Վարկի երաշխավոր է կանգնել անծանոթ անձի՞ն

Վարկի երաշխավոր է կանգնել անծանոթ անձի՞ն
Սյունիքի մարզի բնակիչ Նաիրա Սահակյանը դիմում է «Ամերիաբանկ» ՓԲԸ Կապանի մասնաճյուղ՝ վարկ ստանալու նպատակով։ Սակայն նրան տեղեկացնում են, որ հայտնվել է ռիսկային հաճախորդների ցուցակում, եւ վարկ չեն կարող տրամադրել։ Բանն այն է, որ Նաիրա Սահակյանն այդ ցանկում հայտնվել է այն պատճառով, որ որպես «երաշխավոր» է ներգրավվել մեկ այլ վարկային պատմության մեջ, որից, ինչպես ինքն է ասում, որեւէ տեղեկություն չունի։



Սահակյանի խոսքով, իր սկեսուրը՝ Ամալյա Ալեքսանյանը, ով անհատ ձեռներեց է, 2013 թվականին «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից 10 հազար դոլար վարկ է վերցրել, իսկ Ն․ Սահակյանը վարկային փաթեթում ներգրավվել է որպես Ալեքսանյանի ընտանիքի անդամ։ «Կամուրջ» ՈւՎԿ-ի վարկային մասնագետ Անուշ Անտոնյանը Ն․ Սահակյանին հրավիրել է կազմակերպություն՝ անձնագրային տվյալները թարմացնելու նպատակով, քանի որ վերջինիս անձնագրի ժամկետը լրացել էր։ Ա․ Անտոնյանը Ն․ Սահակյանին տալիս է չլրացված բլանկ, որպեսզի Սահակյանն ստորագրի՝ ասելով, որ հետո ինքը, ինչ որ պետք է, կլրացնի։ Հետագայում Սահակյանը տեղեկանում է, որ ինքը որպես երաշխավոր է ներգրավված նույն մարզի մեկ այլ բնակիչ Արաքսյա Ղասումյանի վարկային փաթեթում (7 հազար 500 դոլար), որը նույնպես կազմել է վարկային մասնագետ Անուշ Անտոնյանը։



2016 թվականին Սյունիքի մարզի դատախազությունից Գորիսի քննչական բաժնում ստացվում է «Կամուրջ» ՈւՎԿ-ի հաղորդումն այն մասին, որ ընկերության «Գորիս» մասնաճյուղի ծառայողներն իրենց լիազորություններն օգտագործել են կազմակերպության շահերին հակառակ, այն է՝ առանց Ն․ Սահակյանի եւ նրա ընտանիքի անդամների համաձայնությունն ստանալու, նրանց ընդգրկել են Ա․ Ղասումյանի վարկային փաթեթում՝ որպես երաշխավոր՝ ընկերության օրինական շահերին պատճառելով էական վնաս։



Հաղորդման առթիվ Գորիսի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ ՔՕ 214-րդ հոդվածի 1-ին մասով (Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հարուցվել է քրեական գործ եւ կատարվել է նախաքննություն։



Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ քրեական գործով կատարված նախաքննությամբ չի հիմնավորվել ընկերության «Գորիս» մասնաճյուղի վարկային մասնագետ Անուշ Անտոնյանի կողմից լիազորություններ չարաշահելը, այսինքն՝ Ա․ Ղասումյանի վարկի երաշխավորության հետ կապված փաստաթղթերը խաբեությամբ Ն․ Սահակյանի ստորագրմանը ներկայացնելը, ասել է թե՝ Ա․ Անտոնյանի գործողություններում բացակայում է ՀՀ ՔՕ 214 հոդվածով նախատեսված հանցակազմը։ Ինչպես նաեւ նույն հիմնավորմամբ՝ առկա տվյալները բավարար չեն համարվել Ն․ Սահակյանի գործողություններում ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը հաստատելու համար (հանցագործության մասին սուտ մատնություն)։ Այսինքն՝ գործը կարճվել է։



Նաիրա Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վճիռն իրենց չի բավարարում, եւ իրենք դիմել են վերաքննիչ դատարան, քանի որ իրենց պատկանող մեկ սենյականոց բնակարանը ԴԱՀԿ-ի կողմից հանվել է օնլայն աճուրդի՝ Ա․ Ղասումյանի կողմից վարկը չմարելու պատճառով․ «Գործը գտնվում է մեր բողոքարկման փուլում։ Քննիչները մտածել են, որ կարճեն գործը։ Մեզ այդ որոշումը չի բավարարել, մենք որոշել ենք բողոքարկել վերաքննիչ դատարան։ Իմ կողմից նույնպես սուտ մատնություն չի եղել։ Ինձ խաբեբայությամբ ստորագրել են տվել։ Քանի որ մենք վարկ ենք ունեցել, որպես ընտանիքի անդամ՝ իմ տվյալներն այնտեղ եղել են, իմ անձնագրի ժամկետն անցել էր, ինձ կանչել ասել էին, որ պետք է տվյալները թարմացվեն՝ մեր վարկի համար։ Ես տեղյակ չեմ եղել, որ ինչ-որ մեկի վարկի համար է դա ստորագրվում։ Ինձ ինչ-որ բլանկ տվեցին, որի վրա ոչինչ լրացված չէր, միայն ստորագրել եմ։ Որեւէ պայմանագիր չի եղել, ընդամենը ես առանց ուշադրություն դարձնելու ստորագրել եմ, ինքն էլ ասաց՝ ես տվյալները կլրացնեմ, կկցեմ ձեր վարկային փաթեթին, ստորագրել եմ ու դուրս եկել։ Այդքանը։



Մենք 10 հազար դոլար էինք վերցրել, մեր վարկային փաթեթի մեջ ես որպես տան անդամ եմ հանդես եկել, իմ ու ամուսնուս փաստաթղթերն են եղել այդտեղ։ Իսկ այդ մյուս վարկային փաթեթում, որը լրիվ ուրիշ մարդու համար է, ում մենք չենք ճանաչում, ներգրավվել ենք որպես երաշխավորներ, մեր տվյալները բոլորը սխալ են լրացված եղել, սկեսրոջս ԱՁ-ի փաստաթղթերն են կցված եղել։ Ասենք թե՝ ես երաշխավոր եմ եղել, այդ դեպքում ընտանիքիս անդամների փաստաթղթերն ի՞նչ գործ ունեին այդ փաթեթի մեջ, եթե դա խաբեություն չէ։ Ես այդ կնոջն ընդհանրապես տեսած չկայի, երբ որ իմացել եմ, որ ես իրենց երաշխավորն եմ, գնացել եմ իրենց տուն, որ իմանամ ով է։ Ինքն էլ ինձ ասում է՝ ես ո՛չ քեզ ասել եմ երաշխավոր կանգնի, ո՛չ էլ քեզ ճանաչում եմ, էդ կինն էլ է ասում, որ մեզ չի ճանաչում։



Անուշ Անտոնյանն էլ պնդում է, թե ես իմացել եմ, թե ինչի համար եմ ստորագրում։ Ես քննիչին խնդրել եմ, որ առերեսում անի իմ ու Արաքսյա Ղասումյանի միջեւ, որ պարզվի, որ ես երաշխավոր չեմ կանգնել, քննիչն էլ ինձ ասում է՝ ձեր խոսքերն իրար չեն հակասում, ինչի՞ համար առերեսում անեմ, երկուսդ էլ ասում եք, որ միմյանց չեք ճանաչում»,- մեզ հետ զրույցում ասաց Նաիրա Սահակյանը։



«Կամուրջ» ՈւՎԿ-ի «Գորիս» մասնաճյուղի վարկային մասնագետ Անուշ Անտոնյանն էլ իր տված ցուցմունքում նշել է, որ 2014թ․ հունիս կամ հուլիս ամիսներին իրեն է դիմել Արաքսյա Ղասումյանը՝ վարկ վերցնելու նպատակով, պարզաբանել է պայմանները՝ տեղեկացնելով նաեւ 2 երաշխավորի պարտադիր պայման լինելու հանգամանքը։ Անգամ գնացել տեսել է Ղասումյանին պատկանող կարի արտադրամասը։ Նրա խոսքով՝ հստակ չի հիշում, թե Ղասումյանի հետ երաշխավոր Նաիրա Սահակյանը եկե՞լ է փաստաթղթերն ստորագրելու։ Կազմված փաթեթը ներկայացրել է մասնաճյուղի ղեկավար Կարեն Տեր- Մկրտչյանին, ով էլ հաստատել է վարկի փաթեթը եւ տրամադրումը։ Անուշ Անտոնյանը բացառել է, որ Ն․ Սահակյանն Ա․Ղասումյանի վարկի համար անձամբ եկած չլինի, ու որ ինքը նրան երաշխավորի իրավունքներն ու պարտականությունները պարզաբանած չլինի։ Բացառել է Ն․ Սահակյանի ընտանիքի անդամների փաստաթղթերի պատճենները Ա․ Ղասումյանի վարկային փաթեթում դնելը։ Ա․ Անտոնյանը ժխտել է նաեւ, որ Ն․ Սահակյանին վարկային կազմակերպություն է հրավիրել անձնագրային տվյալները թարմացնելու կապակցությամբ եւ որ նրան որեւէ բան է տվել ստորագրելու։