Ադրբեջանի Հանրային ալիքով ծաղրել են ԼՂ-ի ռուս խաղաղապահներին

Ադրբեջանի Հանրային ալիքով ծաղրել են ԼՂ-ի ռուս խաղաղապահներին

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ադրբեջանում ակտիվացել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելու արշավը։ Այսպես, քաղաքական թեմաներով իր երգիծական երգերով հայտնի դարձած ադրբեջանցի կատակերգու Ազիզ Ալիևը Հանրային հեռուստատեսությամբ դուետով հանդես է եկել Արցախում ռուս խաղաղապահների մասին երգով՝ հայտնի «Смуглянка»-ի մոտիվով։

Երգի փոփոխված տեքստում կատակերգու դերասանն ու նրա գործընկերը երգում են այն մասին, թե իբր խաղաղապահները չեզոքություն չեն դրսևորում և հայերի կողմից են։

Հիշեցնենք, ավելի վաղ Ադրբեջանի Հանրայինով նույն Ալիևը հանդես էր եկել երգչախմբի հետ՝ այդ ժամանակ ծաղրելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով իր վերջին ելույթներից մեկում աջակցող խոսքեր էր ասել Հայաստանի և Արցախի մասին։ Նույնկերպ ադրբեջանցին ծաղրական երգ էր նվիրել Իրանի ԱԳ նախարարին և Նիկոլ Փաշինյանին՝ հայ-իրանական բարեկամության ամրապնդման վերջին իրողություններից հետո։