Բանակցությունների երկրորդ ռաունդը՝ Նյու Յորքում. ինչի՞ մասին են խոսել Մնացականյանն ու Մամեդյարովը

Բանակցությունների երկրորդ ռաունդը՝ Նյու Յորքում. ինչի՞ մասին են խոսել Մնացականյանն ու Մամեդյարովը
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարաար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Սա Մնացականյանի արդեն երկրորդ հանդիպումն է Մամեդյարովի հետ: Առաջին՝ ճանաչողական հանդիպումը տեղի էր ունեցել այս տարվա հուլիսին՝ Բրյուսելում: Ու թեև այս հանդիպումների փաստն ինքնին կարելի է դրական համարել՝ հակամարտող երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոնե նվազագույն մակարդակի խաղաղ երկխոսության շարունակականությունը ապահովելու առումով, ցավոք, մինչ այս հանդիպումը և դրան զուգահեռ տեղի ունեցած իրադարձությունները ոչ թե նպաստում են հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլ ընդհակառակը՝ ավելի մեծացնում լարվածությունը:



**Զոհ շփման գծում **



Նույն օրը՝ սեպտեմբերի 26-ին, մոտավորապես նույն ժամերին, երբ Նյու Յորքում ընթանում էր արտգործնախարարների և Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, հայկական կողմը հերթական կորուստն է ունեցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Ըստ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության՝ ժամը 20:10-ի սահմաններում Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999 թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը:



**Փաշինյան-Ալիև հեռակա բանավեճը**



Առայժմ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ընդհանուր քաղաքական իրադրությունը ևս նպաստավոր չէ դիվանագիտական առաջընթաց ապահովելու համար: Լարվածությունը սկսեց աստիճանաբար աճել հատկապես Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից և Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո: Եվ քանի որ ղարաբաղյան հարցը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում շատ կարևոր գործոն է ներքին քաղաքականության մեջ, հեռակա բանավոր «փոխհրաձգությունը» Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև շատ դեպքերում տեղափոխվում էր ներքաղաքական հարթություն:



Նախ, Փաշինյանն ի սկզբանե փորձեց նոր տարր մտցնել բանակցային գործընթացի մեջ՝ հայտարարելով, որ Արցախի իշխանությունները պետք է դառնան խաղաղ բանակցությունների լիարժեք կողմ, և Ադրբեջանը պետք է բանակցի հակամարտության գլխավոր սուբյեկտի՝ պաշտոնական Ստեփանակերտի հետ: Սրան ի պատասխան՝ Ալիևը հայտարարեց, թե Փաշինյանի ասածն անընդունելի է, և Հայաստանի նոր ղեկավարությունը իր «հակասական հայտարարություններով» փորձում է խափանել բանակցությունները: Ավելի ուշ, երբ Փաշինյանի որդին զորակոչվեց ծառայելու Արցախի սահմանապահ զորամասերից մեկում, Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ դա խաղաղասիրական քայլ է, քանի որ պարզ է՝ եթե իր որդուն ուղարկում է Ղարաբաղ, ուրեմն չի ուզում, որ այնտեղ պատերազմ սկսվի և զոհվեն իր որդին ու իր հայրենակիցների որդիները:



Փաշինյանը հույս հայտնեց, որ նույնը կանի նաև Ալիևը, սակայն երբ Ադրբեջանի նախագահի որդին՝ կրտսեր Հեյդար Ալիևը, զորակոչվեց բանակ և մեկնեց ծառայելու ոչ թե առաջնագծում, այլ Բաքվի զորամասերից մեկում, Փաշինյանը հայտարարեց, որ Ալիևը թքած ունի իր զինվորների վրա և հեշտությամբ սրում է իրավիճակը սահմանին՝ իմանալով, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում զոհվելու են «ուրիշ ադրբեջանցիների» որդիները, ոչ թե իր որդին: Հետ չմնալով Հայաստանի ղեկավարից՝ Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել «մարդու իրավունքների զանգվածային խախտումների, քաղաքական հակառակորդների ձերբակալությունների և Հայաստանում դիկտատուրայի նոր ռեժիմի ձևավորման» վրա: Ալիևի մամուլի քարտուղարն էլ հայտարարեց, թե «եթե Փաշինյանը ցանկանում է մնալ իր աթոռին, խորհուրդ ենք տալիս քիթը չմտցնել Ադրբեջանի ներքին գործերի մեջ»:



Նիկոլ Փաշինյանն իր հերթին շեշտեց՝ Ալիևը վախենում է, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները կարող են տեղափոխվել իր երկիր, այդ պատճառով փորձում է շփման գծում իրավիճակը սրելով՝ շեղել ադրբեջանցիների ուշադրությունը ներքին խնդիրներից:



**Մտքերի փոխանակում, մտահոգություն և պարզաբանումներ **



Ահա այսպիսի իրավիճակում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկրորդ հանդիպումը:



Համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ միասին հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։ Միջնորդները, նախ, առանձին են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, հետո տեղի է ունեցել հանդիպում ընդլայնված ձևաչափով, իսկ այնուհետև նախարարներ Մնացականյանն ու Մամեդյարովը առանձազրույց են ունեցել: Հանդիպման մասին տարածված տեղեկությունները բավական աղքատիկ են: Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի արտգործնախարարը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները: Տեղի է ունեցել մտքերի օգտակար փոխանակում հիմնահարցի կարգավորման շուրջ` ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։



Ամփոփելով Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումները՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր հայտարարությամբ տեղեկացրել է, որ համանախագահները նախարարների հետ քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և խնդրել «պարզաբանել վերջերս հնչած որոշ հայտարարություններ և միջադեպեր, որոնք մտահոգության տեղիք են տվել»: Միջնորդները նաև խորը մտահոգություն են հայտնել մահվան շարունակվող դեպքերի կապակցությամբ՝ կոչ անելով կողմերին խուսափել ռազմական հռետորաբանությունից: Եռանախագահները նաև ընդգծել են, որ հակամարտության համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջում բոլոր կողմերից: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են մինչև տարեվերջ նորից հանդիպել: Իսկ եռանախագահները հայտնել են, որ ծրագրում են մոտ ապագայում այցելել տարածաշրջան:



**Գլխավոր թեման եղել է «երկխոսության շարունակման հնարավորությունը» **



«Հրապարակ»-ի հետ զրույցում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին խոսեց արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ կարծիք հայտնելով, որ միջնորդները կազմակերպել են նյույորքյան հանդիպումը շատ պարզ նպատակով՝ շարունակել այն նույն կոնսուլտացիաների շարքը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև այն բանից հետո, երբ Հայաստանում փոխվեց երկրի առաջին դեմքը: Ու թեև սա Մնացականյանի ու Մամեդյարովի առաջին հանդիպումը չէ, համանախագահների համար շատ կարևոր է այս ձևաչափը մտցնել ստանդարտ, հանգիստ բանակցային հունի մեջ:



«Նախարարական բանակցությունների առաջադրանքներից մեկը երկու երկրների առաջին դեմքերի հանդիպման հնարավորությունը պարզելն է, որպեսզի բանակցությունների այդ մակարդակն էլ մտցնեն սովորական հունի մեջ: Բայց վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանդիպումը կազմակերպելու համար անհրաժեշտ է, նախ, կարգավորել մի շարք հարցեր՝ կապված Փաշինյանի՝ ղարաբաղյան հարցին առնչվող հայտարարությունների հետ, որոնք ինքնին ձևավորում են նոր, ավելի բարդ իրավիճակ հիմնախնդրի շուրջ: Եվ Բաքուն ուղղակիորեն խոսում է դրա մասին՝ հայտարարելով, թե Հայաստանի վարչապետի դիրքորոշումն անընդունելի է:



Միաժամանակ Փաշինյանը դժգոհություն է հայտնում Բաքվի դիրքորոշման և հատկապես այն հանգամանքի կապակցությամբ, որ Ադրբեջանը չի ուզում տեսնել Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցությունների սեղանի շուրջ», - մեզ հետ զրույցում մեկնաբանեց Տրոֆիմչուկը՝ ավելացնելով, որ այս իրադարձությունների խորապատկերին գրանցվում են նոր զոհեր հակամարտության գոտում, ինչը ևս խոսում է լարվածության մասին: Ռուսաստանցի փորձագետի կարծիքով՝ «երկխոսության շարունակման հնարավորությունը» եղել է հանդիպման գլխավոր թեման, քանի որ այդ հնարավորությունը դեռ պետք է գնահատել: Սակայն բուն հանդիպումը, Տրոֆիմչուկի խոսքերով, չի կարող նպաստել ընդհանուր լարվածության նվազեցմանը, քանի որ Ադրբեջանը, ավելի պարզ ասած, սպասում է իրավիճակի հետագա ապակայունացում Հայաստանի ներսում, ինչպես նաև հույս ունի ամրապնդել փոխգործակցությունը Ռուսաստանի հետ, մինչև որ վերջինս էլ մինչև վերջ չի կարողանում հասկանալ, թե ով է այսօր կառավարում Հայաստանը և ինչպես:



**Ինչո՞ւ չի ստացվում երկխոսությունը Փաշինյանի ու Ալիևի միջև**



Մեր հարցին, թե ինչո՞ւ առայժմ չի հաջողվում հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, Գրիգորի Տրոֆիմչուկը պատասխանեց, որ Փաշինյանի և Ալիևի միջև ուղիղ երկխոսությունը չի ստացվում միայն այն պատճառով, որ «Բաքուն պատրաստ չէ հընթացս նստել բանակցությունների սեղանի շուրջ Հայաստանի վարչապետի հետ, որը ստանդարտ սահմանադրական գործընթացի արդյունքում չի դարձել երկրի ղեկավար»: «Այդ պատճառով, զգալով հարմար և ոչ ստանդարտ պահը՝ Ադրբեջանը սաստկացնում է իր հռետորաբանությունը բոլոր ուղղություններով՝ այդ թվում հայտարարելով ՀԱՊԿ-ի հետ մերձենալու հնարավորության մասին, ինչպես նաև «հիշեցնելով», որ Հայաստանը չի եղել այն տեղում, որտեղ այսօր է: Բաքուն կարծում է, թե տվյալ պահին ժամանակն ու հնարավորություններն իր կողմից են, բայց ինքն էլ չգիտի՝ ինչպես դրանից օգտվել և ընդհանրապես, կարո՞ղ է դա անել, թե՞ ոչ», - ավելացրեց փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:



**Այնուամենայնիվ հանդիպեցին**



Ի դեպ, Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի նյույորքյան հանդիպումից երկու օր անց՝ սեպտեմբերի 28-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն, այնուամենայնիվ, հանդիպել են Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, որտեղ մեկնել էին մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Անշուշտ, սա ոչ պաշտոնական հանդիպում էր: Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են այն ժամանակ, երբ ԱՊՀ մյուս երկրների ղեկավարների հետ քայլում էին դեպի այն շենքը, որտեղ պիտի տեղի ունենար համաժողովը: Լրատվամիջոցներից մեկի կողմից տարածված տեսանյութում երևում է, որ Փաշինյանն ու Ալիևը մի պահ կողք կողքի են քայլում և հասցնում են մի քանի բառ փոխանակել, սակայն թե ինչի մասին են կոնկրետ խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները, առայժմ հայտնի չէ: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է այս հանդիպման մասին՝ չնշելով մանրամասներ:



«Դուշանբեում իմ ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջև տեղի ունեցավ խոսակցություն: Մանրամասները կպատմեմ Երեւան վերադառնալուց հետո»,- գրել է Փաշինյանը:



**Արամ Սարգսյան**