Բարեկրթությունը և դաստիարակությունը ցանկացած հասարակության մեջ ցանկալի են

Բարեկրթությունը և դաստիարակությունը ցանկացած հասարակության մեջ ցանկալի են
Մերօրյա մեդիադաշտը վերածվել է մի իսկական պատերազմի դաշտի: Հակառակորդ բանակների, համախոհների, ալյանսների ու դաշնակիցների պակաս չկա: Մի հոդված, կարծիք հրապարակելուն պես միանգամից սկսվում են առցանց ռազմական գործողությունները ամենաիսկական պատերազմական կանոններով՝ հետախուզում, որ հայտնաբերեն «հոդվածի պատվիրատուին», հրետանային նախապատրաստում, որ չեզոքացնեն համակարծիքների բանակը, եւ հետեւակի հարձակում՝ հակառակորդի վերջնական ջախջախման համար: Կարծում եմ՝ հասկացաք, որ նման զուգահեռներն անցկացնում եմ «ստատուսչիկներին» բնութագրելու համար, որոնք փրփրաբերան, ինքնամոռաց սկսում են պաշտպանել ինչ-որ մեկին եւ այնքան են ծավալվում, որ բուն նյութը թողած՝ թիրախավորում են կոնկրետ օգտատիրոջ: Մեթոդներն ու բառապաշարն էլ զզվելի են: Նայում ես նրանց նկարներին՝ պարկեշտ մարդիկ, մանավանդ՝ երբ ընտանիքի կամ երեխաների հետ են նկարված, բայց մեկնաբանությունները… նման փողոցային բառապաշարի կրիմինալ գետտոների գանգստերները կնախանձեին: Էլ հեր ու մեր, էլ քաչալ շուն:



Բա որ սկսում են խիստ գրական ու վերջացնում ամենավերջին հայհոյանքներով կամ պաշտպանում են իրենց համակրած անձնավորությանը՝ նրա ընդդիմախոսին լուտանքներով ողողելով: Մտածում ես՝ չափի զգացումն ինչ է, որ սրանք չունեն: Ախր պետիդ, շեֆիդ ու էլ չգիտեմ ում նման ձեւով պաշտպանելով՝ միայն արջի ծառայություն ես մատուցում: Հազիվ թե նորմալ մարդը ցանկություն հայտնի անդամագրվել մի կուսակցության, որտեղ շեֆին նման այլանդակ ձեւով պաշտպանողների հսկա բանակ կա՝ գաղափարական, համոզմունքների զրոյական կապիտալով, բայց փոխարենը անձնավորված սիրո եւ հավատարմության կույր զգացումով համակված։ Քֆուր-քյաֆարով դիմացինին լռեցնելը եւ սեփական կարծիքը լսելի դարձնելը նորմա՞լ է, բա դաստիարակությունը, շնորհքն ո՞ւր մնացին: Կամ՝ չե՞ք մտածել, որ ձեր գրածները կարող են նաեւ կարդալ ձեր բարեկամ-ծանոթները, կինն ու դուստրերը, որոնք առիթը բաց չեն թողնում ձեր «բարձր մարդկային եւ բարոյական» հատկանիշները գովելու համար: Հիմա ինձ լսեք, անսեռ ու անդեմք ստատուսչիկներ:



Սեփական մինուսային արժեհամակարգը սոցցանցերում ի ցույց դնելու փոխարեն լավ կանեիք ձեր տեսակետներին չհամընկնող հոդվածներին հակադարձեիք մարդավարի եւ մարդավայել բառապաշարով կամ հոդված գրելով, որտեղ կշարադրեիք ձեր տեսակետը: Չէ՞ որ, պաշտպանելով ինչ-որ մեկին կամ գաղափար, նպատակ ունեք նաեւ համակիրների բանակը մեծացնել: Համոզված եմ, որ իրեն հարգող ցանկացած լրատվամիջոց նման պարագայում ուրախությամբ հարթակ կտրամադրի: Թե չէ՝ «ով որ այսինչին բան ասի, ես նրա…» կամ՝ «ով որ ինձ բան ասի, ինքը…»: Նման լակոտական վարքագծի դրսեւորումն ուղղակի հավասարեցնում է պաշտպանյալին նրան պաշտպանողների հետ: Էլ չեմ ասում այն երեւույթների մասին, երբ փողոցային մակարդակի են իջնում ոչ շարքային դեմքերը, դե արի ու նման ստատուսները կարդալուց հետո լուրջ ընդունի նրանց եւ նրանց պաշտոնական հայտարարությունները:



Մարդ եղեք, էլի, մարդ մնացեք, մի նվաստացրեք ո՛չ ձեզ, ո՛չ ձեզ համար անընդունելի այլախոհին: Բարեկրթությունը եւ դաստիարակությունը ցանկացած հասարակության մեջ էլ ցանկալի են:



**Կարեն ՄԵԼՅԱՆ**