Քաղաքացիների բողոքներն արդարացի են

Քաղաքացիների բողոքներն արդարացի են
Մեր խմբագրություն է դիմել քաղաքացի Արտակ Հաթամյանը՝ երկրորդ կարգի հաշմանդամ։ Օրերս նա սուր ատամնացավով դիմել է «Վան» ատամնաբուժական կլինիկա, որտեղ նրան ասել են, որ իրեն հասանելիք բուժօգնությունն այլևս անվճար չէ, և պետք է վճարի «համավճարի» սկզբունքով՝ վճարելով բուժօգնության ընդհանուր արժեքի 40 տոկոսը, մյուս 60 տոկոսը վճարում է պետությունը։



Թեմայի առնչությամբ զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության արտահիվանդանոցային բուժօգնության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Նորա Փահլեւանյանի հետ։ Նրա խոսքով՝ Կառավարության 29․03․2018 355- Ն որոշմամբ փոփոխվել է սոցիալական հատուկ խմբերի ցանկը, որոնց պետական անվճար ստոմատոլոգիական բուժօգնություն է տրամադրվում․ «Անվճար բուժօգնությունը տրամադրվում է «Փարոսում» ընդգրկված ընտանիքներին։ Անվճար տրամադրվում է, եթե վիրահատական բուժօգնություն է, այսինքն՝ ատամի հեռացում ու մինչև 18 տարեկան երեխաներին կարիեսի բուժումը։ Եթե «Փարոսում ընդգրկվածության այդ միավորը չի համապատասխանում որոշմամբ սահմանվածին, ցավոք սրտի, արդեն գործում է համավճարային սկզբունքը ՝ անկախ նրանից, թե ինչ կարգի հաշմանդամություն ունի անձը, նույն սկզբունքը գործում է նաև հղի կանանց, զորակոչիկների դեպքում։ Հիմա հույս ունենք, որ կարող ա էդ բողոքները ինչ-որ մի նոր բան տան։ Ի՞նչ ասեմ, մեզ էլ ընդհանրապես հաճելի չէ քաղաքացիներին նման պատասխաններ տալը, և կարծում ենք, որ իրենց բողոքներն արդարացի են։ Պարզապես խնդիրը առաջացել է, քանի որ առողջապահության բյուջեն նվազեցրել են, որոշել են, որ գուցե ստոմատոլոգիան այդքան էլ կարևոր չէ և այդ կրճատումները հիմնականում եղել են այդ ծառայությունների մասով, դրա համար, ինչ-որ ունեինք փորձել ենք օգտագործել, դա է եղել ընդամենը։ Քաղաքացիները առաջինը այդ խնդիրներով մեզ են դիմում, մենք ենք պատասխանում, ուստի իրենց վիճակն էլ ենք հասկանում, մի քաղաքացի էլ մենք ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Նորա Փահլեւանյանը։



Նշենք, որ Կառավարության 29․03․2018 355- Ն որոշմամբ՝ Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբեր են ճանաչվել ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված՝ 35.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված՝ 30.01-35.00 անապահովության միավոր ունեցող մինչև 18 տարեկան երեխաները և 65 տարեկան ու ավելի բարձր տարիքի անձինք։



**Կորյուն Սիմոնյան**