Բերդավանի երաժշտական դպրոցում տեղադրվել է արեւային ջրատաքացուցիչ

Բերդավանի երաժշտական դպրոցում տեղադրվել է արեւային ջրատաքացուցիչ
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել հեռավոր, սահմանամերձ գյուղերն ու հնարավորինս աջակցել համայնքներին՝ առկա խնդիրների լուծման հարցում: «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում հերթական ծրագիրն է իրականացվել Տավուշի մարզի Բերդավան գյուղում: Գարիկ Ալեքսանյանի անվան երաժշտական դպրոցում տեղադրվել է արեւային ջրատաքացուցիչ։



Համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Բերդավանի երաժշտական դպրոցի տնօրեն Մարինե Նասիբյանը։



«Հայաստանի եղանակային պայմաններն այնքան բարենպաստ են այս ծրագրի համար, որ դրանից չօգտվելն ուղղակի մեծ բացթողում կլիներ: Դեռեւս 2014 թվականին գործընկեր կառույցի հետ սկսեցինք իրականացնել «Այլընտրանքային էներգիա» նախագիծը՝ սահմանելով հստակ նպատակ. թեթեւացնել գյուղական համայնքների բեռը` բնապահպանական եւ ժամանակակից լուծումներով: Այսօր կանդրադառնամ նախագծով իրականացվող ծրագրերից միայն մեկին՝ ջեռուցման այլընտրանքային համակարգերի գործարկմանը: Չորս տարվա ընթացքում մեզ հաջողվել է այդպիսի համակարգ գործարկել 11 գյուղում: Աջակցության թիրախում ընդգրկված համայնքները, որոնց թվում գերակշռում են սահմանամերձ բնակավայրերը, արդեն իսկ զգում են ծրագրի արդյունավետությունը. կա ծախսերի կրճատում: Բնակչի գոհունակությունը կատարված աշխատանքի ամենակարեւոր ցուցանիշն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Համակարգի գործարկման արդյունքում երաժշտական դպրոցում ջեռուցումն արդեն իսկ իրականացվում է բացառապես արեւային ջրատաքացուցիչի միջոցով: Իրականացված ծրագրի արդյունավետությունը կարելի է գնահատել ոչ միայն բնապահպանական, այլեւ տնտեսական տեսանկյունից: Համակարգը թույլ կտա 40%-ով կրճատել ջեռուցման համար նախկինում ծախսվող միջոցները:



Սա գործընկեր կառույցների ջանքերով Բերդավանում իրականացված արդեն երրորդ ծրագիրն է։ Դեռեւս 2016թ. աշնանը գյուղում տեղադրվել էր 175 LED լուսարձակ՝ լուսավորելով 5425 մ երկարությամբ տարածք։ Ծրագրի երկրորդ փուլով, անցյալ տարի էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացվել է եւս 27-ով, ինչի արդյունքում լուսավորվել է հիմնական փողոցների մնացած 900 մ-ն: Երկու ծրագրի արդյունքում, ընդհանուր առմամբ, տեղակայվել է 202 LED լուսարձակ եւ լուսավորվել 6325 մ երկարությամբ տարածք: