ԱԱԾ-ն նոր բացահայտում է խոստանում

ԱԱԾ-ն նոր բացահայտում է խոստանում
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՔԾ պետի հետ իր հեռախոսազրույցի առիթով հրավիրած հրատապ ասուլիսի ավարտին աճպարարի պես թեւքից հանեց մի նոր «բադիկ»՝ հերթական սենսացիան ստեղծելով։ Նա հայտնեց, որ նոր քրեական գործ կա Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ՝ փողերի լվացում։ Սա, թերեւս, նորություն էր եւ նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը նաեւ տնտեսական ուղղություն է ստանում։ «Կհրապարակենք, թե ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում, ու մնացած ունեցվածքը: Ունենք ցուցմունք, հիմնավոր ապացույցներ: Ունենք սխեմա, թե ինչպես է գալիս եւ հասնում, եւ Քոչարյանի ընտանիքը դառնում է վերջնական սեփականատեր: Գիտենք, թե այդ գումարն ինչպես փոխանցվեց Քոչարյանի ընտանիքին: Ունեցվածքի գործով մեկ շաբաթ-տասն օր առաջ քրեական գործ է հարուցվել փողերի լվացման հոդվածով: Խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների մասին է»,- ասաց Վանեցյանն ասուլիսի ժամանակ:



ԱԱԾ մամուլի կենտրոնի տնօրեն **Սամսոն Գալստյանն** ընդամենը հաստատեց, որ կա անձ, որն ԱԱԾ-ին տեղեկություններ է հայտնել «Կոնգրես» հյուրանոցի վաճառքի մասին, եւ որ գործ է քննվում փողերի լվացման փաստի առթիվ։ «Կոնգրես» հյուրանոցի կառավարման բաժինը հրաժարվեց մեկնաբանել սա։



Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանող փաստաբան Հայկ Ալումյանը մեզ հայտնեց, որ իր վստահորդին նոր մեղադրանք չի առաջադրվել։ «Մենք հայտարարությանը ծանոթ ենք, իսկ թե ինչի մասին է խոսքը, մենք չգիտենք։ Այդ մասով մեղադրանք առաջադրված չէ, եւ ես չեմ կարող մեկնաբանել մի բան, որի վերաբերյալ ո՛չ ես, ո՛չ իմ վստահորդը տեղեկություններ չունենք»,- ասաց փաստաբանը։ «Կոնցերտ դիալոգ» ընկերությունից, որը զբաղվում է Քոչարյանի պաշտպանությամբ, նույնպես հայտնեցին, որ որեւէ իրազեկում չեն ստացել։ Երկրորդ նախագահի գրասենյակը փողերի լվացման վերաբերյալ ԱԱԾ պետի հայտարարությունը դիտարկում է որպես քաղաքական հետապնդման նոր փուլ։ «Վարչապետի, ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի ելույթներից պարզ է դառնում. տեսնելով, որ շինծու գործի միջոցով հնարավոր չէ կալանավորել եւ հետապնդման ենթարկել նախագահ Քոչարյանին` հեռացնելով նրան քաղաքական դաշտից, ինչպես նաեւ համոզվելով, որ ապօրինի հարստացման եւ առասպելական ունեցվածքի մասին խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում, իշխանությունները նոր միջոցի են դիմում` հայտարարելով, թե Քոչարյանների ընտանիքը փողերի լվացմամբ է զբաղվել: Թե ինչ արժեն այս հայտարարությունները, որ արված են հայտնի հեռախոսազրույցների մասնակիցների կողմից, առաջարկում ենք, որ հանրությունը որոշի: Սակայն ակնհայտ է, որ նախագահ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումները շարունակվում են եւ նոր շրջան են մտնում»,- ասված է հաղորդագրության մեջ։



Իտալական «Ռենկո քոնսթրաքշն» ընկերության կողմից կառուցված «Կոնգրես» 4-աստղանին, որի տերը նույն ընկերության «դուստրն» էր՝ «Ռենկո Արմստեյտը», Հայաստանի մամուլը վաղուց է կապում երկրորդ նախագահի անվան հետ։ Որպես Քոչարյանների ունեցվածքի մի մաս, այն նշվել է ռուսական «Վերսիա» պարբերականի 2014 թ․ հայտնի հրապարակման մեջ։ «Ռենկո քոնսթրաքշն» ընկերությունը 2001 թվականին Հայաստանի շինարարական շուկա մտցրեց հենց Ռոբերտ Քոչարյանը։ Այն «յուղոտ» պատվերներ էր ստանում ՀՀ բարձր իշխանությունից՝ «Երեւան» հյուրանոցը, Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկանգառը, «Piazza Grande» համալիրը, նաեւ առաջին «էլիտարն» Անգլիական այգում։ Այդ շենքի, ինչպես նաեւ «Կոնգրես» հյուրանոցի կառուցման համար ահռելի տարածք «կտրեցին» այգուց։ Ապօրինի այս որոշումն իր ստորագրությամբ եւ Քոչարյանի հրահանգով վավերացրել էր Նարեկ Սարգսյանը, որն այն ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետն էր։ «Ռենկո» հոլդինգն այնքան գոհ էր իր համար ստեղծված առանձնահատուկ պայմաններից, որ գլխավոր տնօրեն Ջովանի Ռուբինին հերթական հյուրանոցի բացման ժամանակ ընդգծել էր, որ իրենց ներդրումները լիովին արդարացրել են «Ռենկոյի» ակնկալիքները: 2015 թվականին մամուլում հրապարակումներ եղան առ այն, որ «Ռենկոն» վաճառել է 4-աստղանի «Կոնգրեսը» Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նույնիսկ այս մասին հայտարարություն էր արել։ Մարտի վերջին նա ասել էր, որ «Սեդրակ Քոչարյանի ընկերություններից մեկը» բանակցություններ է վարում «Կոնգրես» հյուրանոցը գնելու ուղղությամբ։



«Առավոտ» թերթն էր ուսումնասիրել «Ռենկոյի» հարկային մուծումները եւ բացահայտել, որ 2015 թ․ առաջին եռամսյակում այն պետբյուջե է վճարել 1 միլիարդ 957 միլիոն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 608.5 միլիոն դրամի դիմաց, խոշոր հարկատուների ցանկում 45-րդ տեղից թռիչք կատարելով 10-րդ հորիզոնական։ Եզրակացությունն այն էր, որ առեւտրով կամ ներմուծումներով չզբաղվող ընկերության անուղղակի հարկերը կտրուկ աճել են գույքի խոշոր վաճառքի հետեւանքով։ «Հաշվի առնելով հարկային տվյալները՝ կարելի է եզրակացնել, որ «Ռենկոն» արդեն վաճառել է Congress հյուրանոցը (թեպետ ընկերության պաշտոնական կայքում դեռ այն նշվում է որպես «Ռենկոյի» սեփականություն): Ընդ որում, հաշվի առնելով Վ. Սողոմոնյանի խոսքերը՝ կարելի է եզրակացնել, որ հյուրանոցը վաճառվել է հենց Ռոբերտ Քոչարյանի որդուն»,- գրել է թերթը։ Հաշվարկվել էր անգամ գործարքի գինը՝ 13.7 միլիոն ԱՄՆ դոլար: Եվ ահա այս գործարքը, որի մասին որեւէ պաշտոնական տեղեկություն չկա, 3 տարի անց գրավում է իրավապահների ուշադրությունը։ Քոչարյանին պատրաստվում են մեղադրել «Կոնգրես» հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառքով ձեռք բերելու մեջ։ Ո՞վ է ձեռք բերողը, եւ ո՞ւմ է վճարվել 6 մլն դոլար կաշառքը, ինչի՞ համար, միայն գուշակել կարելի է։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**