Բաց նամակ կարդացողին

Բաց նամակ կարդացողին
«Համաձայնություն» տերմինը նախ պետք չէ հասկանալ սեփական ընկալման պրիզմայում, միշտ չէ, որ դրա ետևում հակաօրինական բան է թաքնված: Ավելին, դա զտարյուն առօրյա հարկային տերմին է, որ հաճախ օգտագործվում է, օրինակ, «ակտը համաձայնեցնել» հարկատուի հետ կամ ընթացիկ հսկողության շրջանակներում «պայմանավորվածություն» ձեռք բերել առ այն, որ հարկատուն կձևակերպի իր բոլոր վարձու աշխատողներին կամ կֆիքսի շրջանառությունը ՀԴՄ-ով, կամ «պայմանավորվածություն» ձեռք կբերի հարկ վճարողի հետ վերջինիս վճարումները կատարել ոչ ուշ, քան ամսվա նախավերջին օրը՝ կապված մեր կենսաթոշակները անխափան վճարելու հետ և նման տասնյակ դեպքեր:



Վերոգրյալը հարգարժան Վանեցյանը կարող է ճշտել ՊԵԿ-ի երկարամյա ծառայող քեռու հետ, ով ի պատիվ իրեն այսքան տարում չի հայտնվել ոչ մի կոռուպցիոն սկանդալում: Այնպես որ, եղած «համաձայնություններ» կամ «պայմանավորվածություններ» տերմինները մեր հեղափոխության առաջնորդները թող ընկալեն որպես ոչինչ չնշանակող անմեղ արտահայտություններ, այլապես ենթադրյալ շահադիտությունը ոլորտի պաշտոնյաները կարող էին ստանալ տասնյակ այլ անվտանգ եղանակներով, քան այնպիսի, որ գիտի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի:



Երկրորդ՝ համաձայն ԱՎԾ տվյալների, որոնք, իհարկե, պահանջում են ավելի մանրամասն ուսումնասիրություն, 2016թ. եղել է գյուղմթերքի ծավալի շեշտակի անկում, այդ տարին «համաձայնություն» ձեռք բերելու տարին է, որից հետո արձանագրվում է ոլորտում թվային վերելք: Երրորդ՝ սուպերմարկետներին վերագրվող ոչ մի արարք հակաօրինական չէ՝ կապված 400-600 անհատ ձեռնարկատերերի միևնույն առևտրային տարածքում աշխատելու հետ: Հարցը թողնելով քննություն վարողներին, արձանագրենք որ կեղծ ձեռնարկատիրություն հաստատ չէր ծավալի Ալեքսանյան Սամվելը, քահանա Մեսրոպի եղբայր Արամը «Զովքից» կամ ՍԱՍ-ի Արտակ անվանվող անձը իրենց գանձապահների հետ և փաստացի դառնալ նրանց գերին կամ նրանց հետ այլ լեզվով ասած դառնալ «գորձով»: Չորրորդ՝ եթե իրականանա այն տարածված կարծիքը, թե սուպերմարկետները թող չվաճառեն գյուղմթերք և նրա վաճառքը անցնի շուկա և շրջհարկի դաշտ՝ կլինի հետևյալը, շրջհարկ վճարողները շատ արագ կդառնան ԱԱՀ վճարող տվյալ ավելցուկի հաշվին, և այս ամբողջ աղմկալի պատմության առջև կկանգնեն հիմա էլ այս տնտեսվարող սուբյեկտները, իսկ շուկաներ տեղափոխվածի մասով ոչ մի դրամ մուտք չի գործի բյուջե՝ համաձայն գործող օրենքի:



**ՀԳ․** Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է, նայելով գյուղմթերք վաճառող խանութի, վիզուալ հաշվել` կատարում է այդ շրջհարկ վճարող միջին ձեռնարկատերը օրը 315 (այդ շրջանառության միջին օրեկանի դեպքում հարկ վճարողը անցնում է ԱԱՀ դաշտ) հազար դրամի առևտուր կամ մոտ է դրան: Վստահ եմ գերակաշիռ մեծամասնությունը կտեսնեք որ մոտ է այդ թվին կամ վաղուց անցել է այն ՊԵԿ թերի աշխատանքի պատճառով: Եվ վերջապես, եթե սուպերմարկետները ստիպված լինեն գյուղացիներից պատշաճ կերպով ստանալ ապրանքը, ապա վերջիններս պարտադրված պետք է դառնան կամ անհատ ձեռնարկատերեր կամ ստեղծեն ՍՊԸ-ներ, պահեն հաշվապահներ, ներկայացնեն բազմաթիվ հաշվետվություններ տարատեսակ մարմիններ և այլն: Չենք ասում այն, որ գործի շրջանակներում արդեն իսկ պետք է հարցաքննվեն ՀՀ բոլոր այն գյուղապետերը, որոնք գյուղմթերք վաճառող գյուղացուն սուպերմարկետներին ապրանք մատակարարելու մասով տվել են տեղեկանքներ, որպեսզի կազմվի գնման ակտ, այնպես որ այս պատմության վերջը կարող է չերևալ, եթե վարչապետը չմիջամտի և չկայացնի իմաստուն որոշում:



**Տիգրան Մուրադյան**