Զինծառայողին ո՛չ նորմալ բուժել են, ոչ էլ հաշմանդամության կարգ շնորհել.(լուսանկար)

Զինծառայողին ո՛չ նորմալ բուժել են, ոչ էլ հաշմանդամության կարգ շնորհել.(լուսանկար)
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ Երվանդ Նիկոլյանը 2016 թվականին զորակոչվել է բանակ՝ իր քաղաքացիական պարտքը կատարելու, բայց ժամկետից շուտ ազատվել է ծառայությունից ու բազմաթիվ խնդիրներով վերադարձել տուն։ Երվանդը բանակ է զորակոչվել առանց այն էլ առողջական խնդիրներով, առողջական նոր խնդիրներ է ձեռք բերել։ Բանը հասել է նրան, որ 1 տարի 6 ամիս անց նրան ազատել են ծառայությունից՝ զինգրքույկում նշելով, որ պիտանի չէ ծառայության համար։ Ձեռք բերած հիվադնությունները, որոնցից մեկը սրտի հետ է կապված, մյուսը՝ ալերգիա՝ մաշկի ցան, ըստ բժիշկների, թուլլ են տալիս, որ Երվանդ Նիկոլյանին շնորհվի հաշմանադամության կարգ, բայց անհասկանալի պատճառներով նրան չեն շնորհել այդ կարգը՝ տղային գցելով բյուրոկրատական քաշքշուկների մեջ։



Երվանդ Նիկոլյանի պապը՝ Միհրան Թորոսյանը, **Hraparak.am**-ին ասաց, որ թոռը ծառայության է մեկնել թոքերի հետ կապված լուրջ խնդիրներով՝ թոքերից ջուր են քաշել, բավականին երկար բուժում է ստացել և այլն։ Բայց նրան, ամեն դեպքում, տարել են բանակ։ «Էնտեղ չեմ իմանում ով ա եղել էդ կամիսիայի անդամը, սենց կոպիտ էլ ասեմ՝ եսիմ ումից փողն առան, սրան կոխին դրա տեղը, գնաց։ Տարան, ասին՝ որ ես չծառայեմ, դու չծառայես, ո՞վ պտի ծառայի։ Թոռս ընկավ Կիրովական։ Մի տարիուկես ծառայելուց հետո սկսեց հիվանդանալ։ Էնտեղ սանչաստ ա պառկել, հոսպիտալ ա պառկել, ու միշտ մի դեղ են տվել, էնքան ա էս դեղը խմել, ալերգիա ա սկսվել մոտը»,-ասաց Երվանդ Նիկոլյանի պապը։



Նա նշեց, որ թոռը ծառայության ընթացքում երևի խոնավությունից ու ցրտից հիվանդանում է, «գլաններն» է սկզբում բորբոքվում, հետո սրտի աշխատանքն է վատանում՝ ռիթմը խախտվում է, գումարած՝ ալերգիա է սկսվում։ Ստիպված զինվորին տեղափոխում են նախ Կիրովականի հոսպիտալ, հետո բերում են Երևան ու սկսում բուժել տարբեր վանդանոցներում, հատուկ «ապարատ են դնում թևին»։ Մոտ երկու ամիս տարբեր հիվանդանոցներ այցելելուց ու բուժում ստանալուց հետո Երվանդ Նիկոլյանին, ըստ նրա հարզատների, այդպես էլ չեն կարողանում բուժել։ Տեսնում են՝ ճար չկա, մի ամսով էլ տուն են ուղարկում՝ բուժումը ծնողի խնամքի ներքո շարունակելու։ Դա էլ չի օգնում։ Ի վերջո բժշկական հանձնաժողովը որոշում է ազատել նրան ծառայությունից՝ Երվանդ Նիկոլյանին ճանաչելով ծառայության համար ոչ պիտանի։



«Հունվար ամսին եկավ տուն երեխեն։ Սկսեցինք հարցուփորձ անել, թե էս երեխու վիճակը ոնց պիտի լինի, մեզ ասին, որ էս երեխուն պիտի տանեք թոշակի։ Մենք էլ պոլիկլինիկայից 86 ձև վերցրեինք, բերեցինք կամիսիայի տեղը, ասին՝ չի լինի, երեք ամիս պիտի սպասեք։ Երեք ամիս հետո գնացինք Չարենցավանի զինկոմիսարիատ՝ նորից նույն վիճակը, թե բա էսօր չի լինի, կամիսիա չկա, եկող շաբաթ, հետո մի տաս օր հետո գնացինք, նորից ուղարկեցին Նորք Մարաշի հիվանդանոց»,-պատմեց Նիկոլյանի պապը՝ թվարկելով այն բոլոր հաստատությունները, ուր իրենց այդ օրերին անարդյունք ուղարկել են՝ ամեն մեկն իր վրայից ցրելով։



Ի վերջո, ստացել են պատասխան, որ Երվանդ Նիկոլյանին հաշմանդամության կարգ չի հասնում։ Ճարահատյալ՝ դիմել է պաշտպանության նախարարության թեժ գծին, այստեղ լսել են Միհրան Թորոսյանի գանգատը թոռնիկի մասով ու հարցին լուծում տալու փոխարեն ուղղորդել են Մարդու իրավուքնների պաշտպանի գրասենյակ՝ դիմում գրելու․



«ՊՆ-ի թեժ գծից շատ բարեհամբույր խոսացին, բայց ասացին՝ կարաք դիմեք մարդու իրավունքների պաշտպանին։ Էս նույնը պատմեցի նաև սոցապ նախարարության թեժ գծին, էլի ոչ մի հստակ բան չասացին»։



Ի վեջո, Երվանդ Նիկոլյանի հարազատների միակ հույսը մնաց մամուլով իրենց խնդրի բարձրաձայնումը, որպեսզի հասկանան՝ ինչո՞ւ հաշմանդամության կարգ չեն տալիս իրեն թոռանը, ում հիվանդության պատմության մեջ բավականին ծանր հիվանդություններ են նշված և ինչո՞ւ են իրար վրա գցում՝ առանց հստակ պատասխան տալու։ Կարճ ասած՝ նեղսրտած է, որ ծառայության մեկնած ու ծառայության ընթացքում հիվադնություններ ձեռք բերած իրենց թոռանը պետությունը տեր չի կանգնում, իրենք էլ սոցիալապես ոչ բարվոք վիճակում են գտնվում, ի վիճակի էլ չեն այդքան դեղ գնել ու բուժման ծախսերը հոգալ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/35082864_1688151431254174_9166357157749194752_n.jpg?_nc_cat=0&oh=f2991b8e0e3806da5f34eb8731502852&oe=5BB458B4)