Ծառուկյանի հարուստ ու աղքատ զավակները

Ծառուկյանի հարուստ ու աղքատ զավակները
ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի չորս դուստրերից երեքը, ինչպես հայտնի է, ամուսնացած են: Ծառուկյանի խնամիները համեստ, սովորական ընտանիքի ներկայացուցիչներ չեն, այլ՝ իշխանական էլիտայի․ Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ԱԺ պատգամավոր, գործարար Մուրադ Գուլոյանը եւ նախկին վարչապետ ու անհայտ քաղաքական ապագա ունեցող Հովիկ Աբրահամյանը: Գործարար պատգամավորի երեք փեսաներն էլ բարձր պաշտոնների են․ երկուսը՝ Մանուկյանի ու Աբրահամյանի որդիները՝ Դավիթն ու Արգամը, ԱԺ վերջին ընտրությունների արդյունքում պատգամավորի մանդատ ստացան, իսկ Գուլոյանի որդին՝ Կարապետը, ով Ծառուկյանի ավագ դստեր ամուսինն է, որոշ ժամանակ Աբովյանի քաղաքապետ աշխատելուց հետո դարձավ Կոտայքի մարզպետը: Ու թեեւ բոլորն էլ մեծահարուստ եւ հայտնի անձանց որդիներ են, այս պաշտոններին են բացառապես աներոջ՝ Ծառուկյանի շնորհիվ։



Որպես պաշտոնատար անձինք՝ պարոնայք փեսաները, ըստ օրենքի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնում իրենց գույքի, եկամուտների, ինչպես նաեւ փոխկապակցված անձանց հայտարարագրերը: Որպես իրենց ամուսիններին փոխկապակցված անձինք՝ Ռոզա, Էմմա եւ Գայանե Ծառուկյանները ներկայացրել են 2017 թ․ տարեկան հայտարարագրերը: Դատելով դրանցից՝ Ծառուկյանի դուստրերից մեծահարուստն Արգամ Աբրահամյանի կինն է՝ Էմման, ով, ինչպես հայտնի է, ակնաբույժ է աշխատում Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում: Ծառուկյանը դստեր համար վերանորոգել է կլինիկայի մի մասը, համալրել վերջին սերնդի գերթանկարժեք սարքավորումներով: Ու եթե չլիներ Էմմա Գագիկովնան, կլինիկան, թերեւս, կերազեր ունենալ այն, ինչ այժմ ունի: Նշենք, որ այս կլինիկայում է աշխատում նաեւ մեկ այլ բարձրաստիճանի կին՝ Սերժ Սարգսյանի եղբայր, արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Սարգսյանի կինը՝ բժիշկ-օրդինատոր Արմինե Գումեդինի Հարությունյանը: Ինչեւէ, անդրադառնանք Ծառուկյանի ակնաբույժ, հետն էլ գեղեցկուհի, մեծահարուստ դստեր տարեկան հայտարարագրին․ Էմմայի դրամական միջոցները թե՛ հաշվետու տարվա սկզբին, թե՛ տարեվերջին կազմել են 300 միլիոն դրամ, 850 հազար եվրո եւ 1 մլն 198 հազար դոլար:



Է. Ծառուկյանը նաեւ հայտարարագրել է աշխատավարձը, որը կազմել է 3 մլն 584 հազար 857 դրամ: Ինչ վերաբերում է Ծառուկյանի մյուս դստեր՝ Ռոզա Ծառուկյանի 2017 թ. տարեկան հայտարարագրին, ապա այն քրոջ հայտարարագրի համեմատ բավականին համեստ է: Գուլոյանի կինը հայտարարագրել է միայն դրամական միջոցներ, որոնք կազմում են 17 մլն դրամ եւ 44 հազար դոլար: Ռոզա Ծառուկյանը որեւէ եկամուտ չի հայտարարագրել: Իսկ, ահա, Դավիթ Մանուկյանի տիկինը՝ Գայանեն, հանձնաժողով ներկայացրված հայտարարագրում ոչինչ չի հայտարարագրել, բայց նրան չքավոր անվանելը, թերեւս, ֆանտաստիկայի ժանրից կլինի: Ծառուկյանի չորրորդ դուստրը՝ Անահիտը, որն ամուսնացած չէ դեռեւս, որպես հորը փոխկապակցված անձ, նույնպես հայտարարագիր է ներկայացրել․ որպես եկամուտ՝ հայտարարագրել է աշխատանքի կամ դրան հավասարեցված այլ վճար, որը կազմում է 56 հազար 600 դրամ: Երկու որդիների՝ Նվեր եւ Հովհաննես Ծառուկյանների հայտարարագրերում նույնպես զրոյական վիճակ է՝ ո՛չ շարժական կամ անշարժ գույք, ո՛չ դրամական միջոց, ո՛չ էլ եկամուտ: Հայր Ծառուկյանը, փաստորեն, չի շտապում իր հետ փոխկապակցված երեխաների անունով գույք կամ այլ միջոցներ գրանցել, որ փողի «ղադրն» իմանան:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**