Մահացու հիվանդ մարդուն նկարել ու հրապարակել առանց իր իմացության, մի շապիկով, նողկալի է․․․

Մահացու հիվանդ մարդուն նկարել ու հրապարակել առանց իր իմացության, մի շապիկով, նողկալի է․․․
Դեռևս ժամանակին Վիկտոր Հյուգոն ասել է․ «Ինձ համար կարևոր չէ, թե ում կողմնակից է ուժը, ինձ համար կարևոր է, թե ում կողմնակից է իրավունքը»։ Յուրաքանչյուր մարդ ունի իրավունք։ Եվ եթե թվում է, որ հանցանք գործած մարդը իրավունք չունի և նրա հետ կարող եք վարվել ինչպես ուզում եք, չարաչար սխալվում եք։



Անազատության մեջ գտնվող մարդը ամենախոցելին է։ Նա պետք է պաշտպանված լինի պետության, օրենքի, հասարակության կողմից և նրան ստորացնելը, նսեմացնելը օրենքի շրջանականերում պետք է պատժվի։ Ի՜նչ աղմուկ էիք բարձրացրել, երբ լրագրողներից մեկը կանանց գաղութում նկարահանում էր արել։ Դա համարում էիք ծաղր, մարդու արժանապատվության խախտում։



․․․Իսկ ծա՞ղր, սադիզմ ու ստորացում չէ՞, երբ կալանավորված ու ծանր, մահացու, ընկճված հիվանդ մարդուն, ով քիմիա է ընդունում, նկարել առանց իր իմացության՝ մի շապիկով․․․ Սովետական կարգերը հրեշավոր էիք համարում, բայց այնտեղ, այդ տարիներին աշխատել եմ, երբ որևէ կալանավորի նկարում էին, զգուշացնում էին, կարգի բերում նրա տեսքը, հագուստը․․․



Պատժեք մարդուն, պատժեք խիստ, եթե դրան արժանի մեղք է գործել, բայց մի նվաստացրեք․․․ Նվաստացնողները, ստորացնողները իրենց հոգեբանությամբ ավելի հրեշավոր են ու եթե խաղում եք հանրության հուզական ստեղնաշարի վրա, ասեմ, որ այդ հանրությունը բազմաշերտ է և հակառակ ազդեցությունն է գործելու։ Մտածող, դատող մասը նողկանք է զգում, զգալու․․․ Սա իրավունքի կոպիտ խախտում է։ Եվ նկարողը, և հրապարակողը պատասխանատվության պետք է ենթարկվեն։ Եթե օրենքի երկիր ենք։



Բոլոր երկրներում էլ կա ծայրահեղական մի մասսա, որ արյուն է տենչում, ոչնչացում, ավերում։ Իշխանությունն առաջին հերթին զգուշանում է նրանցից։ Մեզ մոտ հակառակն է։ Սարսափելին հենց դա է։



Հասմիկ Բաբաջանյան