Տղամարդու խոսքը՝ «տղավարի» խախտածների մասին

Տղամարդու խոսքը՝ «տղավարի» խախտածների մասին
Լուսահոգի Այդին Մորիկյանը մի թեւավոր խոսք էր սիրում կրկնել. «Քանի խոսքդ բերանիցդ դուրս չի եկել, դու ես խոսքիդ տերը, հենց խոսքը բերանիցդ դուրս հանեցիր, խոսքն է քո տերը»: Այսինքն՝ երբ քո որեւէ խոսք ու խոստում արդեն հանրության սեփականությունն է, այդ պահից սկսած՝ խոսքի հեղինակն իր խոսքի գերին է՝ ամեն ինչ պիտի անի, որ այն ի կատար ածվի: Ընդդիմադիր որոշ գործիչներ հանրային ուշադրությունն արդեն տեւական ժամանակ է՝ բեւեռել են Սերժ Սարգսյանի տարիներ առաջ տված խոստման վրա, ըստ որի՝ խորհրդարանական կառավարման մոդելի անցման պարագայում ինքը չի հավակնի ո՛չ ՀՀ հաջորդ նախագահի, ո՛չ վարչապետի, ո՛չ էլ ԱԺ նախագահի պաշտոնին: Բեւեռելը քիչ է՝ ելք են փնտրում նրա՝ վարչապետ դառնալու անվրդով կամպանիան տապալելու համար: Ընդդիմադիրների հույսն այն է, թե համընդհանուր բարոյական ճնշման ներքո Ս. Սարգսյանին «կկոտրեն», կստիպեն չվերանայել տված խոստումն ու հեռու կպահեն վարչապետի պաշտոնն ստանձնելու մահացու մեղքից:



Սակայն, ի մի բերելով նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման անցած երկարուձիգ տարիները, որոնք բավարար փաստական հիմք են եզրահանգումներ անելու համար, ընդդիմադիրները պետք է գլխի ընկնեին, որ Սարգսյանն այն գործիչն է, ով միշտ անհետեւողականություն է ցուցաբերել իր տված խոստումներն իրագործելու հարցում: Ավելին՝ նա իրեն շրջապատել է այնպիսի մարդկանցով, որոնք, բացի այն, որ գաղափարական «ուղղիչ աշխատանքների» են ենթարկվել, այլեւ տառապում են քաղաքական ամնեզիայով՝ կրկնելով Սարգսայնի ֆենոմենը՝ կամենալը դեռ չի նշանակակում կարենալ, խոստանալ՝ դեռ չի նշանակում «պեչատել»: Ավելին՝ նրանք, ժամանակ առ ժամանակ բուժվելով այդ հիվանդությունից, այնուամենայնիվ, բախվել են հիվանդության կրկնման ու խորացման փաստին՝ ռեցիդիվին: Եվ հիմա, երբ Սերժ Սարգսյանը տեր չլինի իր տղամարդու, նույնիսկ «տղավարի» ասած խոսքին ու ստանձնի վարչապետի պաշտոնը, ո՞վ է լինելու նրան բարոյախրատական հորդորներ տվողը, նրան իր խոսքը չհարգելու համար առաջինը քարկոծողը (չնչին բացառությունները չհաշված):



**ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյա՞նը**, ով 2007 թ․ ԱԺ ընտրությունների ժամանակ, կանխատեսելով Ս. Սարգսյանի նախագահությունը, հայտարարել էր. «Երբ Սերժը դառնա նախագահ, ապա մեզանում կհաստատվի մոնոպոլ իշխանություն, որի նմանը Հայաստանը դեռ չի տեսել: Հայաստանը կդառնա անհեթեթ մի պետություն, որի երեկոյան բանասիրականն ավարտած նախագահը պիտի բանակցություններ վարի Անդրկովկասի մյուս ազդեցիկ ղեկավարների՝ ՄԳԻՄՕ ավարտած, թագավորական ընտանիքում ծնված Ի. Ալիեւի եւ միջազգային կրթություն ստացած ու միջազգային լավ կապեր ունեցող Սահակաշվիլու հետ: …Բոլոր նրանք, ովքեր քվեարկելու են Սերժ Սարգսյանի օգտին, քվեարկելու են պատերազմի համար»: Ասուլիսից մոտ մեկ տարի անց Վ. Մանուկյանին Ս. Սարգսյանը նշանակեց Հանրային խորհրդի նախագահ՝ նպաստելով հիշողության կորստի խորացմանը:



**ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան** 2015 թ. փետրվարյան ահեղ դիմակայության բոլոր էպիկական դրվագները, վստահ ենք, հանրության հիշողության մեջ թարմ են: Թե ինչպես էին ՀՀԿ-ականները, իրենց առաջնորդի հետ, քաղաքական բանավեճն իջեցրել մականուններ հոլովելու մակարդակի: «Մարդիկ պետք է հիշեն, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ: Ոչ մի պաշտոն ցմահ չէ: Եվ եթե պետության զարգացումը, պետության անվտանգությունը պահանջում են իշխանության փոփոխություն, ուրեմն այդպես էլ պետք է լինի»: «Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը»: Սրանք Գագիկ Ծառուկյանի հնչեցրած խոսքերն են, որոնք, սակայն, այդպես էլ գործողության չվերածվեցին:



**Սերժ Սարգսյանին խոստումնազանցության մեջ մեղադրողը մի՞թե պետք է լինի ՀՅԴ-ն**, որը քաղաքական «չաթլախությունն» արդարացնելու ու ասված խոսքից հետ կանգնելու մոտ 130-ամյա ավանդույթներ ունի, մոտավորապես այդքան էլ՝ հնար ու ճար (չծանրանք դրանք թվարկելու վրա):



**Նույնիսկ այլեւս նախկին դեսպան Արմեն Սարգսյան**ը տեր չկանգնեց իր խոսքին, նա, ով 2010-ին հայտարարել էր, թե որեւէ հետաքրքրություն չունի քաղաքականությամբ զբաղվելու Հայաստանում եւ հավատում է, որ երկրին կարելի է օգտակար լինել ոչ միայն պատկանելով այս կամ այն քաղաքական կուսակցությանը կամ լինելով պաշտոնյա կամ ոչ պաշտոնյա, այլեւ այդ բոլորից զերծ մնալ եւ միաժամանակ օգնել երկրին: Սարգսյանը 8 տարի անց, սակայն, վերանայեց դիրքորոշումն ու իր օգտակարությունը հայրենիքին ցուցաբերեց Սահմանադրության խախտմամբ նախագահ ընտրվելով:



Տղամարդու իրենց խոսքը չհարգածների ու կուլ գնացածների ցանկն անվերջ է ու առաձգական, որում չենք կարող չհիշատակել իշխանության «հաճախորդներին», «դատարկ դհոլներին», իրենց շառը քաշած ու դեսպանի կարգավիճակում հեռու կամ մոտիկ երկրներ գործուղվածներին եւ այլոց: Այդքանից հետո իմաստ ունի՞ հայ քաղաքական այրերի «տղամարդու խոսքի» գնի շուրջ «բազարներ» անելը՝ իմանալով, որ գինն այդ որոշվում է քաղաքական բորսայում ընթացող սակարկությունների արդյունքում եւ գրեթե միշտ սահմանվում է տարադրամի տվյալ օրվա փոխարժեքով։



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**