Երեք ուժեր «բրոնյա» են արել Օպերայի հրապարակը. թեժ ապրիլ է սպասվում

Երեք ուժեր «բրոնյա» են արել Օպերայի հրապարակը. թեժ ապրիլ է սպասվում
Ի հեճուկս Սերժ Սարգսյանի վարչապետության գործընթացը կասեցնելու մասին ընդդիմադիր դաշտից հնչող հայտարարությունների ու կանխատեսումների, «Հանուն Հայաստան պետության ճակատն» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առանձին-առանձին շարունակում են ակտիվ աշխատանքներն այդ ուղղությամբ։ Չնայած «ՔՊ»-ում գաղտնի են պահում իրենց անելիքների մասին եւ ինտրիգը չեն բացահայտում մինչեւ մարտի 31-ը, այդուհանդերձ, որոշ քայլեր արդեն ուրվագծվում են։ Նախօրեին համացանցում տարածվեցին «ՔՊ»-ի թիմի լուսանկարները՝ ինչ-որ ձայնագրման ստուդիայից, որից հետո «Ելք»-ի նրանց գործընկերների շրջանում սկսեցին խանդոտ խոսակցությունները, թե «ՔՊ»-ն յուրացրել է թիմի «նոու հաուները», երբ Երեւանի ավագանու ընտրություններին թիմով երգում էին տեսահոլովակում։ Հիմա, փաստորեն, վարչապետության դեմ պայքարն էլ պատրաստվում են «տանել երգով»։ Երգը, հավանաբար, կունենա «Մերժիր Սերժին» լեյտմոտիվը, կհնչի «ՔՊ»-ի բողոքի ակցիաների ժամանակ՝ դառնալով նոր ժամանակների ընդդիմության հիմնը։



Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք նաեւ, որ ողջ ապրիլ ամսվա համար ընդդիմադիր ուժերն ու ներկայացուցիչներն Օպերան «բրոնյա» անելու հայտեր են ներկայացրել, որոնք ընդունվել են ի գիտություն։ Խոսքն ինչպես «ՔՊ»-ի, այնպես էլ Ճակատի եւ Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանիի» մասին է։ Ավելին՝ պարզ է դառնում, որ «ՔՊ»-ի շուրջօրյա քառօրյա հանրահավաք-նստացույցները կմեկնարկեն ապրիլի 13-ից, որը կձգվի մինչեւ վարչապետի ընտրության օրը՝ ապրիլի 17-ը։ Մեզ հաջողվեց պարզել, որ «ՔՊ»-ի մարտավարական նորարարություններից մեկն էլ լինելու է անակնկալ, բայց՝ խաղաղ ճանապարհով փողոցներ փակելը եւ մարդկանց խորհուրդ տալը, որ անգամ ՀՀԿ-ական պատգամավորներին համոզելու ճանապարհով կարելի է կանխել չարաբաստիկ քվեարկությունը։ Այդուհանդերձ, «ՔՊ»-ն եւ «Հանուն Հայաստան պետության ճակատը» դեռեւս լեզու չեն գտնում համատեղ պայքարի հարցում, թեեւ բանակցություններն առայժմ չեն ավարտվել։ Ընդդիմադիր դաշտում միասնաբար պայքարելուն ուղղված բանակցությունները, հավանաբար, կավարտվեն մինչեւ ապրիլի 9-ը, երբ կլրանա Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը։ Իսկ մինչ այդ **Պետրոս Մակեյանը** մեզ տեղեկացրեց, որ իրենք, որպես քաղաքացիներ, կմասնակցեն միմյանց հավաքներին։ Նա չբացահայտեց այն ուժերին, որոնք արդեն պատրաստ են պայքարելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, սակայն հույս հայտնեց, որ ընդդիմության միասնական հանրահավաք կունենան, իսկ թե երբ՝ դեռ չեն քննարկել։ Ընդ որում, ըստ լուրերի, այստեղ անսպասելի մասնակիցներ կհայտնվեն քաղաքական դաշտից։



Հիշեցնենք, որ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, որի հետ բանակցությունների մեջ է Ճակատի անդամ՝ «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, վերջին օրերին պարբերաբար հայտարարում է, որ ՀԱԿ-ն այս պահին չի տեսնում ժողովրդի մոբիլիզացման գործիք, որը կտանի իշխանափոխության, եւ որ իրենք արդեն մասնակցել են իրական ճակատամարտին, երբ իշխանությունն ընդունում էր նոր Սահմանադրությունը, իսկ նրանք, ովքեր ուզում են ճակատամարտ մղել, երբ այն վերջացել է, թող մղեն։ Երբ այս խոսքը ներկայացրինք Ճակատի անդամ Պետրոս Մակեյանին, նա հարցին հռետորական հարցով պատասխանեց․ «Հետաքրքիր է՝ էդ ո՞ր ճակատամարտին մենք չենք մասնակցել»։ Ապա ասաց, որ Զուրաբյանի ակնարկն իրականում Փաշինյանին է ուղղված, որը սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը կեղծ օրակարգ էր համարում։ Սակայն ժամանակը չէ միմյանց քննադատելու, միմյանց սխալները քննարկելու, մի քանի շաբաթ իրար հանդուրժել ու միասնական պայքարել է պետք՝ խորհուրդ է տալիս Մակեյանը․ «Այլապես մենք էլ կհիշենք, թե ինչպես «4+4+4» ֆորմատում ՀԱԿ-ը «պատմական» հռչակեց նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, որը, ի դեպ, դարձավ այս իշխանության վերարտադրության հիմնական շարժիչ ուժը՝ իր ռեյտինգային ընտրակարգով»։



Մակեյանի կարծիքով՝ այն ուժերը, որոնք այսօր տարբեր պատճառաբանություններ են բերում Սերժ Սարգսյանի դեմ պայքարից խուսափելու համար, կա՛մ սպասարկում են այս իշխանություններին, կա՛մ որոշակի ակնկալիքներ ունեն նրանից։ Ի դեպ, մեր տեղեկություններով, համագործակցելու պատրաստակամություն է հայտնել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որտեղից Ճակատի նիստերին մասնակցում է կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։



Եթե, այդուհանդերձ, չհաջողվի «ՔՊ»-ի հետ համատեղվել, ինչպե՞ս եք «կիսելու» Ազատության հրապարակը։ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց․ «Կավիճը կվերցնենք՝ կգծենք»։ Ինչո՞ւ է ընդդիմադիրների մեծ մասը մերժում «Հանուն Հայաստան պետության ճակատին», մի՞թե այն մտավախությամբ, որ դուք կշարունակեք «Սասնա ծռերի» բռնած ուղին։ Հարցին Մարտիրոսյանը հարցով պատասխանեց․ «Իսկ ո՞վ է մերժում, ես էլ ասում եմ, որ բոլոր ուժերը պայքարում են»։ Բայց ոչ միասին, օրինակ՝ «ՔՊ»-ի եւ ձեր պայքարի տարբերությունը ո՞րն է։ «Ես ասում եմ՝ տարբերություն չկա, իրենցից հարցրեք՝ որն է տարբերությունը»։ Մինչդեռ անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը չի երեւում այս պայքարում, հետաքրքրվեցինք՝ կմիանա՞ նա ինչ-որ պահի։ Մարտիրոսյանն ասաց, թե չի կարող ասել։ Նա չկարողացավ ասել նաեւ՝ խոսո՞ւմ է Հովհաննիսյանի հետ, եւ ի՞նչ է մտածում վերջինս։ Անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի երեկվա հայտարարությանը՝ «Սասնա ծռերին» չսատարելու մասին, ասաց․ «Շատ նորմալ, դիվանագիտական պատասխան է տվել։ Իրենք քաղաքացիական անհնազանդություններին են կարողանում աջակցել, բայց ո՛չ զինված»։ Մարտիրոսյանը խոստացավ ավելի հանգամանալից պատասխանել այդ հարցին, երբ ծանոթանա հայտարարությանը։



Ճակատի մյուս համակարգող, որոշ խմբերի հետ բանակցությունները վարելու պատվիրակված **Ալեք Ենիգոմշյանը** մերժեց զրույցը՝ ասելով, որ կխոսի օրեր անց։ Ավելի վաղ գրել էինք, որ նա զբաղված է Զարուհի Փոստանջյանին համոզելու գործով, որ միանա իրենց։ Սակայն, մեր տեղեկություններով, Փոստանջյանն անդրդվելի է մնացել՝ պնդելով, որ Հայաստանում իրենք քաղաքական համախոհներ չունեն։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**