Գանձաքար համայնքը կարող է սնանկ ճանաչվել

Գանձաքար համայնքը կարող է սնանկ ճանաչվել
Տավուշի մարզի Գանձաքար համայնքի ղեկավարությունը ծանր դրության մեջ է հայտնվել: Պետգույքի կառավարման վարչությունից ստացած գրությունը սառը ցնցուղի պես թափվել է գլխներին: Գրությամբ տեղեկացրել են՝ քանի որ կինոյի տունը չեք վերանորոգել, իրենք հարցը տեղափոխել են իրավական հարթություն:



Պարզվել է՝ Գանձաքարի նախկին ղեկավար Շահեն Շահինյանը 2014 թ. պայմանագիր է կնքել պետգույքի կառավարման վարչության հետ, որ պարտավորվում է երեք տարվա ընթացքում 176 մլն դրամով հիմնանորոգել կինոյի ավերված տունը: Այն 2013թ. համայնքի հաշվեկշռին է անցել մշակույթի նախարարությունից: Պայմանագրում նշված է նաեւ, որ խախտելու դեպքում համայնքը բյուջեի 20 տոկոսի չափով ենթարկվելու է տույժ-տուգանքի: Տարիներն անցել են, գյուղապետը՝ փոխվել, իսկ չնորոգված շենքի խնդիր` իր ֆինանսական բեռով, ընկել է ներկայիս համայնքապետի ուսերին: Սա էլ, գործից անտեղյակ, հանկարծ ծանուցվում է, որ համայնքը տուգանվել է: Տուգանքի չափն էլ 30 մլն 600 հազար դրամ է:



Տուգանքին հաջորդում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը, որով արգելանք է դրվում Գանձաքարի անշարժ գույքի՝ հողերի ու շինությունների վրա:



«Այսպես որ գնա, համայնքի դրամական միջոցների վրա էլ կալանք կդրվի: Գնում ենք սնանկացման մի մարդու պատճառով, որն ինքնագլուխ պայմանագիր է կապել եւ առանց նախագիծ-նախահաշիվ կազմելու, օդից վերցրած թվով մեզ դրել 176 մլն դրամ բեռի տակ»,- ասաց Գանձաքար համայնքի ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանը:



Նրա խոսքով՝ եթե բարերարներ չգտնվեն, համայնքն իր սուղ բյուջեով չի կարող այդ շենքը հիմնանորոգել: Ճշտելու համար, թե շենքի նորոգման համար իրականում ինչքան գումար է անհրաժեշտ, մասնագետներ է հրավիրում: «Եկան, նախագիծ-նախահաշիվ կազմեցին, ստացվեց 98 մլն դրամ, որով ոչ միայն հնարավոր է շենքը վերակառուցել, այլեւ բարեկարգել տարածքը: Չեմ հասկանում՝ 98 միլիոնը՝ որտեղ, 176-ը՝ որտեղ»:



Հունիսի 6-ը դատական հաջորդ նիստի օրն է: Մտավախություն կա, որ դատարանն արգելանք կդնի նաեւ համայնքի դրամական միջոցների վրա: Սնանկացման հեռանկարից մտահոգված՝ Գանձաքարի ղեկավարը նամակով դիմել է նոր կառավարությանը՝ գյուղի անշարժ գույքը կալանքից հանելու, ապա պայմանագիրը չեղարկելու խնդրանքով:



**Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ**