Դրսում հավաքված ժողովուրդը հարց ուներ Սերժ Սարգսյանին, որը ոչ ոք չտվեց

Դրսում հավաքված ժողովուրդը հարց ուներ Սերժ Սարգսյանին, որը ոչ ոք չտվեց
Սպասվում էր, որ իր երեկվա ելույթը Սերժ Սարգսյանը կսկսեր՝ դիմելով իր հեռացումը պահանջող ժողովրդին, կբացատրեր, թե ինչու, իմանալով հանդերձ, որ ցանկալի չէ, մերժվում է Հայաստանի ժողովրդի մի զգալի մասի, ուսանողության, երիտասարդության կողմից, չի հրաժարվում այս «դամբարանային» վարչապետությունից։ Դրա փոխարեն Սերժ Սարգսյանը տարավ մեզ 2015 թվականը՝ խորանալով կառավարման ձեւերի վերլուծության, «ո՞չ, թե՞ այո»՝ Սահմանադրության թեմատիկայի մեջ։ «Կառավարման պառլամենտական ձեւն աչքի է ընկնում ապաանձնավորվածությամբ ու կոլեգիալ կառավարման տարրերով»,- «դասախոսում» էր Սարգսյանը, եւ հավատարիմ դահլիճը հետաքրքրությամբ լսում էր նրան։ Ինչո՞ւ պետք է Հանրապետականի նախագահը լինի նաեւ վարչապետ։ Ահա պատասխան առաջին դեմքից․ «Ինձ՝ որպես Հանրապետական կուսակցության ղեկավարի համար փախուստն անձնական պատասխանատվությունից, անընդունելի է: Ահա, առաջին հերթին հենց այդ պատճառով է, որ այսօր ես այս ամբիոնին կանգնած եմ»: Կարելի էր սա ընդունել որպես ինքնախոստովանություն նախագահության տարիների ձախողումների եւ «չարեփոխումների» մասին, բայց երեկվա ԱԺ հատուկ նիստի ամբիոնից ելույթ ունեցողների մեծ մասը հեռու էր Հանրապետականի վարչապետացուին նախկին սխալների համար պատասխանատվության կանչելու նպատակից։ «Այսօրվանից սկսվում է ուրիշ Սերժ Սարգսյանի կենսագրություն, ավարտվում է նախագահ Սերժ Սարգսյանի եւ սկսվում է վարչապետ Սերժ Սարգսյանի կենսագրությունը»,- ամբիոնից ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր **Էդմոն Մարուքյանը**՝ փաստորեն, քվեարկությունից ժամեր առաջ Սերժ Սարգսյանին վարչապետ կարգելով։ Նա խիստ քննադատական ելույթ էր պատրաստել՝ խոսում էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի բերած նախարարների մասին, որոնց պետք է ազատել գործից, «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու ձախողված շինարարությունից, «Հայլուրից»։ «Ձեր տրանսպորտի նախարարն ամեն օր մտածում է, որ մեր երկրի թիվ մեկ խնդիրը աջ ղեկն է»,- մատ էր ճոճում Մարուքյանը՝ ակամայից նմանվելով տրանսպորտի նախարարին, որովհետեւ այսօր թիվ մեկ հարցը ո՛չ «Հայլուրն» է, ո՛չ էլ «Հյուսիս-հարավը», հետաքրքիր է միայն ժողովրդին ոտքի հանելու Նիկոլ Փաշինյանի փորձը, եւ անգամ մենք՝ լրագրողներս, գիտենք այս մասին։ Անգամ մենք ենք խուսափում այլ թեմաներով նյութեր գրելուց, որովհետեւ գիտենք՝ դրանք ոչ ոք չի կարդալու։ Ցուցարարների թեմային «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը հպանցիկ անդրադարձավ՝ ասելով․ «Եթե մեկի քթից արյուն գա, ձեզ են մեղադրելու», եւ նմանվեց հարսանիքի քավորի, որը փեսային հորդորում է լավ պահել հարսին։



Էդմոն Մարուքյանը մի հարցում, թերեւս, ժամանակավրեպ չէր․ «Կա Ձեր աշխարհ եւ մեր աշխարհ, որտեղ Դուք չգիտեք, կամ Ձեզ չեն ասում՝ ինչ ա կատարվում»։ Այսպիսի զգացողությամբ էինք հետեւում ԱԺ ընտրյալների հատուկ նիստը մենք՝ սովորական մահկանացուներս։ «Մեր տնտեսական, քաղաքական, ռազմական մարտահրավերները չեն պակասելու, եւ այս իրավիճակում վարչապետի ամենանախընտրելի թեկնածուն Ս. Սարգսյանն է»,- համոզում էր ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը։



Արամ Սարգսյանը հիշեցրեց եղբոր «21-րդ դարը մերն է» կոչը, թեեւ սա, պետք է ընդունել, երեկվա ամենաընդդիմադիր ելույթն էր։ «Ինչո՞ւ եք մնացել այդ առանձնատանը, գնացեք, որ այլ վարչապետ գա»,- հորդորեց նա Սերժ Սարգսյանին։ «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցերի լայն սպեկտոր բարձրացրեց՝ վարորդների իրավունքներից մինչեւ ընտրությունների նկատմամբ վստահությունը եւ Եվրադատարանում մեր պարտությունները։ «Արդյոք Հայաստանում եղե՞լ են քաղաքական գործիչների քրեական հետապնդումներ, կամ արդյոք դատարաններն ավելի խի՞ստ են պատժել նրանց՝ պայմանավորված նրանց քաղաքական գործունեությամբ»․ իրավապաշտպան-պատգամավորի հարցին նախկին նախագահը ցնցող պատասխան տվեց․ «Քաղաքական հայացքների համար որեւէ մեկը քրեական հետապնդման չի ենթարկվել։ Նրանք նույնիսկ մեր դատարանների կողմից շատ ավելի մեղմ վերաբերմունքի են արժանացել, երբ քրեական հանցագործություններ են կատարել»։ «Նրանք» ասելով՝ նախկին նախագահը, հավանաբար, քաղաքական հայացքներ ունեցողներին նկատի ուներ։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**