Դրսում պատերազմ է, իսկ ներսում պատերազմող կողմերն ապրում են կողք կողքի

Դրսում պատերազմ է, իսկ ներսում պատերազմող կողմերն ապրում են  կողք կողքի
Կյանքում մի բան չեմ սիրել՝ իշխանություն, իշխանավոր։ Ու ինչքան ծանոթներ ունեցել եմ, որ իշխանության են անցել, և քիչ չեն եղել, մի կողմ եմ քաշվել։ Էլ չեմ շփվել նրանց հետ, գուցե սխալ եմ, բայց մտածել եմ՝ կասեն քծնու՜մ է, վերաբերմու՜նք է ուզում․․․ Այդ առումով բոլոր իշխանավորների հետ խնդիր եմ ունեցել։



Ասեմ նաև, ով ասում է՝ իշխանությունը չի փոխում մարդուն, գլուխը պատովն է տալիս։ Ոչ թե փոխում, այլ լրիվ ուրիշ մարդ է դարձնում։ Որ գործելուց մտածում ես՝ սա նույն մա՞րդն է։



Ով ասում է, թե այսինչը իշխանության եկավ ծակ գրպանով ու դա լավ է, էլի գլուխը պատովն է տալիս։ Որովհետ ծակ գրպանով եկողներ շատ եմ տեսել, բայց հեռանալուց ոչ մի ծակ գրպանավոր չեմ տեսել։ Ծակ գրպանը չափանիշ չէ․ ոչ արժանիք է, ոչ էլ նսեմացում։



Էլի ունեցել ենք ժողովրդի կողմից ընտրված, աստվածացված ղեկավար՝ մինչև վերջին շրջանի վարչապետի կուռքացումը։ Էլի միասին տեսել ենք՝ մարդիկ ինչքան են աստվածացրել ղեկավարին, ավելի սարսափելի է՝ նման բարձրությունից անկումը․․․



Ի վերջո պետք է ընդունենք, որ Աստված մեկն է և կուռքերը, ովքեր «շինված են հողից», շատ փխրուն են ու ․․․փշրվում են։



Ինձ զուտ մարդկային մի խնդիր է հուզում։ Երեկ Նիկոլ Փաշինյանի կինն Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց, որ իրենց հարևաններն են ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ու արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ իրենց ընտանիքներով։ Շատ բարի։ Կուրախանայի, եթե այլ իրավիճակում լինեինք․ մարդիկ դրսում «շան քթից ջուր են խմում», դպրոցների տնօրենների, մանկապարտեզի վարիչների, ԲՈՒՀ-ի ռեկտորներից իրենց լիազորությունները վայր դնել են պահանջում, հիմա էլ՝ քաղաքապետ, դատախազ․․․



Դրսում պատերազմ է, իսկ ներսում պատերազմող կողմերը ապրում են կողք- կողքի․ հարևաններ են։ Կարելի էր չէ՞ այդ «վայելքը մի փոքր հետաձգել»՝ մինչև վերջիններիս բնակատեղ հատկացվեր։ Հեղափոխությունից հետո ո՞վ է նման բան տեսել կամ լսել։ Մի՞թե հեղափոխությունը անձերի փոփոխությունն էր։ Համակարգային ոչ մի խնդիր չլուծվեց։



Տուն- տունի՞կ է սա, թե իրական պատերազմ ։ Առավել ևս, երբ ընդդիմության պարագլուխը րոպե առաջ ցանկացել է ապրել այն մարդկանց հարևանությամբ, որոնց դեմ պայքարում է, առավել ևս, երբ փոփոխությունների է գնում իշխանության մաս կազմող կուսակցություններով, մարդկանցով։



Խոսքը զուտ բարոյական հարթության շրջանակներում է։



Հասմիկ Բաբաջանյան