Խոսքը թռչունի նման է, քարով մի խփեք․․․

Խոսքը թռչունի նման է, քարով մի խփեք․․․
Կան, չէ՞, դաշտեր, որոնք միայն ալ կարմիր  կամ դեղին են։ Երբ նրանց մեջ մի այլ գույնի ծաղիկ ես տեսնում, ուշադրությունդ սևեռում ես նրա վրա․ կխեղդե՞ն նրան, կհարմարեցնե՞ն իրենց գույնին։ Դա իմանալու համար, ինչքա՜ն է պատահել,  մի քանի օր հետո նույն վայրում եմ եղել ու ցնծացել՝ այդ գույնը կա։ Ու հազարավորների մեջ ինքն է նկատվում, տարբերվում։



Միակարծությունը այնքա՜ն ձանձրալի է, տխուր։ Մի գույնանի դաշտի նման։ Պատկերացրեք մի տարածք, ուր թթվածին չկա ու «բերաններս ձկան նման բացուխուփ ենք անում։ Օ՜դ։ Շատ հաճախ եմ լսում՝ ոնց որ օդ չկա։ Երբ զրուցում ես, լսում, հասկանում, ասում է՝ ամեն ինչ անցավ, լավ եմ հիմա․․․ Դա այն է, երբ մարդը տարածք է գտնում, մարդ է գտնում իր կարծիքը, տեսակետը ազատ հայտնելու, կիսվելու, երբ իրեն լսում են։



Ինչը ինձ ստիպեց արտահայտվելու։ Չեմ ուզում այն տեսակը, որը իմը չէ, չլինի։ Այն կարծիքը, որը հակադրվում է իմ կարծիքին, չհնչի։ Այն մարդը, որ ինձ նման չի, վերանա։



Վերջին շրջանում հաճախ եմ փնտրում մեր ճանաչածներից շատերի ֆեյսբուքյան էջերը, որպեսզի հասկանամ՝ ի՞նչ են մտածում նրանք։ Ու գիտե՞ք, սարսափելի՜ է, փակ են նրանց ֆեյսբուքյան էջերը։ Նրանք գոյություն ունեին, խոսում էին, հիմա լռել են։ Աշխարհում ավելի սարսափելի բան չկա, քան լռող ջուրը․․․ Լռել են, որովհետև հայհոյանքները փակել են գետի հոսքը․․․



Թող գետը հոսի։ Քար մի նետեք։ Խոսքը թռչունի նման է, քարով մի խփեք։ Մի վերացրեք պայքարող, հակադրվող տեսակը, թթվածնային քաղց կառաջանա։ Նույն բանն ասել եմ նախորդների ժամանակ՝ ավելի կոշտ, կոպիտ։ Հիմա նուրբ եմ ասում՝ գիտե՞ք ինչու։ Որովհետև յուրաքանչյուր պարկեշտ, իրեն հարգող մարդ վատ է զգում, երբ հայհոյանք է լսում, անտեղի հայհոյանք։ Իսկ հիմա հակադրվելու միակ ձևը հայհոյանքն է, էժանագին հայհոյանքը։  



Այնքա՜ն բան կա, որ կուզեի ասել ու չեմ ասելու․․․ Որովհետև, նորից եմ ասում, խոսքը թռչունի նման է, չի թռչի այն տարածքով, ուր քարերն առած սպասում են․․․



Հասմիկ Բաբաջանյան