Մենք ստեղծում ենք ներքին ժողովրդավարությամբ օժտված գաղափարական ուժ

Մենք ստեղծում ենք ներքին ժողովրդավարությամբ օժտված գաղափարական ուժ
Նոր կուսակցություն հիմնելու և հայաստանյան վերջին քաղաքական զարգացումների հետ կապված մեր հարցերին պատասխանել է քաղաքագետ Էդգար Առաքելյանը:



**-Տեղեկացել ենք, որ կուսակցություն եք հիմնում, ինչու՞ որոշեցիք Հայաստանում մի քանի տասնյակ կուսակցությունների շարքը համալրել ևս մեկով:**



-Այն, ինչ նախաձեռնել ենք իմ ընկերների և համախոհների հետ, արել ենք ամուր համոզմունքով, որ նոր ստեղծվելիք քաղաքական ուժը պարզապես չի համալրի հայաստանյան քաղաքական դաշտի տասնյակ կուսակցությունների շարքն, այլ իր ակտիվությամբ, այլընտրանքային մոտեցումներով և լուծումներով, նոր գաղափարներով միանշանակ կտարբերվի: Բազմիցս նշել եմ, որ Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում պետք է առաջ գան այնպիսի քաղաքական ուժեր, որոնք ադեկվատ կլինեն ներկա գործընթացների պահանջներին ու սկզբունքներին, ժողովրդավարական զարգացումների տրամաբանությանն ու հեռանկարներին՝ ոչ միայն թղթի վրա գրած ծրագրերով և կանոնադրությամբ , այլև՝ գործնականում: Հայաստանում ժողովրդավարությունը պետք է տարածվի, ամրապնդվի նաև քաղաքական ինստիտուտներում ու, առաջին հերթին՝ կուսակցություններում: Առանց ներքին ժողովրդավարությամբ առաջնորդվող քաղաքական ուժերի՝ մեծ առումով, Հայաստանում ժողովրդավարությունը հեռանկար չունի: Մենք ցանկանում ենք ստեղծել նոր, նման քաղաքական ուժ և համոզված ենք, որ կհաջողենք:



**-Ո՞ր դաշտում եք գործելու՝ ազգային, լիբերալ, արևմտամետ, ռուսամետ, ի՞նչ ունեք տալու հանրությանը, ովքե՞ր և ինչո՞ւ պիտի դառնան ձեր թիմի անդամ, դառնալո՞ւ եք հերթականը, թե՞ կար բաց տեղ, որը պատրաստվում եք լրացնել:**



-Եթե խոսում ենք գաղափարախոսական ուղղվածության մասին, ապա՝ բնականաբար, լինելու ենք լիբերալ քաղաքական ուժ, ավելի կոնկրետ, աջ կենտրոնամետ ուղղվածությամբ՝ հստակ սոցիալական շեշտադրումներով: Ես արդեն նշեցի, որ համալրելու ենք քաղաքական դաշտը ոչ որպես հերթական, այլ որպես ներքին ժողովրդավարությամբ օժտված, գաղափարական քաղաքական ուժ, որը, պիտի նշեմ անպայման, գործընկերների ընտրության առումով էլ շեշտը դնելու է այդ սկզբունքների վրա՝ անկախ նրանից, թե այսօրվա քաղաքական դաշտում այս կամ այն կուսակցությունը ինչ կշիռ է ունեցել և ունի:



Ցանկացած ընտրական գործընթացում միշտ լինում է բաց տեղ, այսպես ասած, ազատ էլեկտորատ և հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե ինչպես ես դու դիրքավորում այդ դաշտում՝ հաշվի առնելով նաև Հայաստանում ստեղծված ոչ սովորական քաղաքական իրավիճակը: Ես կարծում եմ՝ գալիք ընտրություններում մեծապես լինելու է գաղափարական-ծրագրային պայքար՝ փողի և ընտրակաշառքի գործոնի շեշտակի նվազմամբ: Այս իրավիճակում անհրաժեշտ է խնդիրների լուծման այլընտրանքային մոտեցումների առաջադրում, այդ թվում՝ արտաքին քաղաքական շեշտադրումներում, ինչը մեր թիմն ի զորու է անել:



Արտաքին քաղաքական կողմնորոշումների հետ կապված պետք է նշեմ, որ ինձ համար մշտապես անընդունելի և ծայրահեղական է համարվել քաղաքական ուժերի և գործիչների դասակարգումը արևմտամետների և ռուսամետների՝ առավել ևս, Հայաստանում տեղի ունեցող գործընթացները նման վտանգավոր պրիզմայով դիտարկելը: Հայաստանում աշխարհաքաղաքական նման ծայրահեղ տարանջատումներով և աշխարհաքաղաքական հենքով որևէ քաղաքական գործընթաց, ոչ միայն չունի հանրային լայն աջակցություն, այլև վտանգավոր է մեր պետության անվտանգության տեսանկյունից: Արտաքին քաղաքական կողմնորոշումներում էլ մենք ունենք, այսպես ասեմ, կենտրոնամետ դիրքորոում, որի հիմքը հայաստանակենտրոնությունն ու հայաստանամետությունն է՝ հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ, միևնույն ժամանակ հասկանալով, որ այդ հավասարակշռության նժարն օբեկտիվորեն կողմերից որևէ մեկի ուղղությամբ մի փոքր ավելի ծանր է լինելու: Ես համոզված եմ, որ այս մոտեցումն է լինելու աշխարհաքաղաքական ծայրահեղ բևեռված մոտեցման՝ արևմտամետության և ռուսամետության (կամ հակառուսականության և հակաարւմտականության) այլընտրանքը:



**-Առաջիկա ՏԻՄ, համապետական ընտրություններին մասնակցելո՞ւ եք:**



-Քանի որ դեռևս գտնվում ենք կուսակցության կազմավորման և պետական գրանցման փուլում, որը օրենքով նախատեսում է առնվազն երկամսյա ժամկետ, ապա Երևան քաղաքաի ավագանու ընտրություններին չենք հասցնի մասնակցել: Մենք կկենտրոնանանք սպասվելիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու վրա, ինչպես նաև մեր մասնակցություևը կունենանք ՏԻՄ ընտրություններում այն համայնքներում, որտեղ մեր հաղթանակի հնարավորությունները բարձր կհամարենք:



**-Թավշյա հեղափոխությունից հետո այլեւս մոդայիկ չէ ընդդիմադիր լինելը, քաղաքական փորձառու գործիչներ փաստում են, որ հիմա դժվար ժամանակներ են քաղաքական մրցակցության տեսանկյունից: Դուք ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը, եւ առաջիկա ընտրապայքարներում ինչի շուրջ է լինելու թիմերի պայքարը:**



-Հայաստանում այսօր ստեղծվել է մի քաղաքական իրավիճակ, որը դասական քաղաքագիտական բնորոշում չունի: Այստեղ խնդիրը ոչ թե ընդիմադիր լինելու մոդայիկ լինել-չլինելու մեջ է, այլ նրանում, թե կա՞ արդյոք Հայաստանում իշխանություն՝ իր դասական իմաստով և, եթե ընդդիմադիր ես , ապա՝ ու՞մ և ինչի՞ն: Որպես քաղաքագետ կարող եմ փաստել, որ դասական քաղաքագիտական կանոններին համապատասխան, Հայաստանում չկա իշխանություն և հետևաբար՝ չկա ընդդիմություն: Այսօրվա կառավարությունը ազգային ժողովում չունի մեծամասնություն, որպեսզի ունենա ֆորմալ իշխանություն և հակառակը, այսօր ֆորմալ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը չի տիրապետում կառավարությանը՝ գործադիր իշխանություն իրականացնելու համար: Մենք ունենք հեղափոխական, ժամանակավոր, խայտաբղետ քաղաքական կազմով կառավարություն և ի դեմս Նիկոլ Փաշինյանի այդ կառավարության ղեկավար, ով հանրային աննախադեպ աջակցության ուժով իրականացնում է գործադիր իշխանությունը: Այս պարագայում խոսել դասական ընդդիմադիր պայքարի մասին, կարծում եմ, անիմաստ է, առավել ևս, որ Հայաստանում հեղափոխական գործընթացները դեռ շարունակվում են:



**-Իսկ լավագույն դեպքում, եթե ընդդիմություն, ապա ՀՀԿ-ին, ով այսօր խորհրդարանում դեռևս ֆորմալ մեծամասնություն է և ընդդիմություն այն նախկին համակարգին, որի պաշտպանները՝ երկրորդ նախագահին կալանքից ազատելու ստորագրահավաքը ցույց տվեց, որ քիչ չեն և փորձում են ռեաբիլիտացվել:**



-Այս իրավիճակում պայքարել որոշակի էլեկտորատի համար, խոստովանենք, որ դժվար է, բայց միևնույն ժամանակ բավականին լավ հնարավորություն է ստեղծվել գաղափարական և ծրագրային պայքար տանելու համար: Պետք է առաջարկվեն այլընտրանքային լուծումներ, համոզված եմ, որ բոլոր պարագաներում, այլընտրանք միշտ կա, պարզապես անհրաժեշտ է այն ճիշտ ներկայացնել: Կարծում եմ առաջիկա նախընտրական պայքարը արժեհամակարգային, քաղաքակրթական պայքար է լինելու, պայքար՝ հին համակարգի ու նորի, օլիգարխի ու հակաօլիգարխի, հեղափոխության ու հակահեղափոխության միջև:



**-Ձեր գնահատականը Հայաստանում կատարվող վերջին իրադարձություններին: Չնայած նոր իշխանությունների հավաստիացումներին, որ զերծ կմնան վենդետաներից, սակայն մի քանի ամսվա գործողությունները հակառակի մասին են վկայում: Երկրորդ նախագահի կալանավորումը ընդունելի՞ է ձեզ համար:**



-Ես արդեն նշեցի, որ Հայաստանում հեղափոխությունը դեռ շարունակվում է: Երկրորդ նախագահի կալանավորման փաստը, երևույթն ինձ համար նույնպես հեղափոխություն էր: Սա խորհրդանիշն է այն բանի, որ Հայաստանում այլևս ամենացածր ու ամենաբարձր պաշտոնյան կարող են հայտնվել նույն բանտախցում, եթե երբևէ օրենքի հետ խնդիր են ունեցել: Համոզված եմ, որ այսօրվա արդարադատությունն անհամեմատ ավելի արդար է , քան Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում էր և այս առումով , կարծում եմ, Քոչարյանն անհանգստանալու խնդիր չունի և, եթե ապացուցվեց անմեղությունը, ապա ազատ կարձակվի: Ինձ համար նաև տարօրինակ է որոշ քաղաքական ուժերի ու գործիչների այն պնդումներն, որ այ տեսեք՝ կալանավորել եք երկրորդ նախագահին, նախկին գերագույն գլխավոր հրամանատարին, կտեսնի թուրքը, կոգևորվի, կհարձակվի...և նման բաներ: Հիշեցնեմ , որ այդ նույն մարդիկ գրեթե նույն պատճառաբանությամբ էին դեմ արտահայտվում Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը, բայց երբ ամեն ինչ ջրի երես դուրս եկավ լացակումաց ձայնով ու հեկեկալով փորձում էին բացատրել, որ իրենք չէին պատկերացնում , որ իրավիճակը այս աստիճան լուրջ է: Ես չեմ համարում, որ Հայաստանում տեղի ունեցածը վենդետա է, պարզապես երևույթը բացառիկ է ոչ միայան Հայաստանի, այլև ,գրեթե ողջ հետսովետական տարածաշրջանի համար, ուստի նման արձագանքներն ինձ համար անսպասելի չէին: