներ: Կազմակերպվեց լրացուցիչ քվեարկություն առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների՝ Ռուզաննա Հակոբյանի եւ Գոռ Հակոբյանի միջեւ:



Խորհրդի փակ-գաղտնի քվեարկության արդյունքում վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ ընտրվեց Ռուզաննա Հակոբյանը»,- հայտնում է Դատական դեպարտամենտը։ Մինչ այդ նա ընտրված է եղել ԲԴԽ անդամ։ Դատավորների շրջանում հարգանք է վայելում։ «Համեստ կյանքով ապրող, ազնիվ կին է, առայսօր վարում է տասը տարվա հնության «09» ավերակ «Ժիգուլի»»,- ներկայացրեց մեր աղբյուրը՝ դատավորների շրջանակից։



Ռուզաննա Հակոբյանը 51 տարեկան է, երեւանցի, երկար ճանապարհ է անցել դատարաններում։ 1990-1999 թթ․ աշխատել է Լենինյան շրջանի ժողդատարանում՝ որպես խորհրդատու: Եղել է նաեւ փաստաբան, աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի, ապա՝ 2008 թվականից, վարչական դատարանի դատավոր։



2015 թվականի փետրվարի 5-ից ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր։ Ռուզաննա Հակոբյանն օդիոզ հեղինակությունների դասից չէ, կոռուպցիոն պատմություններ եւ հրապարակումներ նրա անվան հետ չեն կապվում։ Կարելի է ասել՝ նրա գործունեությունը մամուլի համար աննկատ է եղել։ Դատական դեպարտամենտից հաղորդում են, որ Ռ․ Հակոբյանն ընտրվել է երկու փուլով։ Առաջին փուլում նա հավաքել է 5 ձայն, մինչդեռ անհրաժեշտ էր առնվազն վեցը։ 2-րդ փուլում արդեն ստացավ 7 ձայն եւ հաղթեց։ Ռուզաննա Հակոբյանը 2018 թվականին Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովում հայտարարագրել է մոտ 6 մլն դրամ եւ 3 հազար 500 ԱՄՆ դոլար։ Տարեվերջին այս գումարը չի փոխվել։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**