«Մեր միլիարդներն են, մեզնից գողացածը․․․»

«Մեր միլիարդներն են, մեզնից գողացածը․․․»
Լավ է, որ նոր կառավարությունը ձեռնամուխ է եղել ստվերային գումարների, կոռուպցիոն սկանդալների բացահայտմանը։ Թվերը, որ հայտարարվում են, մեղմ ասած ահռելի են։ Այնքան ահռելի, որ յուրաքանչյուրի առաջին արձագանքը սա է լինում՝ էս ո՜նց են լափել, էս ո՜նց են ժողովրդի կաշին յոթը տակ քերթել։



Բնական է, ավելի է խորանում ժողովրդի ատելությունը իրեն թալանողների նկատմամբ։ Ընդունենք, որ դա նպատակային քաղաքականություն է՝ ուղղված հենց դրան։ Մանավանդ, որ ամեն ինչ բաց է կատարվում ու ամեն պահ կարող ես յուրացված, ստվերում թաքցված ու դեռևս չհիմնավորված միլիարդների «բույրը վայելել»։ Ինչու՞ եմ ասում վայելել, որովհետև թալանված շարքային քաղաքացին սենսացիոն բացահայտումների մեջ առաջին հերթին տեսնում է իր հասանելիք բաժինը՝ ինքը իր մաշկի վրա զգալու՞ է սոցիալական առումով բուժիչ սպեղանին։ Թե՞ ավարտվելու է հայտարարությունների ու խորացվող թշնամանքի վիհը պիկին հասցվելով։



Սա շատ լուրջ հարց է։ Պատկերացնու՞մ եք, թե օրական ինչ միլիոն-միլիարդների յուրացման մասին ենք լսում, ըստ այդմ էլ պատկերացնում, թե ինչ գումարներ են մտնելու բյուջե, այնտեղից էլ՝ քաղաքացուն իր բաժինը՝ աշխատավարձի, թոշակի կամ մի այլ տեսքով։ Քաղաքացին դրան սպասում, հաշվարկում է։ Ի՞նչ կլինի հետո, ինչքանո՞վ շարքային քաղաքացին իր մաշկի վրա կզգա ապրելակերպի կտրուկ փոփոխությունը․ սպասումների մեջ է։ Այդ իսկ առումով սկանդալային թվերը հրապարակելուց պետք է ենթադրել՝ հանրությունը չի մոռանալու այդ թվերի մասին։ Նա պահանջելու է իրենը։ Դա իրենից գողացվածն է։ Եթե վաղը հայտարարությունների տեսքով արվածը պարզվի, որ հիմնավորված չի եղել կամ էլ դրանից հետո մարդկանց վիճակը կտրուկ չփոխվի, ի՜նչ ընդվզում կառաջանա։ Ո՞վ կհավատա, որ այդ միլիարդները չկան։ Գուցե այդ առումով մի քիչ սահմանափակվի միլիարդների հապճեպ հայտարարությունները։ Ճիշտ է, դրանք քաղաքական առումով «տաք են պահում մարդկանց», ոգևորությունը, երբ սնունդ չի ստանում, խամրում է, բայց սպասելիքների առումով վնասը ավելի մեծ կլինի։ Մարդիկ մեծ, շա՜տ մեծ հույսեր են կապում այդ միլիարդների հետ։ Իսկ շա՜տ մեծ հույսերի դեպքում անխուսափելի է հուսախաբությունը։



«Մեր միլիարդներն են դրանք, մեզնից գողացածը․․․»



Հասմիկ Բաբաջանյան