«էն վախտ մեզ ա տփել, հիմա էլ ձեզ ա տփելու»

«էն վախտ մեզ ա տփել, հիմա էլ ձեզ ա տփելու»
Տարիներ առաջ զրուցում էի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի անատոմիկի բաժնի վարիչ Բորիս Բալայանի հետ, ով Զորի Բալայանի եղբայրն է։ Չգիտեմ հիմա այնտե՞ղ է, թե ոչ։ Չնայած տխուր աշխատանքի էր, բայց նուրբ հումոր ունեցող մարդ էր։



Զրուցում էինք իր առանձնասենյակում, որի պատերից ինչ որ տարաներում կախված էին դիահերձածների բժշկական տեսանկյունից եզակի ներքին օրգաններ։ Աչքի պոչով սարսափած նայում էի, իսկ նա որպես «եզակի էկզեմպլյարներ» հաճույքով ներկայացնում էր։ Մի այսպիսի բան պատմեց․



**«Ողջ կյանքում գործս լավ կատարելու համար ոչ մի շնորհակալական խոսք, օրհնանք չեմ ստացել,- սրտնեղում էր:- Բայց մի անգամ գնացի շուկա, հանդիպեցի մեկին, ով մոտեցավ ինձ եւ ասաց՝ բժիշկ, չե՞ս հիշում ինձ, մինչև երկինք-գետին քեզանից գոհ ու շնորհակալ եմ:**



**Զարմացած նրան նայեցի՝ եթե գոհ է, որ հերձել եմ, ո՞նց է շուկայի դիմաց սաղ-սաղ դեմս կանգնել: Մինչ այդ մտորումների մեջ էի, շարունակեց՝ չե՞ս հիշում, որ իմ զոքանչին՝ «ծյոշային» հերձեցիր»:**



Ինչու հիշեցի։ Վալերի Օսիպյանին ի պաշտոնե երևի միայն վերադասը շնորհակալություն հայտնած լինի։ Մարդու գործը դա է։ Մեկ- մեկ, որ ասում եք՝ նա չպիտի լիներ ոստիկանապետ, զարմանում եմ․ բա ո՞վ լիներ։ Համակարգը դա է, համակարգի միջից անհնարին է այնպիսի ընտրություն կատարել, որ գոհ լինենք։ Ոնց որ Բորիս Բալայանն էր ասում՝ ողջ կյանքում գործս լավ կատարելու համար մարդկանցից ոչ մի շնորհակալական խոսք, օրհնանք չեմ ստացել․․․



Այնպես որ Օսիպյանի թեման փակենք։ Չփորձենք նրան հրեշտակ դարձնել։ Մարդիկ, չնայած կատակով, բայց իմաստուն եզրահանգում են անում՝ «էն վախտ մեզ ա տփել, հիմա էլ ձեզա տփելու»։ Երբ խորանում ենք նրան նշանակելու արդարացումների մեջ, իմաստը դա է։



Կամ ոնց իր վերադասը կասի՝ գուցե չի տփում, սիրում է․․․ Բայց դեռ այդպիսի իշխանություն չեմ տեսել, որ աթոռը տակից քաշեն, ասի՝ ընդվզողներին սիրե՜ք․․․



Հասմիկ Բաբաջանյան