Արցախում էքսկավատորի վարորդին ծեծել են եւ հորդորել իրենից Փաշինյան չերեւակայել

Արցախում էքսկավատորի վարորդին ծեծել են եւ հորդորել իրենից Փաշինյան չերեւակայել
Արցախի Շոշ գյուղում բողոքի ակցիա է տեղի ունեցել ի պաշտպանություն նույն գյուղի բնակիչ Սողոմոն Մելքումյանի, ով մի քանի օր առաջ ծեծի էր ենթարկվել Արցախի ռազմական կոմիստար Մխիթար Ավշարյանի հրահանգով։ Ծեծի ենթարկվածը էքսկավատորի վարորդ է։ Ճանապարհային աշխատանքների ժամանակ փակել էր փողոցներից մեկը, երբ նրան էր մոտեցել Մխիթար Ավշարյանը եւ ասել, որ սա Հայաստանը չէ, որ ճանապարհներ փակեն ու իրենց Փաշինյան երեւակայեն։ Ապա պահանջել էր բացել ճանապարհը։



Սողոմոն Մելքումյանն էլ ասել էր, որ թող շրջանցի, սակայն դա ավելի էր զայրացրել զինվորական կոմիսարին եւ ճանապարհը բացվել էր։ Երեկոյան Սողոմոն Մելքումյանի մոտ էր եկել կոմիսարի որդին, ով հանդիսանում է Արցախի ԱԱԾ աշխատակից եւ ծեծել էր էքսկավատորիստին։ Գյուղացիները պահանջում են պատժել մեղավորներին, իսկ Մխիթար Ավշարյանից էլ պահանջում են պաշտոնաթող լինել։ Ինքը՝ Ավշարյանը եկել է տուժածին այցի եւ խոստացել, որ ազատման դիմում կգրի։