Ե՞րբ կդառնա Փաշինյանը սուպերվարչապետից վարչապետ (տեսանյութ)

Ե՞րբ կդառնա Փաշինյանը սուպերվարչապետից վարչապետ (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միտք ունի հրաժարվել հատուկ Սերժ Սարգսյանի համար «կարած» սուպերվարչապետական «պատմուճանից», բայց ոչ հիմա։ Այսօր հրավիրված ասուլիսում, երբ **Hraparak.am**-ը նրան հիշեցրեց, որ ինքը հանգամանքների բերումով այսօր կրում է այն սուպերվարչապետական լիազորություններով «պատմուճանը», որը Հրայր Թովմասյանը կարել էր հատուկ Սերժ Սարգսյանի հագով։ «Սազո՞ւմ ա, հա՞»-ընդհատեց հարցն ու հումոր արեց վարչապետը։ Ի վերջո հարցրինք նրան՝ արդյոք մտադի՞ր է հրաժարվել այդ սուպերվարչապետական լիազորություններից, նվազեցնել դրանք ու բալանսավորել վարչապետի և նախագահի լիազորությունները, հատկապես, որ ընտրությունների ժամանակ այդ սուպերվարչապետական լիազորությունները կարող են դիտվել որպես լուրջ առավելություն և լծակ իր դեպքում։



«Այո, միանշանակ այո, բայց ես ուզում եմ ասել հետևյալը։ Ես նոր խոսում էի, որ մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի, օրինակ, ոստիկանական համակարգի, քննչական համակարգի, այլ պետական համակարգերի կայունությունը չխաթարենք։ Առավելևս, ընդհանուր պետական կառավարման համակարգում մենք բալանսավորման քաղաքականության պետք է գնանք էնտեղ, որ պետական համակարգի կայունությունը չխաթարենք»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այդ բալանսավորումը մի օրում չի կարող տեղի ունենալ։ Ինչ վերաբերում է լիազորությունների բալանսավորմանը նախագահի և վարչապետի միջև, Նիկոլ Փաշինյանը զարմացավ․ «Իսկ ո՞վ է ասել, որ բալասնավորումը պետք է տեղի ունենա նախագահի և վարչապետի միջև»։ Ապա մեզ հարց ուղղեց․ «Հիմա Դուք, օրինակ, գիտե՞ք, թե ով է Գերմանիայի Դաշնության նախագահը»։



Եվ զարմացավ, երբ ասացինք, որ գիտենք՝ նախկին արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ «Հա, շնորհավորում եմ Ձեզ էդ կապակցությամբ, որովհետև շատերը չգիտեն։ Ձեզ խորհուրդ եմ տալիս «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին մասնակցել։ Հաջողություն կունենաք անպայման»,-ասաց վարչապետը։



Ապա շարունակեց մեր հարցի պատասխանը․ «Ես նկատի ունեմ, երբ որ մենք խորհրդարանական կառավարման համակարգ ենք ստեղծել, էսօրվա մեր Սահմանադրությամբ հանրապետության նախագահն ունի արարողակարգային գործառույթներ, և բալանսավորումը պետք է տեղի ունենա ոչ թե նախագահի և վարչապետի միջև, այլ բալանսավորումը պետք է տեղի ունենա կառավարության և Ազգային ժողովի միջև։ Եվ սա է խորհրդարանական համակարգի տրամաբանությունը։ Եթե որևէ մեկը մտածում է, որ որևէ երկրում պետությունը կարող է ունենալ երկու ղեկավար, դա պետության վերջն է։ Հայաստանի Հանրապետությունում պետությունը չի կարող ունենալ երկու ղեկավար, ինչպես Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը չի կարող ունենալ երկու ղեկավար»։



Վարչապետի խոսքով՝ բալասնավորումը պետք է տեղի ունենա օրենսդիր, գործադիր և դատական իշխանության միջև, ինչպես նաև քաղհասարակության լծակները պետք է ուժեղացվեն, այդ թվում՝ չորրորդ իշխանությունը պետք է ուժեղացվի, որ վերահսկողություն իրականացնի այդ ամենի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, չբացառեց, ավելին, կարծում է՝ ճիշտ կլինի, որ նախագահի ինստիտուտի համար ևս մեկ-երկու արարողակարգային լիազորություններ ավելացվեն։ Իսկ երբ հարցրինք՝ ե՞րբ պետք է այդ ամենը լինի, Փաշինյանն ասաց՝ հընթացս։ Այսինքն՝ մինչև ընտրություննե՞ր։



«Ես կարծում եմ, որ մինչև ընտրությունները մենք դրամատիկ քայլերի շատ չենք գնա, որովհետև, ի վերջո, տեղի է ունեցել մի իրադարձություն, և կարծում եմ, որ այսօր կառավարությունն ունի մանդատ՝ իրականացնելու հեղափոխության բոլոր նպատակները։ Մենք մեզ պարտավորված ենք զգում ժողովրդի տված մանդատն իրագործել, այդ թվում և սուպերվարչապետական համակարգը քայլ-քայլ վարչապետական կառավարման համակարգի վերածելու համար, և մենք դա անպայման կանենք»,-եզրափակեց «սուպերվարչապետ» Փաշինյանը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**