Սերժ Սարգսյանը սեփականացրեց իր պետական տունը

Սերժ Սարգսյանը սեփականացրեց իր պետական տունը
Գաղտնիք չէ, որ արդեն մի քանի ամիս է՝ Սահմանադրությունից բխող այնպիսի օրենքներ են մշակվում, որոնք ներկայիս նախագահի լիազորությունները, դեռ մի բան էլ ավելի, փոխանցում են ապագա վարչապետին, այսինքն՝ Սերժ Սարգսյանին։ Ու ստացվում է, որ Հայաստանը ոչ թե անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, այլ փոխվում է պետության ղեկավարի հաստիքային անվանումը՝ նախագահից դառնալով վարչապետ։ Սերժ Սարգսյանն իրեն է վերցնում ոչ միայն ներման, դիվանագետների նշանակման եւ այլ պատասխանատու, անգամ արվեստի եւ այլ բնագավառի մարդկանց պարգեւատրման գործառույթները։ Նա իրեն է պահում ներկայիս նախագահական նստավայրը՝ Բաղրամյան 26-ում տեղակայված, որն ապագայում կծառայի վարչապետին։ Բայց որ նա կվերցներ նաեւ պետական առանձնատունը, որը նրան է հատկացվել որպես ՀՀ նախագահի, դա քչերը կպատկերացնեին։ Սերժ Սարգսյանն իր «բնակարանամուտն» իրականացրեց Կարեն Կարապետյանի ձեռքով։



Կառավարության երեկվա նիստում որոշվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը եւ շինությունները՝ սպասարկման տարածքով (1.5365 հա), հետ վերցնել եւ սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան: Նախագիծը քննարկվել է փակ ռեժիմով։ Հանձնարարվել է նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին, կառավարության աշխատակազմի ղեկավարին եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ապահովել օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը Սերժ Սարգսյանին՝ իր դիմումի հիման վրա։ Որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից։ Այսինքն՝ վարչապետ դառնալուց առաջ Սերժ Սարգսյանը վերցրեց «կառավարական դաչայում» իր պետական առանձնատունը՝ արդեն որպես նախկին նախագահ: Ուշագրավ է, որ նախկին նախագահները պաշտոնավարումից հետո եւս ստացել են բնակարաններ, բայց ոչ մեկի մտքով, հավանաբար, չի անցել սեփական տուն դարձնել Հրազդանի կիրճում գտնվող կառավարական շենքը:



Հիշեցնենք, որ բարձրաստիճան պաշտոնյաներից «կառավարական դաչայում» առանձնատներ, ըստ նախագահի կարգադրության, կարող էին ստանալ ԱԺ նախագահը, վարչապետը, պաշտպանության նախարարը, Սահմանադրական դատարանի նախագահը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը։ Սակայն շաբաթներ առաջ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» նոր օրենքով հստակ ամրագրված են միայն նախագահի եւ վարչապետի ծառայողական առանձնատների հասցեները․ նախագահին Ձորափ 74 հասցեում գտնվող 4-րդ, իսկ վարչապետին նույն հասցեում գտնվող 3-րդ մասնաշենքը կտրամադրվի։ Բարձրաստիճան մյուս պաշտոնյաները` Ազգային ժողովի ու Սահմանադրական դատարանի նախագահները եւս կստանան ծառայողական առանձնատներ Երեւանում՝ համապատասխան սպասարկմամբ, սակայն նրանց համար օրենքում կոնկրետ հասցե չի նշվում։ Իսկ մյուս պաշտոնյաներն այդ շնորհին կարժանանան միայն այն դեպքում, եթե այդպես որոշի վարչապետը։



Ներկայումս «կառավարական դաչայում» ապրում են Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը։ Կարեն Կարապետյանը չի տեղափոխվել այնտեղ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ եւս։ Ի դեպ, շատերն են հրաժարվել այդ տարածքում ապրելուց։ Տիգրան Սարգսյանից հետո այնտեղ մինչ օրս վարչապետ չի ապրել։ Ինչպես որ Տիգրան Թորոսյանից հետո ոչ մի ԱԺ նախագահ չի ապրել։



Այս մասին մեզ հայտնեց նախագահի գործերի կառավարիչ **Վարուժ Գրիգորյանը**, որն ի պաշտոնե նաեւ ստուգում եւ ընդունում է «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից կապիտալ ծախսերը, որոնք իրականացվում են նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին։ Հովիկ Աբրահամյանը, ինչպես հիմա, իր վարչապետության 2,5 տարիներին ապրում էր Ազատության պողոտայում գտնվող իր շքեղ առանձնատանը։ Գալուստ Սահակյանն էլ ԱԺ նախագահի պաշտոնում իր տնից չտեղափոխվեց։ Նույնն էլ անում է Արա Բաբլոյանը։ Փոխարենն այսօր ընդդիմության դաշտն անցած Սեյրան Օհանյանը երկար տարիներ ապրել է կառավարական առանձնատներից մեկում։ Համալիրի մշտական բնակիչներից է Գագիկ Հարությունյանը, որը ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո մինչ օրս էլ դուրս չի եկել այնտեղից։ Ի դեպ, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Գագիկ Հարությունյանը Մոնումենտում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարեւանությամբ, Բաբայան փողոցում շքեղ առանձնատուն ունի։ Եվ այն վարձով է տրված Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը։ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովն էլ բնակվել է ոչ թե կառավարական առանձնատանը, այլ Կոտայքի մարզում գտնվող երկհարկանի շքեղ տանը, իսկ նույն պաշտոնի կնքահայր՝ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը պաշտոնաթողությունից հետո մի կերպ դուրս եկավ։



Վարուժ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը մեկ ամսից ավելի գործի չի գնում, առողջական վիճակը վատ է, «բյուլետեն» է վերցրել, հետեւաբար՝ նոր օրենքի ու փոփոխությունների, ինչպես նաեւ իր ապագա կարգավիճակի ու գործառույթների մասին ոչինչ ասել չի կարող։ Գրիգորյանը հստակեցրեց, որ Սերժ Սարգսյանի համար մասնավորեցվում է ճիշտ նույն տարածքը, որը նրան տրվել է որպես նախագահի ծառայողական առանձնատուն։ Ասաց նաեւ, որ մինչ օրս «տվյալ տարածքում» որեւէ առանձնատուն չի սեփականաշնորհվել, սա առաջին դեպքն է․ «Դե, երեւի պաշտոնաթող նախագահներն են ընտրում, թե հետո որտեղ են ուզում ապրել։ Մեկը ցանկանում է ընդհանուրից հեռու ապրել, մեկը՝ հակառակը, ի՞նչ կա այդտեղ»։ Մեր ճշտմանը՝ եթե այդ տարածքում Սերժ Սարգսյանը, փաստորեն, ապրիլի 9-ից մասնավոր բնակարան է ունենալու, նշանակում է՝ եթե դառնա վարչապետ, էլի՞ ծառայողական առանձնատուն են այդ տարածքում հատկացնելու։ «Բնականաբար»,- պատասխանեց Գրիգորյանը։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**