Անմեղ մարդը դատապարտվել է 10.5 տարվա ազատազրկման

Անմեղ մարդը դատապարտվել է 10.5 տարվա ազատազրկման

Մարտի 20-ին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հրապարակեց Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռը։ Սեֆիլյանը դատապարտվեց 10,5 տարվա ազատազրկման։

Դատարանն նրան այդպես էլ հնարավորություն չտվեց հայտարարություններ ու միջնորդություններ անել, Սեֆիլյանը զրկվեց անգամ ցուցմունք տալու հնարավորությունից, քանի որ դատարանը թույլ չէր տալիս նստած տեղից խոսել, իսկ նա էլ, ի նշան բողոքի, ոտքի չէր կանգնում։

Հայաստանի իրական ողբերգությունն արդարադատության չգոյության մեջ է: Անշուշտ Սեֆիլյանը քաղբանտարկյալ է և տարիներ հետո սերունդները կարձանագրեն, որ 2018 թ. մարտի 20-ին, քաղաքական հաշվեհարդարի արդյունքում կյանքի է կոչվել Հայաստանի պատմության ամենաանարդար դատավճիռներից մեկը: Անմեղ մարդը դապարտվել է 10.5 տարվա ազատազրկման:

Անվստահությունն արդարադատության նկատմամբ նշանակում է, որ մարդկանց գիտակցության մեջ պետություն, որպես այդպիսին, գոյություն չունի կամ էլ դրա վերաբերյալ պատկերացումները չափազանց աղճատված են: Իսկ երբ գիտակցական տիրույթում պետությունն արժեզրկվում է, ապա վաղ թե ուշ ճանաչողության արդյունքում ի հայտ եկած գնահատականը տեղափոխվում է գործնական տիրույթ և մարդիկ պետության գոյության ճշմարտացիությանը արդեն սկսում են կասկածել իրենց վարքագծով: Կա՛մ հեռանում են կա՛մ էլ բոյկոտում համակեցական կյանքի գրեթե բոլոր կարևոր դրսևորումները, ասում են՝ չենք հավատում, թքած ունենք և դրա համար էլ անտարբեր ենք, ինչ ուզում եք արեք:

Տեսեք, եթե Հայաստանում ապրող որևէ գյուղացու հարցնենք, թե ինչո՞ւ են Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 10․5 տարվա ազատազրկման, ապա կհնչեն մոտավորապես հետևյալ պատասխանները. «արդարություն չկա, ամեն ինչ որոշված ա, մինչև վերջ պետք ա փակեն»: Սրանք պատահական պատասխաններ չեն, համոզված եղեք, որ բնակչության ճնշող մեծամասնությունը կտար հենց այսպիսի գնահատականներ դատական գործընթաց կոչվող այն կրկեսին, որն իրականում ակնհայտ քաղաքական հաշվեհարդար էր:

Այսինքն գյուղացու գիտակցության մեջ արդեն իսկ արմատավորվել է այն ճշմարտությունը, որ քաղաքական հաշվեհարդարն օրինաչափ պրակտիկա է և արդարադատությունը նախատեսված է հենց դրա համար: Փաստորեն անհատն այլևս չի հավատում պետության գոյությանը, իհարկե այդպիսի հայտարարություն չի անում, բայց փիլիսոփայական տեսանկյունից նրա ճանաչողության տիրույթում գաղափարն այդ աստիճանաբար հալվում է ու արժեզրկվում:

Դրա համար մի զարմացեք, երբ Հայաստանի քաղաքացիները տարերայնորեն հանձնվում են եվրոպական ճամբարներ, ավելին՝ գյուղացիների մի զգալի մասը իրենց ավելի շատ ասոցացնում են Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի հետ:

Մարդկանց գիտակցության մեջ պետության գաղափարի արժեզրկումը մեկ կամ երկու օրվա ընթացքում չի լինում և ոչ էլ պետք է դա մեծ բումի դրսևորմամբ պատկերացնել:

Երբեմն հայրենասիրական պոռթկումներ են լինում, քոչարի են պարում, թուրք սպանելու ցանկություն հայտնում, բայց ամենն այս պատրանքի արդյունք է: Հայրենասիրությունն էլ զգացմունքային ինչ-որ ակնթարթային, եթերային ջղաձգում է և՝ ոչ ավելին, օրգազմի պես:

Փաստը մնում է փաստ, որ տարիների ընթացքում արդարադատության, սոցիալական արդարության բացակայության պայմաններում մարդիկ այլևս չեն հավատում Հայաստանի գոյությանը:

Քանի դեռ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, պետությունը զարգացման որևէ հեռանկար ունենալ չի կարող: Ճիշտ է, մարդիկ վարքագծով ներկայումս անտարբեր են այդ փաստի նկատմամբ, բայց դա էական չէ: Միևնույնն է, նրանց գիտակցությանը հասնում են քաղաքական հաշվեհարդարի արատավոր ազդակները՝ ենթագիտակցական տիրույթում հուշելով, որ հաջորդը կարող եք դուք լինել, ինչու չէ՝ հենց դու: Վաղը կգան նաև քո ետևից:

Չհավատալ Հայաստանի արդարադատությանը, նշանակում է չհավատալ նաև Հայաստանի անկախությանը, քանի որ արդարադատությունը համակեցության մեխն է, բնականոն կյանքի երաշխավորը: Առանց դրա ո՛չ անկախությունն իմաստ ունի և ո՛չ էլ պետությունը:

Մնացյալ բոլոր դրամատիկ ձևակերպումները կեղծ են ու արհեստական: