«ՁվաԾեղ»՝ «Հայաստան» հիմնադրամից․ ստուգումները շարունակվում են, նոր տնօրենը աշխատանքի չի գնում

«ՁվաԾեղ»՝ «Հայաստան» հիմնադրամից․ ստուգումները շարունակվում են, նոր տնօրենը աշխատանքի չի գնում
«Հայաստան» համահայկական հիմնադրամն անցումային շրջան է ապրում։ Նախկին տնօրենը՝ Արա Վարդանյանը, որը մոտ 10 տարի ղեկավարել էր կառույցը, հեռացավ։ Նրան մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով` «Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը», ինչը նա չի ընդունում: Նոր տնօրեն է նշանակվել, որը դեռ չի ներկայանում աշխատանքի։ Հին աշխատակիցներից ոմանք դիմումներ են գրում։ Դատախազությունը հաղորդագրություն է տարածում, որ Վարդանյանի մեղադրանքի ծավալն ավելացել է․ ՔՕ 2 բոլորովին նոր հոդվածներ են նշվում ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման (308-րդ) եւ խարդախության (178-րդ), հետո նույն դատախազությունը հերքում է, թե սխալմունք է եղել։ Իսկ ստուգումները դեռ չեն ավարտվել։



Այնտեղ փորում ու փորում են, եւ չի բացառվում, որ նոր «բացահայտումների» մասին լսենք։ Ի՞նչ են այդքան փորփրում։ «Ի՞նչ իմանամ, ես ո՛չ գնում եմ այնտեղ, ո՛չ հետաքրքրվում եմ, երեւի ամեն ինչը ստուգում են, ի՞նչ ասեմ»,- պատասխանեց հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը։ Նրա համար իր մեղադրանքի շուրջ խառնաշփոթն անակնկալ էր։ «Տանն ինձ համար ձվածեղ էի ուտում, երբ լսեցի այդ մասին, զանգեցի իմ իրավաբանին, նա ասաց, որ չի կարող նման բան լինել, եւ հետո ինձ դատախազությունից էլ զանգեցին ասեցին՝ շատ կներեք, թյուրիմացություն է։ Մեղադրանքը նույնն է, չի փոխվել»,- ասաց Արա Վարդանյանը։ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հայկակ Արշամյանը, որն օրերս ընտրվել է տնօրենի պաշտոնում, դեռ չի գնում աշխատանքի։



«Երկուշաբթի նոր գնալու եմ, այնտեղ դեռ ստուգումներ են ընթանում, չեն ավարտվել»,- ասաց մեզ։ Ի՞նչ ստուգումներ։ «Հիմնադրամում դեռ ստուգումներ են՝ ե՛ւ նախկին գործադիր տնօրենի մեղադրանքի հետ կապված, ե՛ւ ընդհանուր»։ Արշամյանը հրաժարվեց խոսել իր ծրագրի մասին, այն ծրագրի, որը մրցութային հանձնաժողովն ընտրեց աշխարհի 7 երկրներից ստացված 42 մասնակիցների առաջարկների ցանկից, եւ որին հավանություն է տվել հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը։ Ընդամենը ասաց, որ իր համար «Հայաստան» հիմնադրամի վարկի բարձրացումը շատ կարեւոր է, բայց ինչպես է դա անելու, մեծ գաղտնիք է։



Արշամյանն արդեն ունի հրավեր Հ1-ից եւ հազիվ թե խախտի տարիներ շարունակ ՀՀ պաշտոնական վերնախավում ձեւավորված՝ Հ1-ին առաջին հարցազրույցը տալու ավանդույթը։ Դուք աշխատանքի չեք գնացել, բայց լուրեր կան, որ այնտեղ մարդիկ արդեն ազատման դիմումներ են գրում, պատրաստվո՞ւմ եք աշխատել հին կոլեկտիվի հետ, թե՞ Ձեր թիմն ունեք։ Մեր այս հարցերին լսեցինք հետեւյալ պատասխանը․ «Ես դեռ չեմ խորացել, չեմ մտել հիմնարկ, գիտեմ, որ այնտեղ շատ պատասխանատու վիճակ է, հիմա չեմ ուզում ոչինչ ասել։ Կգնամ կտեսնեմ, թե ինչ է կատարվում, կծանոթանամ աշխատողների կարողություններին։



Ամեն դեպքում, կողմ չեմ մարդկանց հանելուն։ Ի վերջո, այնտեղ փորձառու մասնագետներ կան, որոնք վաղուց աշխատում են, գործին տիրապետում են, ինչո՞ւ հանել»։ Հայկակ Արշամյանը չի ցանկանում մեկնաբանել իր անվան հետ կապված լուրերը, թե Նիկոլ Փաշինյանի հովանավորությամբ է դարձել տնօրեն։ «Ամեն ինչ կարող են ասել, արդար ընտրություն է եղել, առաջիկայում կներկայացնեմ իմ ծրագրերը»։ Արշամյանը խոստացել էր հաղթելուն պես ներկայացնել իր ծրագիրը, սակայն դեռ հապաղում է։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը տարիներ շարունակ ասոցացվել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Բակո Սահակյանի եւ ԼՂՀ մյուս ղեկավարների անունների հետ։ Հայաստանի քաղաքական իրադարձություններն ահռելի ազդեցություն են ունեցել հիմնադրամի հավաքած գումարների, իրագործած ծրագրերի վրա։



Եղել է ժամանակ, երբ նույնիսկ ներսից կոչեր են հնչել բարերարներին՝ դադարեցնել հիմնադրամի ֆինանսավորումը՝ իշխանությունների կոռումպացվածության պատճառով։ Նոր գործադիր տնօրենի առաջ հիմնադրամի վարկաբեկված իմիջի վերականգնման խնդիրն է դրված, այս կառույցի նկատմամբ համահայկական վստահության վերականգնումը։ Բայց, դատելով անցկացված մրցույթից, այստեղ հակված են պահպանել ավանդույթները, մասնավորապես՝ փակ ընթացակարգով մրցույթները։ Այս անգամ էլ եղավ ոչ թե մրցույթ, այլ՝ նշանակում։ 42 մասնակցից նախ ընտրվեց 12-ը, բայց ո՛չ չափանիշներ կային հայտարարված, ո՛չ թեկնածուների անունները հրապարակվեցին, անգամ մրցույթի մասնակիցները չիմացան, թե ինչու են իրենք պարտվել, եւ միայն իրենց ծանոթների միջոցով էին տեղեկանում, որ դուրս են մնացել մրցույթից։



Մեր աղբյուրները հայտնում են, որ թեկնածուների թվում եղել են Անդրանիկ Սարգսյանը՝ ՄԱԿ գրասենյակից, Դիանա Գազիյանը, որը ՀԿ ղեկավար է եղել եւ համարվում էր նախագահ Արմեն Սարգսյանի ֆավորիտը, ԲՈՀ նախկին փոխնախագահ Ատոմ Մխիթարյանը, որն այժմ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում համակարգողի պաշտոնում է, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Աշոտ Մարգարյանը, որը 2017 թվականին անսպասելի հեռացավ պաշտոնից։ Նրա հեռացումը մամուլը կապեց սահմանային լարվածության օրերին Ֆեյսբուքում ինչ-որ թեստի արդյունք տեղադրելու հետ, որտեղ նա գրել էր, թե ինչպես է պարել սովորել անձրեւի տակ։ Սակայն հայտատուները չեն ունեցել զգացողություն, որ իրենց ծրագրերը գնահատվում են, որ իրենք մասնակցում են մրցույթի։



«Պահանջվում էր ծրագիր ներկայացնել՝ ներկայացրել եմ երկու լեզվով։ Մրցույթի փաստաթղթերը ներկայացնելուց հետո որեւէ արձագանք չեմ ստացել մինչ օրս»,- ասում է Ատոմ Մխիթարյանը։ Շվեյցարահայ Գրիգոր Կուրղինյանը, որը Հայաստանում երիտասարդների կամավորական շարժման հիմնադիրներից է, միանգամից 2 ծրագիր է ներկայացրել։ Նա վստահ է, որ 100 մլն հավաքելը հիմնադրամի համար դժվարություն չԷ։ «Իմ ծրագրի հիմքում ամենամեծ անկյունաքարն այն է, որ բոլորս իրար հավասար ենք Հայաստանի հանդեպ, իսկ հիմնադրամը պետք է լինի ուղղակի հարթակ (պարզ, մաքուր, թափանցիկ), որ հավատ լինի հարթակի նկատմամբ: Մենք՝ հայերով, ասենք, 10-12 միլիոն ենք:



Ես ապացուցելու էի, որ գրագետ ձեւով մեծ ծրագրեր ենք իրականացնելու: Հիմնադրամին մեծահարուստների տված մեծ գումարների հետեւից երբեք չէի գնալու, այլ բերելու էի համահայկականի գաղափարը, որ ամեն մարդ գոնե 20 դոլար տար։ Մեծահարուստներով հավաքածը 14-15 միլիոն է, չէ՞, ամեն տարի, իսկ 20 անգամ գոնե 5 մլն հայ, կստացվեր 100 միլիոն դոլար։ Ուղղակի պետք է շատ մեծ վստահություն ձեռք բերել: Սփյուռքում 20 դոլար՝ դա 5-8 բաժակ «էքսպրեսոյի» գումար է, որը չնչին է։ Միայն հավատի ձեռքբերում եւ վերջ:



Իսկ մեծահարուստներն էլի թող իրենց ուզած ծրագրերը ֆինանսավորեն»,- ասում է Գրիգոր Կուրղինյանը։ Նա հրաժարվեց կարծիք հայտնել մրցույթի կազմակերպման վերաբերյալ՝ նշելով. «Ես ուզում եմ ինքս ծրագիրս տամ նոր տնօրենին, եւ եթե ցանկանա իրացնել գոնե մի մասը, ես նրան կօգնեմ։ Անձերից բարձր հիմնադրամի գաղափարն է, եւ քանի որ հիմնադրամի անունը շատ ցածր է, ես նախընտրում եմ հիմա կա՛մ օգտակար լինել, կա՛մ լռել»:



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**